JAMnews. Մի քանի օր է, ինչ Երևանն ու Բաքուն հեռակա կարգով քննարկում են Լաչինի միջանցքի թեման։ Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է՝ հայկական կողմն այն օգտագործում է «իր տարածք ականներ տեղափոխելու» և «Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով»։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի համոզմամբ՝ այս կերպ Բաքուն փորձում է կեղծ հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքի հարցը վիճարկելու համար։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի գնահատմամբ՝ նման հայտարարություններով Բաքուն հետապնդում է բազմաթիվ նպատակներ, որոնց շարքում է նաև, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստանալը։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան սովորական շանտաժ։
«Ունենալով այդ լծակը՝ Ադրբեջանը փորձ է անում ճնշում բանեցնել Հայաստանի իշխանության վրա, շանտաժի ենթարկել՝ եթե չկատարես իմ պահանջները, կարող եմ այս պատրվակով վերջ դնել Լաչինի միջանցքի գոյությանը»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա։
Կարդացեք նաև
Հարցին՝ արդյո՞ք ճնշում գործադրելու նպատակը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստանալն է՝ փորձագետը պատասխանել է․ Բաքուն հետապնդում է մի շարք նպատակներ։
Հովհաննիսյանի դիտարկմամբ, դրանք են՝
ցույց տալ, որ խաղաղապահ ուժերը չեն տիրապետում իրավիճակին, այն ուժերը չեն, որոնք կարող են վերահսկողություն սահմանել Լաչինի միջանցքի վրա, այսինքն՝ շանտաժի ենթարկել ոչ միայն Հայաստանին, այլև ՌԴ-ին,
Հայաստանի տարածքով և որոշակի կարգավիճակով ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան,
որոշակի սահմանափակումներ մտնցել Լաչինի միջանցքով երթևեկող մեքենաների նկատմամբ։
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Ալիևը փորձում է այս կերպ արդարացնել նաև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի չստորագրումը՝ մեղքը բարդելով «դեռևս չլուծված հարցերի» վրա։
Վերադառնալով Լաչինի միջանցքի շուրջ հնարավոր զարգացումներին՝ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը կարող է չթույլատրել բեռնատարների տեղաշարժը։
«Բաքուն կարող է ասել՝ դա ոչ նպատակային եմ համարում, որովհետև բեռնատարներով հնարավոր է, օրինակ՝ զենք-զինամթերք տեղափոխել։ Պարզ ու հասկանալի է, որ բեռնատարների չթույլատրման դեպքում, ըստ էության, կտրվում է կապը Արցախի հետ»,- շեշտել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: