Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որպեսզի 2050թ.-ին ունենանք Փաշինյանի ասած 25 օլիմպիական չեմպիոնները, 15 տարի պետք է հիմքից աշխատենք»

Նոյեմբեր 28,2022 15:00

Հոկտեմբերից շրջանառվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական համալսարանը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին միացման ձեւով վերակազմակերպելու եւ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտ հիմնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Բրյուսովի անվան պետական համալսարանը, ինչպես հայտնի է, դեմ է այս նախագծին եւ դրա համար ղեկավար կազմը քանիցս ներկայացրել է հիմնավորումներ։ «Առավոտ»-ը լսել է նաեւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանի դիրքորոշումն այս առնչությամբ։ Լուսինե Ստեփանյանը նախ նշում է. «Մեր բուհը, բացի մանկավարժներից, թողարկում է նաեւ կինեզիստներ, կառավարիչներ, մարկետոլոգներ, հոգեբաններ, սպորտային տուրիզմի մասնագետներ, որոնք կապ չունեն մանկավարժության հետ։ Այսինքն, այդ տրամաբանության մեջ ոչ թե երեք բուհերի ամբողջությամբ միավորում է տեղի ունենում, այլ բուհերի կազմալուծում։ Հստակ ապագա չենք տեսնում, ամեն ինչը հիմնված է խոսքերի վրա, որ կարող է այսպես կամ այնպես լինել»։

Լուսինե Ստեփանյան

Մինչդեռ իրենք, տիկին Ստեփանյանի հավաստմամբ, ունեն հստակ ռազմավարություն, քայլեր, կրթական-գիտական ցենզը բարձրացնելու գիտական ու մարտավարական ծրագրեր. «Այս կարճ ժամանակահատվածում(երեք տարի է, որ մեր բուհն ունի նոր ռեկտոր) մենք որակական մեծ առաջընթաց ենք գրանցել: 13 ծրագիր ունենք բակալավրի եւ մագիստրոսական կրթական ծրագրերում եւ եւս երեքը՝ բուհական կրթությունում։ Մեկ բակալավրի ծրագրով սովորողները դառնում են ֆիզկուլտուրայի ուսուցիչներ, որոնք իրավունք են ունենում նաեւ ներառական դասարաններում դասավանդելու։ Դա մեր մարտավարությունն է, որ բոլոր ուսուցիչները կարողանան դասավանդել բոլոր երեխաներին՝ հիմք ընդունելով համընդհանուր ներառման հետ կապված պետության ռազմավարությունը։ Մեկ այլ մագիստրոսական ծրագրով էլ պատրաստվում են մարզիչներ, որոնք կարող են նաեւ ուսուցիչ աշխատել, բայց ուսուցիչը չի կարող մարզիչ աշխատել։ Սա շատ կարեւոր է»։

Լուսինե Ստեփանյանը համաձայն է դիտարկման հետ, որ իրենց բուհի գործառույթները յուրօրինակ են եւ այլ բուհերի հետ միավորման դեպքում իրենք կորցնելու են դրանք։ Հետաքրքրվեցինք՝ կառավարության այս նախագիծն իրենց բուհի ղեկավարության մասնակցությամբ մասնագիտական քննարկումներ անցե՞լ է։ Լուսինե Ստեփանյանը պատասխանեց. «Ոչ։ Մենք տեղյակ չենք եղել նախագծի մասին։ Ավելին՝ պաշտոնապես այն ստացել ենք հոկտեմբերի 20-ին։ Ընդ որում, դժվար է պաշտոնական անվանել դա, որովհետեւ պաշտոնական ճանապարհով չի հասել մեզ։ Ծանոթացել ենք մի քանի օր առաջ, երբ արդեն պատրաստի վիճակում էր՝ արդարադատության նախարարությունում, ֆինանսների նախարարությունում քննարկումներ անցած։ Աղմուկը բարձրացավ այն ժամանակ, երբ Բրյուսովի համալսարանում ռեկտորի ընտրության հետ կապված հարցը բարձրաձայնվեց։ Ոչ մի քննարկում չի եղել։ Եղել են ինչ-որ խոսակցության մակարդակի ակնարկներ, թե մտքեր կան բուհերը միավորելու։ Ամռանը այդ թվում մեր ռեկտորի հետ հանդիպում է եղել, ասել են, որ նման գաղափար կա։ Երկու ռեկտորները բացասական դիրքորոշում են արտահայտել, այդ թվում մեր ռեկտորը։ Իսկ նախագիծը չի քննարկվել լայն շրջանակներում»։

Դեռեւս 2020թ. փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ մինչեւ 2050 թվականը ՀՀ-ն պետք է առնվազն 25 օլիմպիական մեդալ նվաճի։ Լուսինե Ստեփանյանը հիշեցնում է այս հայտարարությունը եւ ընդգծում՝ օլիմպիական չեմպիոններ ունենալու համար մի ամբողջ սպորտային թիմ է աշխատում. «Հավատացեք՝ չի կարող լինել այնպես, որ միայն մարզիչը կարողանա մարզիկին դարձնել օլիմպիական չեմպիոն։ Նրանց հետ աշխատում են հոգեբաններ, կինեզիստներ։ Վնասվածքներ կան, որոնք հենց սկզբնական փուլում կարելի է շտկել, որպեսզի դրանք չվերածվեն տրավմաների։ Մարզիկների հետ աշխատում են նաեւ սպորտային բժիշկներ։ Խորհուրդ կտամ միջազգային փորձն ուսումնասիրել եւ տեսնել, թե մի մարզիկի հետ ինչ թիմ է աշխատում։ Այո, կան երկրներ, որտեղ սպորտի ինստիտուտը գործում է մեկ՝ մեծ համալսարանի ներքո, բայց ոչ կոնկրետ ուղղվածությամբ։ Շատ երկրներում էլ սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներն առանձին են, ուստի օրինակները շատ են, հետեւաբար՝ դա չի կարող հիմք լինել, որովհետեւ որ տեսանկյունից ուզեն՝ այդ տեսանկյունից էլ օրինակներ կբերեն։ Ռուսաստանում 30-ից ավելի սպորտային բուհեր կան։ Մենք շատ ենք խոսել Վրաստանի վատ փորձի մասին։ 2007թ.-ին իրենց բուհը փակվեց եւ միացվեց մանկավարժական համալսարանին, ու սպորտը շատ մեծ անկում ապրեց։ 2014թ.-ին այդ համալսարանը վերաբացեցին, եւ մինչեւ այսօր չեն կարողանում հասնել ելակետային վիճակին, որովհետեւ չունեն մասնագետներ, թեկնածուներ։ Այսինքն, ոլորտը քանդելն ու նորից սկսելը լուրջ մոտեցումներ չեն»։

Լուսինե Ստեփանյանը համաձայն է գնահատականների հետ, որ բուհերի միավորման մասին կառավարության նախագծի հիմքում չկան հստակ հաշվարկներ եւ վերլուծություններ. «Իրենք էլ չեն ուսումնասիրել»։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանն էլ համոզմունք է հայտնում, որ նախագիծը չունի հեռանկար ու տեսլական. «Առհասարակ, ծանոթանալիս մեր մասով ոչինչ չենք տեսնում։ Մեր բուհը նեղ մանկավարժության տիրույթում դիտարկելը շատ մեծ սխալ է։ Ի տարբերություն իրենց՝ մենք հստակ տեսլական ունենք։ Սպորտային գիտությունը տարբեր ճյուղեր ունի։ Երեխային մարզադպրոց տանելիս ընտրություն ենք կատարում, իսկ մարզիչը գնահատում է երեխայի ներուժը։ Որպեսզի ունենանք 25 օլիմպիական չեմպիոններ, 15 տարի պետք է հիմքից աշխատենք։ Այն չեմպիոնները, որոնց այսօր ունենք, իրենք ծնվել են հաղթողներ։ Սպորտային գիտության զարգացումն ուղիղ կապ ունի չեմպիոնների քանակի հետ, որովհետեւ մենք հաղթող ենք, բայց դա պետք է նաեւ գիտական հենքի վրա դնենք։ Մենք վերադիրքավորվել ենք որպես բուհ, որը պատրաստում է մասնագետներ՝ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, սպորտը սպասարկող բոլոր ոլորտների համար։ Այսինքն, մեր միջավայրը պահպանում է ամբողջականությունը։ Սպորտ լուսաբանող լրագրողներն, օրինակ, մեր մոտ ամեն օր են շփվում մարզիկների եւ այդ միջավայրի հետ, այդտեղ ստանում կրթություն, ամեն օր գործնականում յուրացնում միջավայրը»։

Լուսինե Ստեփանյանն էլ իր հերթին հավելում է, «Երբ զանգում են համալսարան եւ խնդրում աշխատանքի համար առաջարկել մարզական լրագրողների, մենք առաջարկում ենք երկրորդ կուրսի ուսանողներին, որովհետեւ 3-րդ ու 4-րդ կուրսերում սովորողներն արդեն իրենց տեղն ունեն լրագրության ոլորտում։ Սա նշանակում է, որ մենք լավ կրթություն ենք ապահովում եւ ունենք գիտական պոտենցիալ։ Սպորտն առանց գիտության անհնար է պատկերացնել։ 21-րդ դարում սպորտը միայն մարզվելու գործընթացը չէ։ Սպորտը պահանջում է բազմակողմանի ուսումնասիրություններ, այն չի կարող ցրված լինել տարբեր բուհերում եւ այդպես զարգանալ։ Դա անհնար է։ Անթույլատրելի է լուծարել մի բուհ, որն ունի ռազմավարություն, առաքելություն, արդեն իսկ դրված հիմքեր։ Գուցե պետք է օգնել, որ գործընթացն արագանա՞։ Գուցե ա՞յդ տեսանկյունից նայենք։ Մենք պետական բուհերից միակն ենք, որ չունենք պետական ֆինանսավորման բազային լաբորատորիաներ։ Այսօր գրվող սպորտի ռազմավարությունը, որն արվում է նաեւ մեր մասնակցությամբ, առանձին ունի բուհական սպորտային գիտությունը։ Ժամանակին համալիր գիտական խումբ է գործել, որը սպասարկել է ոչ միայն սովետական Հայաստանի մարզաշխարհը, այլեւ Վրաստանի, ՌԴ-ի։ Շատ խմբեր են եկել Հայաստան, որ անցնեն այդ հետազոտությունները։ Ուստի ներուժը կա, եւ մենք մեր քայլերը հստակ ենք պատկերացնում՝ ի տարբերություն բուհերի միավորման նախագծի, որում չենք տեսնում ռազմավարություն։ Նախագծի մեծ մասն իրավական ակտեր են՝ շենքերն ընդունելու-հանձնելու մասին։ Եթե պետությունը սահմանել է չափանիշներ եւ մեր բուհը հավատարմագրել, նշանակում է, որ դրական է դա։ Այդ դեպքում, ի՞նչն են ուզում բարելավել։ Մենք գիտենք մեր թերություններն ու առավելությունները, գիտենք, թե ինչպես հաղթահարել թերությունները»։

Անժելա Նուշիկյանն էլ վստահ է, որ բուհերի միավորման հետեւանքով սպորտի ոլորտը կորելու է. «Եթե մեր մասնագիտությունները մասնատվեն եւ տեղափոխվեն բժշկական համալսարան, ապա վերջինս չունի այն սպորտային միջավայրը, որն անհրաժեշտ է կինեզիոլոգիայի համար։ Առանց ֆիզիկական ակտիվության հնարավոր չէ դառնալ լավ կինեզիոլոգ։ Եթե բժշկական համալսարանը ցանկություն ունենար կինեզիստների թողարկելու, հո չէ՞ր նայելու մեր թողարկելուն։ Կթողարկեր, մենք էլ կմրցակցեինք, եւ ոլորտը դրանից կզարգանար։ Բայց այսօր փաստն այն է, որ այդ մասնագետները մեր բուհից են դուրս գալիս։ Վերականգնողական կենտրոններում աշխատում են միայն մեր բուհի շրջանավարտ կինեզիստները։ Եթե մենք գտել ենք ճիշտ ճանապարհը եւ ցանկանում ենք այդ ոլորտը զարգացնել, ինչո՞ւ են մեզ խանգարում»։
Մեր զրուցակիցներն ընդգծում են՝ սա այն ոլորտը չէ, որին կարելի է մատների արանքով նայել, իսկ հետո ասել՝ «դե լավ, սխալվեցինք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.11.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930