Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անասնաբուծության, ձկնաբուծության  և բուսաբուծության ոլորտում հակամանրէային նյութերի չարաշահումը մեծ մտահոգության տեղիք է տալիս․ քննարկում

Նոյեմբեր 26,2022 13:53

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համագործակցությամբ կազմակերպել է հակամանրէային դեղերի վերաբերյալ երկօրյա գիտաժողով։ Գիտաժողովի նպատակն է մեկտեղել Հայաստանի պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներին՝ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությանն (ՀԴԿ) առնչվող խնդիրները քննարկելու և դրանց կանխարգելման կարևորության մասին իրազեկությունը բարձրացնելու համար։ Միջոցառումը կազմակերպվել է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման միջազգային շաբաթվա շրջանակում։

Հակամանրէային դեղերի կիրառումն առանցքային է հիվանդությունների բուժման և մարդկանց ու կենդանիների առողջության պահպանման գործում։ Այսուհանդերձ, անասնաբուծության, ձկնաբուծության  և բուսաբուծության ոլորտում հակամանրէային նյութերի չարաշահումը մեծ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ վտանգ է ներկայացնում դրանց նկատմամբ կայուն միկրոօրգանիզմների առաջացման և տարածման առումով:

Հայաստանում պարենի և գյուղատնտեսության ոլորտում հակամանրէային կայունության տարածվածության վերաբերյալ տվյալները սակավ են։ 2017 թ․ մարտին ՊԳԿ-ն մեկնարկել է տարածաշրջանային ծրագիր, որը Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում։ Այն նպատակ ունի բարձրացնել կարողությունները՝ նվազագույնի հասցնելու հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության բացասական ազդեցությունը պարենի և գյուղատնտեսության ոլորտների, պարենային անվտանգության և շրջակա միջավայրի, հետևաբար նաև՝ մարդու առողջության վրա։ Ծրագիրն աջակցում է պարենի և գյուղատնտեսության ոլորտների ներգրավմանը ՀԴԿ-ի հսկողության և կանխարգելման ազգային ծրագրերում:

Այն կենտրոնանում է մի քանի հիմնական գործոնների վրա, մասնավորապես` կարգավորիչ հարթակների և օրենսդրության ամրապնդում, ազգային լաբորատորիաներում հակամանրէային դեղերի օգտագործման, ՀԴԿ-ի և հակամանրէային մնացորդների վերաբերյալ տվյալների հավաքագրում և օգտագործում, հակաբիոտիկների անհրաժեշտությունն ու կիրառումը նվազեցնելու գործելակերպի բարելավում, ՀԴԿ-ի՝ պարենային շղթա ներթափանցման կանխարգելում, բազմոլորտային համակարգում և ռազմավարական շահերի պաշտպանություն՝ մարդկանց, կենդանիների շրջանում, բույսերի մեջ և շրջակա միջավայրում ՀԴԿ-ի վտանգների մատնանշման միջոցով։

«Այսօրվա  գիտաժողովի կազմակերպումն  անհրաժեշտ և կարևորագույն քայլ է ոչ միայն հասկանալու հակամանրէային դեղերի կայունության խնդիրը, այլև ջանքեր գործադրելու` բացթողումները շտկելու, ինչպես նաև գիտական և գործնական հարթության արդի մարտահրավերներն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ սահմանափակ է»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` հավելելով, որ լրջագույն այս խնդրի հետևանքով մի շարք հիվանդությունների բուժումը կարող է բարդանալ, երբեմն նաև` անհնարին դառնալ:

«Կարևոր է, որ պարենի և գյուղատնտեսության ոլորտում զարգացումը զուգընթաց լինի ՀԴԿ-ի դեմ պայքարի նախաձեռնություններին և ապահովի հակամանրէային դեղերի կարգավորում և օգտագործում պատասխանատու կերպով», – ասաց Հայաստանում ՊԳԿ-ի ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանը: «Մեր ծրագրի շրջանակում պարզ դարձավ, որ այդ երկրներում որոշակի խնդիրներ կան կենդանիներից վերցված նմուշները հակամանրէային կայունության փորձարկման ենթարկելու առումով: ՊԳԿ-ն աջակցում է Հայաստանում ՀԴԿ-ի փորձարկման լաբորատոր կարողությունների զարգացմանը և անասնաբուժական ու առաջնահերթ պարենային արտադրության համակարգերում ՀԴԿ-ի ելակետային չափանիշի սահմանմանը»:

«Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության դեմ պայքարի համար առաջին հերթին անհրաժեշտ են իրավական կարգավորումներ, որոնք թույլ կտան պատշաճ կերպով կազմակերպել կենդանիների խնամքը, հիվանդությունների կանխարգելումը, հակաբիոտիկների վաճառքը, անասնաբուժական դեղամիջոցների անկանոն օգտագործման բացառումը։ Այդ կարգավորումները կօգնեն կանխել վարակների տարածումը, նվազեցնել միկրոօրգանիզմների փոխանցման ռիսկը, կրճատել հակաբիոտիկների նշանակման պահանջը և կանխել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը», – ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մասին իրազեկման միջազգային շաբաթը նշվում է ամեն տարի՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀԴԿ-ի մասին իրազեկությունը և խրախուսել հակաբիոտիկների խելամիտ օգտագործումը հասարակության, առողջապահության ոլորտի աշխատակիցների, քաղաքականություն մշակողների և այն մասնագետների շրջանում, ովքեր կարևոր դեր ունեն ՀԴԿ-ի հետագա զարգացումն ու տարածումը նվազեցնելու գործում։ Այս տարվա քարոզարշավը կրում է «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը» խորագիրը: Մենք կոչ ենք անում բոլոր ոլորտներում պահպանել հակաբիոտիկների խելամիտ օգտագործումը և մեծացնել ՀԴԿ-ի կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ միասին աշխատելով «Մեկ առողջություն» սկզբունքով։

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930