Հայկական հեքիաթներն արդեն հասանելի են շվեդերենով:
Վերջերս Շվեդիայում լույս տեսավ ”Armeniska sagor” («Հայկական հեքիաթներ») ժողովածուն, որում ընդգրկված են 17 հեքիաթներ, այդ թվում՝ Թումանյանից, Իսկահակյանից, ինչպես նաև ժողովրդական։
Թարգմանիչները 7-17 տարեկան երեխաներ են, որոնց օգնել են ծնողները։
Շվեդիայում բնակվող Աննա Մահդեսիանը 7-8 տարի առաջ իր երեխաների հետ միասին սկիզբ դրեց հեքիաթների թարգմանության նախագծին՝ թարգմանված ստեղծագործությունները տեղադրելով https://armeniskasagor.wordpress.com/ կայքէջում։
Կարդացեք նաև
Աննան նշում է, որ սա մի լավ հնարավորություն էր ներկայացնելու հայկական մշակույթը, ավանդույթները, հայ մարդու նիստուկացը, խառնվածքը ու կենցաղը շվեդ ընթերցասերին։ Թարգմանված հեքիաթները կարևոր են Շվեդիայում ապրող և հայերենին չտիրապետող կամ ոչ լիարժեք տիրապետող երեխաների և մեծերի համար։
Նախագիծն էլ ավելի ընդլայնվեց, երբ ներկայացվեց «Շվեդիայի հայուհիներ» ֆեյսբուքյան ֆորումում։ Այն հետաքրքրեց շատ հայ մայրերի, որոնք միացան ծրագրին և իրենց թարգմանած հեքիաթներով ընդարձակեցին հեքիաթների ցանկը։
Ծրագրին միացան նաև Լուսինե Օհանյանն ու Զառա Դաղբաշյանը, ովքեր Աննայի հետ միասին սկսեցին էլ ավելի զարգացնել նախագիծը և դրան կից այլ «հեքիաթային» ծրագրեր կազմակերպել։ Ժամանակի ընթացքում ամեն բան այնքան զարգացավ, որ հեքիաթների գիրք տպագրելու կարիքը զգացվեց։ Զառան, որը նաև գրքի խմբագիրն է, նշում է, որ երեխաները հրաշալի էին թարգմանում, բայց էլ ավելի հղկելու, «ավելի շվեդերեն» դարձնելու համար որոշվեց, որ հեքիաթների ևս մեկ անգամ խմբագրման գործը հենց շվեդներին վստահեն․ «Երկու շվեդ ընկերուհիներս հանձն առան գրքի խմբագրման հարցը։ Երկուսն էլ ասում էին, որ մեր հեքիաթները շատ տարբերվող են ու խորիմաստ»։
«Գրքի տպագրությունն անհնար կլիներ առանց Շվեդիայում Հայաստանի դեսպանության ֆինանսական աջակցության և դեսպան Ալեքսանդր Արզումանյանի օգնելու պատրաստակամության»,- նշում է Լուսինեն, որը Շվեդիայի հայուհիներ միության ատենապետուհին և հիմնադիր անդամներից է:
Այսօր շվեդերեն թարգմանված հայկական հեքիաթների պատկերազարդ գիրքն արդեն առկա է Շվեդիայի գրախանութներում, ինչպես նաև գրադարաններում։ Օրերս Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատանը կազմակերպվեց գրքի շնորհանդեսը, որտեղ հյուրընկալվել էին հայկական միությունների անդամներ, քաղաքական գործիչներ, շվեդ հյուրեր։
Սեփ. Լր.