Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր գիրք հուշարձանների մասին, բացառիկ վավերագրեր եւ ուշագրավ փաստեր

Նոյեմբեր 28,2022 12:00

Արմեն Ասատրյանի աշխատությունը՝ «Հուշարձանների ուսումնասիրությունը Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներին»

Լույս է տեսել Արմեն Ասատրյանի «Հուշարձանների ուսումնասիրությունը Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներին» աշխատությունը: Գրքում տեղեկություններ կան Խորհրդային Հայաստանում 1920-ական թվականներին հնագիտական եւ պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության մասին: Ներկայացված են նաեւ այդ տասնամյակում ընդունված հուշարձանների պահպանության մասին օրենքներն ու որոշումները:

Գրքում ընդգրկված են Հայաստանի ազգային արխիվի մի շարք վավերագրեր եւ նյութեր: Գիրքը նախատեսված է հնագետների, պատմաբանների, հուշարձանագետների եւ հնություններով հետաքրքրվողների համար:

«Հուշարձանների պահպանությունը բոլոր ժամանակներում համարվել է ազգանվեր ու ազգանպաստ գործ, քանի որ ազգային մշակույթը որոշվում է ոչ միայն նրա ստեղծած մնայուն արժեքներով, այլեւ՝ թե ինչպես է պահվում, պահպանվում ազգի ստեղծածը: Ուստի հայ ազգը մեծ նշանակություն է տվել մնայուն արժեքների, այդ թվում՝ հուշարձանների պահպանությանը:

Հուշարձանների պահպանությանը, դրանց ավերակ վիճակին ու ուսումնասիրության անհրաժեշտությանը մեծ չափով անդրադարձել են հայ մշակույթի շատ ու շատ նշանավոր գործիչներ: Նրանք, լավ գիտակցելով Հայաստանի պատմական հուշարձանների արժեքն ու նշանակությունը, շատ դեպքերում մեծ վշտով են արձանագրել դրանց անմխիթար, քայքայված ու կործանված վիճակը, մարդկանց ավերիչ ներգործությունը: Ուստի հուշարձանների պահպանության գործը սկսեցին գլխավորել եւ իրենց եռանդուն ջանքերով օժանդակեցին հայ մշակույթի մի ամբողջ շարք ականավոր դեմքեր՝ Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը, Հովսեփ Օրբելին եւ ուրիշներ»,-նշված է գրքի առաջաբանում:

Հեղինակը գրում է, որ մեր պատմիչներն իրենց գրվածքներում, պատմություն-հիշատակարաններում արծարծել են հուշարձանների նկարագրությունը, դրանց ուսումնասիրության նշանակությունը եւ ընդօրինակել են բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, գրի առել հուշարձանների մասին ավանդապատումներ, զրույցներ եւ այլն: Եվ շատ եկեղեցիների կառուցման, նորոգման մասին մեզ են հասել չափազանց կարեւոր տեղեկություններ:

«Հուշարձանների անխոնջ ուսումնասիրողներից է եղել բանաստեղծ, եկեղեցական գործիչ Գրիգոր Օշականցին (1757-1799 թթ.): Նա 1795-1799 թթ. շրջել է Արեւմտյան Հայաստանում, ուսումնասիրել պատմական հուշարձանները, գրի առել բերդերի, աշտարակների, եկեղեցիների արձանագրությունները եւ այլն: Դեռեւս 1823 թ. նոյեմբերի 10-ին Ներսես Աշտարակեցին Հաղբատից Անտոն արք. Մուղնեցուն պատվիրում է նվիրական շրջագայությունների ժամանակ հոգածու լինել նաեւ հին գրքերի ու դրամների հավաքման համար: Հայտնի է, որ 1825 թ. հոկտեմբերին ոսկյա եւ արծաթյա դրամներ հայտնաբերել է Սանահնի վանքի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոսը՝ Սբ Սարգիս փոքրիկ վանքի մոտ:

Հայկական հնություններով հետաքրքրվել են նաեւ 1825 թ. Կովկաս աքսորված դեկաբրիստները: 1828 թ. Եվգենի Լաչինովը գրել է. «Երեւանի մարզում (Հայկական մարզ- Ա. Ա.) կան հեռավոր հնությամբ սրբացված շատ հուշարձաններ: Այս երկրի պատմությունը շատ հետաքրքրական է, բայց ժամանակ եւ միջոցներ են հարկավոր վերցնելու նրան ծածկող վարագույրը»,-նշված է աշխատության մեջ:

Ի թիվս այլնի, հեղինակը նշում է. «Հայտնի է, որ 1846 թ. Խաչատուր Աբովյանը Երեւանի գավառական դպրոցին կից ստեղծում է Հայկական հնությունների կաբինետ, որն Այսրկովկասում առաջին թանգարանն էր: 1858 թ. Մկրտիչ Խրիմյանը, նշանակվելով Վարագա վանքի առաջնորդ, տեղում հիմնում է թանգարան, որտեղ եկեղեցական իրերի հետ միասին դրվում են նաեւ հնագիտական իրեր: Հետագայում Վահան վրդ. Բաստամյանը թանգարան է ստեղծում Սբ Գայանե վանքի առաջնորդարանում: 1847 թ. հոկտեմբերի 21-ին Կ.Պոլսից անստորագիր եւ «գաղտնի» մակագրված նամակ է ուղղվում Սբ Էջմիածին՝ կաթողիկոսին, հատուկ խնդրանքով, որ կաթողիկոսը Էջմիածնի կրոնավորներից մի խելահաս անձնավորություն ուղարկի Անի, որ հնարավոր լինի հնությունները պահպանել, եւ անհրաժեշտ է գտնում այդ գործը շուտ կազմակերպել: Հավանաբար նույն անձը՝ Հակոբ Կոճիկյանը, 1849 թ. նոյեմբերի 3-ին Կ.Պոլսից տեղի առաջավոր դասի անունից, խնդրում է կաթողիկոսին տեր կանգնել Անիի ավերակներին, որպեսզի օտարների ձեռքը չընկնի:

Սակայն հայոց Անի քաղաքի ավերումը շարունակվում է, եւ այս մասին տեղեկանում ենք 1878 թ. մայիսի 22-ին Կարսի նահանգապետ Նովրոցկինի՝ Շորագյալի շրջանային կառավարչին հղած գրությունից, որով առաջարկում է դադարեցնել Անիի ավերումը, ինչը կատարվում է զանազան մարդկանց կողմից, եւ հնավայրը դարձնել անձեռնմխելի: Մի քանի օր անց, մայիսի 27-ին, նահանգապետը նույն կառավարչից պահանջում է հին քրիստոնեական վանքերը եւ եկեղեցիները ազատել թուրք եւ քուրդ տիրողներից, որոնք օգտագործում են դրանք տնտեսական պետքերի համար: Նա նաեւ կից ներկայացնում է այդ եկեղեցիների ցուցակը»:

Ի թիվս այլնի, Արմեն Ասատրյանը հիշեցնում է, թե ինչպես են 1920 թ. հունիսին հայ մշակույթի մի շարք ականավոր գործիչներ (Ալեքսանդր Թամանյան, Աշխարհբեկ Քալանթար, Գարեգին եպս. Հովսեփյան եւ ուրիշներ) դիմում ՀՀ հանրային կրթության եւ արվեստի գործերի նախարարությանը՝ Հայաստանի հնությունների պահպանության կոմիտե ստեղծելու առաջարկությամբ: Եվ հուլիսի 7-ին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում Հայաստանի հնությունների պահպանության կոմիտե ստեղծելու մասին, որը, որպես պետական մարմին, իր գործունեությունը ծավալելու էր հանրային կրթության եւ արվեստի նախարարության կազմում: Ընդ որում, այդ կոմիտեի հիմնադիր անդամներ հանդիսացան Գարեգին եպս. Հովսեփյանը, Ալեքսանդր Թամանյանը եւ Աշխարհբեկ Քալանթարը:
Արմեն Ասատրյանի աշխատությունը բավականին հետաքրքրական է եւ արժեքավոր, այն հաստատ կհետաքրքրի հատկապես մասնագիտական շրջանակներին:

Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930