Լրահոս
Օրվա լրահոսը

Այս օրակարգը բյուրեղացնելը պետք է դառնա Արցախի և ի վերջո Հայաստանի իրական պաշտպանվածությանն ուղղված բոլոր ջանքերի հիմքը․ Վարդան Օսկանյան

Նոյեմբեր 27,2022 19:19
vardan oskanyan

ՀՀ նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի խնդրի վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք հոդվածը.

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր զարգացումները պետք է դիրտարկել ուժի և իրավունքի հակադրության կամ համադրության կոնտեքստում։

Թվում էր, թե պատերազմում հաղթած և իր բանակի իրական կամ թվացյալ հզորությունը ցուցադրած Ադրբեջանը չպետք է այլևս վախեր ունենա։ Հատկապես, երբ հայկական կողմը կամ ավելի ճիշտ, իշխանությունը, պարբերաբար հրապարակային ի ցույց է դնում ուժի հանդեպ իր վախերը։ Բայց հակառակ այն պնդման, որ ուժն է ծնում իրավունքը, ժամանակակից կոնֆլիկտներում ուժի և իրավունքի հակադրությունն է, որ կանխորոշում է երկարատև լուծումը։ Ի վերջո, ակնհայտ է, որ ուկրաինական կոնֆլիկտում նույնպես վերջնական լուծումը հիմնված է լինելու ուժի և իրավունքի համադրության վրա։ Ուժն ու իրավունքը կարող են հավասարաչափ հզոր գործոն լինել անկախ այն բանից, թե այս կամ այն կոնֆլիկտում ո՛ր՝ ուժի, թե իրավունքի փաստարկն է ավելի զորեղ։ Որևէ կոնֆլիկտում միայն ուժով պարտադրված լուծման անվերապահ ընդունումը, առանց իրավունքի գործոնը հաշվի առնելու, կարող է մարտահրավեր դառնալ միջազգային աշխարհակարգի կայունությանը։

Ադրբեջանական կողմը դա հասկանում է, և հենց դա է պատճառը, որ չնայած ուժի տեսանկյունից նոմինալ հաղթանակին՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման, այսինքն՝ իրավունքի ցանկացած հիշատակում Ադրբեջանում առաջացնում է հիստերիկ ռեակցիա։ Սա ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը նույնպես հասկանում է, որ խնդիրը լուծված չէ։

Իմ՝ Արցախի արտգործնախարար նշանակվելու լուրին ադրբեջանական արձագանքը, անկախ այդ լուրի ճշմարտացիության աստիճանից, դրա ապացույցներից մեկն է։ Թվում էր, թե «հաղթած» Ադրբեջանին նման լուրերը պետք է բոլորովին չանհանգստացնեին։ Բայց ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին ողողված էին այդ լուրի տարածմամբ ու մեկնաբանություններով, որի հիմնական թեզն այն է, որ Արցախում ձևավորվում է «ռևանշիստների» իշխանություն։

Պատերազմի «ռևանշը» ենթադրաբար նոր պատերազմը պետք է լինի։ Մինչդեռ այն փաստը, որ ադրբեջանցիները «ռևանշիստ» են անվանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագովներին և այդ գաղափարը միջազգային բեմ հանելու հնարավորություն ունեցողներին, երկու բան է հուշում՝ կա՛մ ադրբեջանական կողմը չի հասկացել՝ ինչ է «ռևանշը», կա՛մ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արծարծումն արդարացիորեն դիտարկում է որպես պատերազմին համազոր փաստարկ։

Հատկանշական է, որ իմ նախարարության՝ 1998-2008 թվականներին և դրանից առաջ ևս չորս տարի փոխարտգործնախարարի պաշտոնում իմ դիրքորոշումը Արցախի հարցում հրապարակային էր և անփոփոխ՝ Արցախի ժողվուրդն ունի և պետք է իրացնի ինքնորոշման իր իրավունքը։ Այդ տասնչորս տարիների ընթացքում Ադրբեջանի նաև ներկա իշխանությունն իմ այդ դիրքորոշումը ոչ միայն ծայրահեղական չի համարել, այլև նստել է ինձ և մեր կառավարության հետ բանակցությունների, քննարկել է առաջարկվող տարբերակները, և ի վերջո այդ բանակցություններն են, որ 2007-ի վերջում հանգեցրել են համանախագահների կողմից առաջարկվող այնպիսի փաստաթղթի՝ «Մադրիդյան սկզբունքներին», որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դրա իրացման ծայրագույն դրսևորմամբ՝ ռեֆերենդումով։

Այն, որ այսօր Ադրբեջանում Արցախի հարցում ինքնորոշման իրավունքի գաղափարակիրներին «ռևանշիստ» են անվանում, իրենց իրական մտահոգությունների դրսևորումն է։

– Ադրբեջանի ներկայիս իշխանությունը լավ գիտի, որ ինքը կոնֆլիկտի առաջին օրվանից ստեղծել է իրավական և քաղաքական բոլոր հիմքերը Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջի արդարացիության համար։

– Ադրբեջանը լավ գիտի, որ իրականցրել է Արցախի խաղաղ ժողովրդի հանդեպ ֆիզիկական բռնություն։

– Ադրբեջանը լավ գիտի, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ հռչակել է ոչ լեգիտիմ։

– Ադրբեջանը լավ գիտի, որ իրավական մեծ սխալ է թույլ տվել 1991-ին՝ չեղարկելով Լեռնային Ղարաբաղի ինքվարությունը։

– Ադրբեջանը լավ գիտի, որ վերջերս առավել կոպիտ սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, որ «զրո կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։

– Ադրբեջանը լավ գիտի, որ ես լավ գիտեմ, թե հայր և որդի Ալիևիների իշխանությունը բանակցային ողջ գործընթացում ինչպիսի հանդուրժողական դիրքորոշում է արտահայտել Արցախի ժողովրդի ինքնորոշման հանդեպ։

Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին անգամ իր կազմում ինքնավար կարգավիճակ տալու դրժումը այնպիսի իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս, որի ճիշտ կիրառման դեպքում բացվում է «անջատում հանուն փրկության» (remedial secession) իրավունքի և այդ հայտի՝ միջազգային հանրության կողմից ընդունման համար։

Ադրբեջանի հետպատերազմյան էյֆորիան ու հանգստությունը ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով են, որ հայկական կողմում չկա ուժի հակադարձ կիրառման որևէ պատրաստակամություն, և կա հանուն տեսական պատերազմից խուսափելու՝ ցանկացած զիջման գնալու պատրաստակամություն, այլ հիմնականում այն պատճառով, որ հայկական կողմից երկու տարվա ընթացքում գրեթե ոչ մի անգամ չի հնչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի փաստարկը։

Այն հանգամանքը, որ նման օրակարգով իրավական միավոր կարող է ձևավորվել թեկուզ չճանաչված Արցախում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը նորից դուրս գա միջազգային հարթակ, Ադրբեջանում առաջացնում է իրական և հիմնավոր մտահոգություն։ Հետևաբար, այս օրակարգը բյուրեղացնելը պետք է դառնա Արցախի և ի վերջո Հայաստանի իրական պաշտպանվածությանն ուղղված բոլոր ջանքերի հիմքը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930