Լույս է տեսել «Գրական Արցախի» հերթական համարը
Լույս է տեսել «Գրական Արցախ» պարբերականի առաջին համարը, որի շապիկին տեղ է գտել գեղանկարիչ Մհեր Չատինյանի կտավներից մեկը։ Պարբերականն արդեն չորս տարի է՝ գրական դաշտում գործունեություն է ծավալում։
«Քանի որ ե՛ւ ես, ե՛ւ «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը տեսնում էինք այսօրինակ գրական մամուլի բացը, ցանկացանք անպայման նման նախաձեռնությամբ հանդես գալ»,-մեզ հետ զրույցում նշեց պարբերականի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանը, ավելացնելով, որ պարբերականում հրատարակվում են Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում ապրող ու ստեղծագործող հեղինակների ստեղծագործությունները։
Հարցին՝ ի՞նչ խնդիրների են բախվել գործունեության ընթացքում, զրուցակիցս պատասխանեց. «Տպագրության լուրջ խնդիր ունենք, չենք ստացել եւ չենք ստանում պետական աջակցություն»։ Ժամանակին մի քանի անգամ դիմել են Արցախի ԿԳՄՍ նախարարություն, բայց մերժել են` ասելով, որ աջակցում են միայն գիտական աշխատությունների հրատարակմանը։
«Գրականությունն ինչ-որ բան ստեղծելու կամ գտնելու, ազատության ճանապարհ է։ Այստեղ հարաբերվում են բառն ու կյանքը,-ասում է զրուցակիցս, հավելելով,- «Գրական Արցախի» այս համարում տեղ գտած արձակ եւ չափածո ստեղծագործությունները խոսում են իրական լեզվով, լռում մարդու պես, դառնում քոնը, խառնվում ներսիդ սպասումներին, ենթագիտակցությանդ, տեղափոխում մի քննելի իրականություն, եւ դու հայտնվում ես որոնումների մեջ»։
«Գրականությունն այն արվեստի տեսակն է, որը միանգամից տվյալ ժամանակի ու տարածության հարթությունում կատարվող ամեն ինչ վավերագրման եղանակով իրացնում է։ Սակայն մատուցման տարբերակներն են տարբեր։ Պետք է անընդհատ փնտրել, գտնել, կարդալ նորը եւ այլ տեսանկյունից նայել մարդկանց ու աշխարհին։ Գրական մշակույթն ամենակարեւորներից է, որը պետք է լույսի պես պահել»,-նշեց զրուցակիցս։
Նրա խոսքով` համարը պատրաստելիս անընդհատ մտորումների մեջ էր. ինչո՞ւ է մեր ժամանակակից գրականության բնավորությունն այսպիսին։ Ասում է՝ պատասխանները շատ են, հարցերն` ավելի շատ։ Կարծում է՝ ճիշտն այն է, որ յուրաքանչյուրս գտնենք մեր հարցերի պատասխանները, թեեւ վստահ է, որ դարձյալ հարցերը կգերազանցեն…
ԻԶԱ ԱՍԾԱՏՐՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժնի 4-րդ կուրսի
ուսանողուհի
«Առավոտ» օրաթերթ
26.11.2022