Նիկոլ Փաշինյանը ոչ թե ուզում է հանձնել Արցախը, որովհետև պատերազմ է պարտվել, այլ նա պատերազմ է պարտվել, որովհետև ուզում էր հանձնել Արցախը. այս մասին այսօր ասաց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ «Համախմբում» նախաձեռնության կողմից կազմակերպված «Խաղաղության» համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում:
«Ինչո՞ւ են մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ պատրաստակամությամբ է հանձնում Արցախը, քան նույնիսկ Ադրբեջանը պատրաստ է Արցախն ընդունել։ Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժն ունեն ընդգծված հակաարցախյան մոտեցում։ Նա ոչ թե ուզում է հանձնել Արցախը, որովհետև պատերազմ է պարտվել, այլ նա պատերազմ է պարտվել, որովհետև ուզում էր հանձնել Արցախը։ Ուղիղ հակառակն է, պատերազմը պետք էր բեմադրել հենց այդ սցենարով: Արցախի հանձնման գաղափարը եկել է Նիկոլ Փաշինյանի հետ և այդ գաղափարը իմ տպավորությամբ նա չի ստեղծել, այլ իրենք Արցախը ընկալում են՝ որպես քաղաքական խոչընդոտ Հայաստանում բացարձակ իշխանություն հաստատելու համար։ Պետք էր Արցախը հանձնել, թղթով հո չէի՞ր հանձնի, եթե ժողովրդի 95 տոկոսը համաձայն է Արցախը պահելուն, պետք էր պատերազմով հանձնել, ժողովրդի ողնաշարը ջարդել, հետո էլ ասել՝ տեսաք չստացվեց»,- ասաց Չալաբյանը։ Նրան հետաքրքրում էր, թե ինչպիսի գործիքակազմ կարելի է ակտիվացնել այսօրվա հակազգային կուրսը տապալելու համար:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ