Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծանր վիրավորանքի» գործով դատարանը արդարացման վճիռ է կայացրել

Նոյեմբեր 28,2022 14:30

«Թեեւ միջնորդել էի, որ պաշտպանյալիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի եւ քրեական գործի վարույթը կարճվի՝ արարքի ապաքրեականացման հիմքով, դատարանը, այնուամենայնիվ, որոշեց պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ եւ արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործը արդեն գտնվում է դատաքննության փուլում, մեղադրողը համաձայնվելով իմ կողմից ներկայացված միջնորդության հետ, փաստացի հրաժարվել է մեղադրանքից։ Դատավոր Ղուկեյանի կողմից կայացված այս հերթական արդարացի դատական ակտի պատճառաբանությունները կարեւոր եւ ուղղորդող նշանակություն ունեն առավելապես քրեական արդարադատության փոփոխությունների ներկայիս շրջանում։ Անչափ շնորհակալ եմ կարեւոր դատական ակտի համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Լենա Բադալյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը:

Լենա Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել «Ծանր վիրավորանքի» հոդվածով, այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերին Հրազդան քաղաքում տան բակում եղբոր կնոջ՝ Ս.Հ.-ի հասցեին հնչեցրել է «հայհոյանքներ՝ վերջինիս հասցնելով ծանր վիրավորանք»:
Գործը դատարան էր մուտքագրվել 2021թ. դեկտեմբերից:

2021 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում ստացվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկված թիվ 49173521 քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Լենա Բադալյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ դատարանի՝ գործի նյութերում բացակայել են վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործի վարույթը կասեցնելու, քրեական գործը մեղադրողին վերադարձնելու կամ ըստ ընդդատության ուղարկելու առերեւույթ հիմքերը: Դատավոր Դիանա Ղուկեյանը քննարկելով Լենա Բադալյանի նկատմամբ 2021 թվականի նոյեմբերի 17-ին ընտրված խափանման միջոցի հարցը` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը, որոշել է՝ հիմնավորված է, հետեւաբար, այն պետք է թողնել անփոփոխ: Նշենք, որ նախաքննության ընթացքում Լ.Բադալյանը հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից:

Այս քրեական գործով դատական անդրանիկ դռնբաց քննությունը նշանակվել էր 2022թ. հունվարի 3-ին, ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյան քաղաքի նստավայրում:

Վերջերս՝ նոյեմբերի 7-ին դատավոր Դ. Ղուկեյանի կողմից կայացված որոշմամբ վերացվել է խափանման միջոցը, պարտավորեցվել է այս գործով դատախազին հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին, առաջադրված մեղադրանքում նրան ճանաչել անպարտ եւ արդարացված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930