«Դինամո» մարզահամալիրում ավարտվեց բռնցքամարտի «Բարեկամության գավաթ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին կրտսեր եւ ավագ տարիքային խմբերում մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի շուրջ 170 մարզիկներ: Երկու տարիքային խմբերում էլ որոշվեցին քաշային կարգերի հաղթողները եւ մրցանակակիրները: Մրցաշարը համատեղ կազմակերպել էին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւ Երեւանի քաղաքապետարանը:
Ռինգում մարզիկների գործողություններին հետեւում էր բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանը: Մրցաշարի ավարտին նա Aravot.am-ին ասաց. «Միջազգային այս մրցաշարն, անշուշտ, օգտակար եղավ թե՛ պատանի բռնցքամարտիկների, թե՛ մարզիչների համար: Ես այս օրերին բավականաչափ հետաքրքիր մենամարտեր տեսա: Ծոցատետրումս 2007 թվականին ծնված արդեն յոթ պատանու անուն եմ նշել, որոնց պետք է նախապատրաստել եկող տարի կայանալիք Եվրոպայի առաջնությանը»:
Կարդացեք նաև
Աշիկ Գրիգորյանը նաեւ նշեց, որ հավաքականից ոմանք եկող տարի կտեղափոխվեն մեկ աստիճան բարձր տարիքային խումբ ու նրանց տեղը կհամալրեն այս մրցաշարի մասնակիցները: Նաեւ հավելեց, որ այս մրցաշրջանն ավարտվել է: Հիմա պատանի բռնցքամարտիկները շարունակելու են մարզվել անձնական մարզիչների ղեկավարությամբ, իսկ առաջին ուսումնամարզական հավաքը կլինի եկող տարվա հունվարի վերջին, որից սկսված կնախապատրաստվեն իրենց տարիքային խմբի Եվրոպայի առաջնությանը: Սակայն այս ընթացքում կմասնակցեն նաեւ միջազգային մրցաշարերի եւ համատեղ հավաքների:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ