Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական միամտություն են հույսերը, թե ՀԱՊԿ–ի միջոցով պետք է զսպեինք Ադրբեջանի ագրեսիան․ «Առերեսում»

Նոյեմբեր 26,2022 22:47

Թերեւս առաջին անգամ էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մի հայտարարությանը Հայաստանում համաձայնեցին շատերը: Նա ՀԱՊԿ-ի մասին ասել էր. «Այս կազմակերպությունում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Կարեն Օհանջանյանն այս առնչությամբ ասաց. «Միանշանակ է, որ ՀԱՊԿ անդամ երկրների մեծամասնությունն աջակցում է Ադրբեջանին՝ ոչ Հայաստանին: Ապացույցը պատմությունն է՝ պատերազմի ընթացքում օգնության խնդրանքով Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին, նաեւ հետպատերազմական իրավիճակը ի ցույց դրեց, որ այս կառույցը գործնականում պատրաստ չէ կատարել իր պարտականությունները: Հայաստան պատվիրակություն ուղարկելը, որը պետք է փաստեր հավաքեր Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ ու հետագա քննարկումները դրանց վերաբերյալ չհանգեցրին նրան, որ այդ կազմակերպությունը կարողանար ընդունել բանաձեւեր, որոնք կդատապարտեին Ադրբեջանի ագրեսիան: Այս առնչությամբ ուզում եմ ընդգծել ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետի ուղղակի փայլուն ելույթը: Գիտեք, որ պատերազմից հետո նրան մշտապես քննադատել եմ՝ Արցախի եւ Հայաստանի հետ կատարվածի համար: Բայց տվյալ դեպքում նա իրեն փայլուն դրսեւորեց՝ իբրեւ պետության առաջնորդ»:

Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստի նախօրեին Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել էր. «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն, իմ կարծիքով, չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ, անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրան»: Հարցին, թե նման հայտարարությունը որքանո՞վ է համահունչ ՀԱՊԿ պայմանագրին, որի 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով»՝ հաղորդման մյուս հյուրը՝ «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանն ասաց. «Մենք այս խնդիրներից կձերբազատվենք, երբ քաղաքականության իրական համատեքստը չփորձենք տեղափոխել էմոցիոնալ դաշտ: Մեր բոլոր խնդիրները սկսվում են այնտեղից, երբ ոգեւորվում ենք Ֆրանսիայի նախագահի կամ Սենատի հայտարարություններից՝ առանց հասկանալու քաղաքական ռիսկերը։ Սա քաղաքական գործընթաց է․ մենք չպետք է մոռանանք, որ աշխարհը հիմա լրիվ ուրիշ տրամաբանությամբ է առաջնորդվում։ Եվ եթե ռազմաքաղաքական դաշինքների պատմության մեջ միայն ՆԱՏՕ–ն է, որի կանոնադրության 5-րդ հոդվածը գործում է ցայսօր եւ ՆԱՏՕ–ական ցանկացած անդամ երկրի նկատմամբ հարձակումը դիտվում է իբրեւ ողջ դաշինքի նկատմամբ հարձակում, ապա սա գալիս է պոստ–սառը պատերազմյան ժամանակաշրջանում ՆԱՏՕ–ի մշակած խաղի կանոններից»։ Ավելի ուշ հավելեց․ «ՀԱՊԿ–ն ՆԱՏՕ չէ եւ երբեք չի էլ հավակնել, չի էլ եղել․ այստեղ կառուցակարգերն են ուրիշ, ռազմավարությունն է ուրիշ, քաղաքական եւ անվտանգային առաջնահերթություններն են ուրիշ։ Մենք հավելյալ ակնկալիքներ ենք մեր առջեւ դնում, սահմանում, հետո էլ հիասթափվում ենք»։

Հայաստանի ակնկալիքները պայմանավորված էին պայմանագրային դրույթներով; Եվ երբ դրանց հղում անելով՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետ չպահեց Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ագրեսիայից՝ Բելառուսի նախագահը հակադարձեց․ «Կարծում եմ` բոլորի կարծիքը կարտահայտեմ: Մեր գործը չէ որևէ մեկին զսպելը, բայց իրականում մենք պետք է արձագանքենք, և մենք պատրաստ ենք արձագանքելու»։ Դիտարկմանը, թե ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից եւ որեւէ մեկը հրապարակավ չառարկեց էլ, որ իրականում իրենք ունեն զսպման փաստաթղթային պարտավորություն՝ Կարեն Օհանջանյանն արձագանքեց․ «Ուղղակի սարսափելի է; Ես ասում եմ՝ Հայաստանը պետք է փոխի իր ռազմավարական վարքը։ Սա վերաբերում է զանազան դաշինքներին մասնակցությանը, թշնամիների եւ բարեկամների հանդեպ վերաբերմունքին։ Հայաստանը պետք է պրագմատիկ դերակատարություն ունենա՝ ամեն երկրի հետ հարաբերություններ կառուցելիս»։

Իսկ Աբրահամ Գասպարյանը նշեց․ «Միշտ կարելի է նեղանալ, միշտ կարելի է գրառումներ անել։ Պետությունը եւ պետական քաղաքականությունը շարքային քաղաքացու մտածողությունից տարբերվում է նրանով, որ պետք է կարողանաս գնահատել ռիսկերը՝ ցանկացած քայլի գնալիս։ Խզել հարաբերությունները, դուրս գալ ՀԱՊԿ–ից, ՀԱՊԿ–ն դուրս գա տարածաշրջանից․․․ գիտե՞ք, Լուկաշենկոն լինի, թե ով ուզում է՝ լինի, միշտ կարելի է ձեւակերպումներ տալ՝ վերոհիշյալ մեջբերումների ոգով։ Բայց կարեւորը տողատակերը հասկանալն է։ Եվ որքան էլ մեզ համար դաժան հնչի այս ամբողջը, որքան էլ անընդունելի լինի՝ այդ մարդիկ շատ պարզ, հստակ ասում են՝ գնացեք, Մոսկվայի հետ պայմանավորվեք, էլ ո՞նց ասենք ձեզ․․ Էլ որտեղի՞ց մեզ ուղերձ հղեն, որ չեն ուզում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ՝ գնացեք, լեզու գտեք իրար հետ»։ Նա «քաղաքական միամտություն» որակեց հույսերը, թե ՀԱՊԿ–ի միջոցով պետք է զսպեինք Ադրբեջանի ագրեսիան՝ հաշվի առնելով, որ դեռ պատերազմից առաջ գիտեինք ՀԱՊԿ որոշ երկրների ղեկավարների դիրքորոշումները եւ անգամ անձնական շահերը՝ Ադրբեջանի առնչությամբ։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930