ՀՀ Շիրակի մարզի փաստաբանների անունից
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին,
ՀՀ արդարադատության նախարարությանը,
Ի գիտություն ՀՀ նախագահին։
Հարգելի՛ պարոնայք,
Որպես ՀՀ Շիրակի մարզի բնակչությանը սպասարկող իրավական ոլորտի մասնագետներ՝ հայտնում ենք մեր անհանգստությունն ու վրդովմունքը տեղի ունեցող իրադարձություններին։ Վերջին շրջանում Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում և ոչ միայն Վարչական դատարանում դատավորների իրար հաջորդող փոփոխություններ են տեղի ունենում։
Ինչը հանգեցնում է արդարադատության խաթարման, պատշաճ ժամկետներում գործերի ողջամիտ քննության սկզբունքների խախտման։ Դատավորներից շատերը, նշանակվելով մարզում, սեղմ ժամկետներում նախագահելով հեռանում են՝ անձանց գործերը թողնելով այլ հերթերի։
Տեղի ունեցող երևույթը արատավորում է դատական պաշտպանության իրավունքը։ Քանզի անձը մեծ հույսով դիմելով դատարան ակնկալում է ողջամիտ ժամկետում գործի քննություն, բայց դատավորների` իրար հաջորդող տեղափոխումների արդյունքում գործերը անհընդհատ վերաբաշխվում են ու վերաբաշխվում։ Շատ գործերով դեռևս բուն դատավարական պրոցեսներ չեն ընթանում՝ դատավորների՝ Երևան քաղաք տեղափոխման արդյունքում։
Կարդացեք նաև
Փաստացի ստացվեց այնպես, որ մի դեպքում խոսքը վարչական գործերի մասին էր, մակագրվեց Երևանի նստավայրի դատավորներին՝ Շիրակի մարզի բնակչության համար հավելյալ ծախսեր ի հայտ բերելով։ Իսկ մյուս դեպքում էլ ՇՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և′ քաղաքացիական և′ քրեական դատարաններում դատավորները հերթափոխով տեղափոխվեցին Երևան քաղաք՝ թողնելով իրենց հետևից կուտակված գործեր։
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրին։ Քանզի դատավորներին նշանակելով և երկու-երեք ամիս հետո տեղափոխմամբ արդարադատական համակարգ կաղում է, և դատական պաշտպանությունն անձանց համար ոչ թե ենթադրում է ողջամիտ ժամկետում գործի քննություն, այլ՝ գործի սառեցում դատարանում։
Խնդրում ենք ձեռնարկել համապատասխան միջոցներ, քանզի կատարվող իրադարձությունների ֆոնին տուժում է և′ քաղաքացին, և′ փաստաբանական գործունեությունը, և′ արդարադատության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը։
ՀՀ ՇՄ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ