Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի ուզում 21-րդ դարում պատմել հին աստվածներից»

Նոյեմբեր 28,2022 13:00

Նարինե Գրիգորյանը Լեւոն Շանթի դրամայից բալետային լիբրետո է «ձուլել»

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին եւ 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի։ Ի դեպ, սա համաշխարհային պրեմիերա է, քանի որ բեմադրությունն ամբողջովին նոր է եւ ըստ էության առաջին անգամ է բեմադրվում։ 1909թ. Լեւոն Շանթի գրած այս դրամային ժամանակին անդրադարձել են հայաստանյան դրամատիկական թատրոնները, օրինակ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Հին աստվածները» շուրջ 20 տարի եղել է խաղացանկում՝ մինչեւ 2017թ.։ Վերջերս «Առավոտը» ներկայացրել էր հարցազրույց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հետ, որտեղ նա մասնավորապես ասել էր, որ բալետը գրվել է տարիներ առաջ, նույնիսկ խորեոգրաֆ Վիլեն Գալստյանը նախաձեռնել եւ սկսել էր բեմադրության փորձերը, բայց այդպես էլ ավարտին չի հասցվել՝ մաեստրոյի երկրային կյանքից հեռանալու պատճառով։ Կոմպոզիտորը տեղեկացրել էր, որ կայանալիք ներկայացման բեմադրող խորեոգրաֆն է Արա Ասատուրյանը, լիբրետոյի եւ գեղարվեստական գաղափարի հեղինակը՝ Նարինե Գրիգորյանը, իսկ բեմադրության երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Կարեն Դուրգարյանն է։ Կոմպոզիտորի ձեւակերպմամբ, ստեղծագործական թիմը գեղեցիկ, անսովոր մի բան է հանձնելու հանդիսատեսի դատին։

«Առավոտը» հանդիպեց սիրված դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին։ Մեր զրուցակցին հիշեցրինք, որ մեզ հետ վերջին հարցազրույցում, որը ընթացիկ տարվա սկզբներին էր, ասել էր, թե օպերային ներկայացում՝ ոչ, բայց պարային կամ բալետային ներկայացում հաճույքով կբեմադրի, թեեւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ինքը միայն երկար մտածելուց հետո է ընդունել լիբրետոն գրելու առաջարկը։ Կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեցինք, թե հավանաբար նոր «դերում» հանդես գալուն նպաստել է ինչ-որ ձգողական ուժ, մանավանդ որ՝ «Հին աստվածները» վերանվանել է «Ձգողականություն»։ «Հանճարեղ դրամատուրգի այս գործը, ինչպես գիտեք՝ ներկայացնում է հեթանոսական ժամանակները, իսկ ես չէի ուզում 21-րդ դարում պատմել կամ ներկայացնել հին աստվածներին։ Մեր օրերում մենք այլ խնդիրների առջեւ ենք կանգնած, մենք հիմա պետք է շատ ավելի միասնական լինենք՝ նաեւ հավատի մեջ։ Չմոռանանք, որ հեթանոսական ժամանակներում բնության պաշտամունք կար, այն բնությունը, որը ստեղծել է Արարիչը եւ հենց ինքը՝ բնությունը շատ բան է հուշում Արարչի մասին։ Վերնագիր ընտրեցի «Ձգողականություն»-ը նախեւառաջ այն բանի համար, որ աբեղան փրկելով կնոջը, զգաց նրա թաց մարմինը եւ նրա մեջ արթնացավ բնությունը… ու ձգվեց դեպի կինը։ Ի վերջո, ձգողականությունը նաեւ բնության ուժն է»,- պատասխանեց Նարինե Գրիգորյանը։

Նա հավաստիացրեց, որ լիբրետոն ստեղծելիս միակ անհանգստությունն է եղել չկորցնել այս ստեղծագործության հոգեբանական շերտերը, որ այն չդառնա մի պարզունակ մելոդրամա։ Հավելեց նաեւ, թե լիբրետոն ստեղծելիս ոչ թե զուտ գրական աշխատանք է տարել, այլ գիտական աշխատանք՝ մաթեմատիկական հաշվարկներով, գրաֆիկայով շաղախված։ Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ մարդը պետք է միշտ կարողանա բազմաթիվ հակասությունները հավասարակշռել իր մեջ, որպեսզի չընկնի ծայրահեղությունների որոգայթը, հատուկ շեշտելով. «Մենք շատ ենք ընկնում ծայրահեղությունների մեջ. զգացմո՞ւնք, թե՞ միտք, սե՞ր, թե՞ հավատ, խավա՞ր, թե՞ լույս։ «Հին աստվածներում» հեղինակը այս հարցադրումներն է դնում եւ կերպարները ընկնում են ծայրահեղությունների մեջ։ Մենք էլ ենք, չէ՞, հայտնվում նման իրավիճակներում, այն էլ հաճախ։ Մինչդեռ բնության մեջ այդ հակադրությունները կողք կողքի են եւ պետք է ընդամենը գիտակցել, որ դա հենց բնության օրենքն է։ Այո, կյանքն էլ է այդպիսին եւ յուրաքանչյուր դրսեւորում պետք է ընդունել իբրեւ բնության դրսեւորում, օրինաչափություն»։

Նարինե Գրիգորյանին խնդրեցինք պրեմիերայից առաջ հակիրճ ներկայացնել բալետի լիբրետոն։ «Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան։ Կնոջը գրկած վանականը չի կարողանում մոռանալ թաց մարմինը, ծովի հետ կռիվը, բնության տարերքը… Բնությունը ձգում է նրան։ Աբեղան կանգնում է երկընտրանքի առաջ. ասկետի՞կ, թե՞ լիարժեք կյանք։ Վանահայրը իր սրտի ցանկությունը խեղդում է մտքի, կամքի ուժով եւ որոշում քանդել եկեղեցին ու շինել նորը… Ծովը կանչում է նրան։ Նա տրվում է կանչին ու փնտրում իր ազատությունը, ձուլվում է բնության հզոր գեղեցկությանը… Կույր վանականը շշուկներ է լսում՝ իզուր հանեցիր աչքերդ, իզուր…»։

Տեղեկացնենք, որ Շանթի «Հին աստվածներին» ժամանակին անդրադարձել են կոմպոզիտորներ Անուշավան Տեր-Ղեւոնդյանը եւ Գեւորգ Արմենյանը։ Իսկ թե ինչու երկու հեղինակների օպերաները չեն բեմադրվել, ինչպես ասում են՝ այդ մասին պատմությունը լռում է։ Մեզ հաջողվեց պարզել միայն, որ Տեր-Ղեւոնդյանը իր օպերան անվանել է «Սեդա», իսկ գլխավոր դերում տեսել Գոհար Գասպարյանին, ավելի ճիշտ՝ նրա ձայնը։ Ասում են, թե Սեդայի արիան այնքան է դուր եկել երգչուհուն, որ նա նույնիսկ պարապելիս անչափ հուզվել է ու նրան ոգեւորելու համար խնդրել են Վահրամ Փափազյանին՝ հաճախ գալ Գոհար Գասպարյանի բնակարան, ընթերցել հատվածներ «Հին աստվածներից» ու հատկապես «իջեք, իջեք երազներ…» հայտնի տողերը, որը երգչուհին շատ էր սիրում։ Իսկ Գեւորգ Արմենյանի «Հին աստվածների» մասին պարզեցինք, որ կոմպոզիտորը մի անգամ նախաձեռնել է այդ օպերայի ստեղծումը, հետո թողել, որոշ ժամանակ անց նորից անդրադարձել։ Այդ որոնումների ընթացքում նա ձգտել է հայտնաբերել օպերային ու բալետային ժանրերի սինթեզման ուղիներ։ Իսկ թե ավարտե՞լ է օպերան, հայտնի չէ։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930