Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմաքս» առեւտրի ցանցում զգալի կրճատվել է առեւտուրը․ օրենքով բացառություն կսահմանվի

Նոյեմբեր 28,2022 11:36

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած լրացումների նախագծի համաձայն՝ օրենքով նախատեսված սահմանափակման առնչությամբ բացառություն կնախատեսվի։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում Բաբկեն Թունյանը հայտարարեց․ «Նախագիծը հետաձգել եմ, ուստի բովանդակային կանդրադառնամ այլ քննարկումների ժամանակ։ Հիմնական նպատակն է 300 հազար դրամից ավելի գործարքների դեպքում անկանխիկ վճարումների պահանջի սահմանափակումը վերացնել «Անմաքս» խանութների համար»։

Պատգամավորն առաջարկն այսպես է բացատրում․ «Նախ, ըստ տրամաբանության, «անմաքս» առեւտրի խանութներն այսօր փաստացի տարբեր առումներով գործում են բացառությունների դաշտում։ Դրանից բացի, կարողանում են նաեւ եվրո ու այլ արժույթներ ընդունել։ Լինի ծխախոտի մասին օրենք, թե այլ, իրենք փաստացի դուրս են գտնվում ՀՀ մաքսային տարածքից։ Նախագծի պատճառն այն է, որ այդ խանութներում մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը՝ նախորդ մեկ տարում մեծ ծավալի առեւտուր է եղել՝ հիմնականում կանխիկ եղանակով։ Վաճառվել են հիմնականում հայկական ապրանքներ, խմիչք»։

Բաբկեն Թունյանի խոսքով՝ այդ ապրանքները հիմնականում գնել են նրանք, ովքեր ՀՀ-ից մեկնում են ՌԴ․ «Այսինքն` նրանք, ովքեր ունեն քարտերի հետ կապված խնդիրներ, եւ գուցե կանխիկով առեւտուր անելն իրենց համար ավելի ձեռնտու է։ Փաստն այն է, որ այսօր այդ առեւտուրն անգամներով նվազել է։ Կարծում եմ՝ այս սահմանափակումը եթե վերացնենք, չենք շեղվի անկանխիկ գործառնությունների նպատակից, որովհետեւ այստեղ այլ բանի մասին է խոսքը։ Կառավարության հետ մի քանի բաներ պետք է վերջնական քննարկվեն, ուստի առաջարկում եմ նախագիծը երկու ամսով հետաձգել, բայց առաջիկայում հանձնաժողովի արտահերթ նիստով քննարկել»։

Հիշեցնենք, որ 2022 թ. հուլիսի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ըստ որի` 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ստացել է բազմաթիվ բողոքներ, առաջարկություններ, դիտարկումներ:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930