Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի աշխարհագրորեն խաչմերուկային դիրքը մեզ պետք է ոչ թե նեղի, այլ ճիշտ հակառակը՝ թեւեր տա․ «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 26,2022 13:10

Թյուրքական կողմի հակահայկականությունը աշխարհը չի տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հայկական շահն առաջ մղելու կենսունակ լուծումներ գործնականում չենք տվել։ Համապատկերում պարզ է դառնում, որ աշխարհաքաղաքական կենտրոններն ուզում են հենց միջանցքի բացում, թեեւ 2020 թ. Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված հրադադարի հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։

Այն, ինչի մասին խոսք կա՝ ճանապարհների ապաշրջափակման, կենտրոններին պետք չէ։ Այս պայմաններում արդեն առավել քան հստակ է՝ Հայաստանի համար մեր երկրի շուրջ սեղմվող օղակ է լինելու նաեւ հենց ճանապարհների ապաշրջափակումն էլ։ Հաճախ է կրկնվում այն միտքը, որ հանրության մի շերտ այդպես էլ չի ընկալում, թե ինչու թշնամի երկրների հետ ճանապարհների ապաշրջափակում ասվածն իրականում մեզ համար շրջափակում է լինելու։

Բայց, ինչպես ասում են, «գրքին երկու երեսն ալ կարդալու է», այն է՝ հանրության լայն շերտերը պարտավոր չեն գիտակցել անվտանգային ռիսկերն ու աշխարհաքաղաքական գործընթացների բոլոր նրբությունները: Այդ ռիսկերը հնարավորինս չեզոքացնելը պետության պարտականությունն է։ Պարզ բացատրություն կա այն հարցի, թե ինչու միջանցքից բացի, վտանգավոր է նաեւ ճանապարհների ապաշրջափակումը։

Որովհետեւ նախ՝ այս պահի դրությամբ թշնամին ամենօրյա պարբերականությամբ հաջողությամբ ապացուցում է, որ ինքը խաղաղություն չի ուզում, եւ հետո՝ Անկարան ու Բաքուն տարածաշրջանային այնպիսի տրանսպորտային ճարտարապետություն են գծում, որում այս պահի դրությամբ մենք շահառու չենք։ Ընդամենը դիտարկվում ենք որպես թուրք-ադրբեջանական մերձեցման տարածք, ոչ թե ինքնուրույն սուբյեկտ։

Սա պատկերացնելու համար դիտարկում ենք տարածաշրջանային տրանսպորտային լոգիստիկան, ինչի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք, եւ ամեն ինչ պարզ կդառնա։ Բացի դա՝ մեր եւ թշնամու միջեւ պատերազմն ավարտված չէ. Ադրբեջանը ամեն օր մեզ դա ապացուցում է, տարածաշրջանում էլ իրավիճակը պայթյունավտանգ է, դա էլ ամեն օր հուշում են աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային դերակատարները։ Այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակում, հասկանալի է, լինելու է իրականում միակողմանի շահավետությամբ՝ ընդ որում ոչ հօգուտ մեզ։ Քանզի տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման քաղաքականություն ասվածի ներքո բացառապես խոսվում է թուրք-ադրբեջանական տրանսպորտային կապի դիվերսիֆիկացման մասին, ինչը ցայտուն երեւում է եւ՛ Ալիեւի, եւ՛ Էրդողանի հռետորաբանության մեջ։

Այս ամենի երեւակումն էլ հենց հիշյալ հրապարակումն է, երբ ապաշրջափակման շահառուները «չեն տեսնում» հակահայկականությունը, հակահայկական շահերը, ինքնիշխան մեր պետության որոշ տարածքների՝ թշնամու կողմից օկուպացված լինելը, եւ եթե կոչ են անում Հայաստանին բացել տնտեսական ճանապարհները, ապա չեն խոսում, որ այդ ապաշրջափակում, բացում կոչվածը իրականում կապանք է լինելու Հայաստանի համար՝ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական առումներով։

Ապաշրջափակման քաղաքականություն կոչվածը Հայաստանի խաչմերուկային դիրքի պատճառով Հայաստանին մտցրել է գլոբալ աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Սյունիքի շուրջ ծավալվող գործընթացները (ճանապարհներ եւ այսպես կոչված միջանցք) մեր տարածաշրջան են բերել բոլոր գլոբալ խաղացողներին։ Ափի մեջ կարող ենք տեսնել հակաիրանական պլացդարմի ձեւավորումը, իսրայելական շարժերը, պանթյուրքիստական գաղափարախոսության ծավալումները, Արեւմուտք-Ռուսաստան հակադրությունները, հակաթուրքական կոալիցիայի ձեւավորման նախադրյալները եւն։

Հայաստանի աշխարհագրորեն խաչմերուկային դիրքը մեզ պետք է ոչ թե նեղի, այլ ճիշտ հակառակը՝ թեւեր տա, ազգային անվտանգության ամուր հիմքերից մեկի՝ տրանսպորտային անվտանգության ուղիները ցույց տա, սեփական շահը հետապնդելու կամք հաղորդի։ Եվ այդ ուղիները կան։ Պետք է նոր թափ հաղորդել մեր Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությանը՝ մեր երկիրը Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ կապի ապահովման կարեւոր դերակատար դարձնելու համար: Եվ այս պարագայում, երբ խոսքը լոգիստիկ կապերի մասին է, միայն Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին չէ, որ ներառված է։ Մենք մեր տարանցման ներուժը կարող ենք օգտագործել նաեւ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ կառուցքի ձեւավորմամբ (Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի միջեւ փոխադարձ հոսքեր)։ Մի ով բանիվ` եթե Հայաստանը ուզում է հաստատել իր գեոտնտեսական սուբյեկտայնությունը, ապա պետք է չվարանի առաջնորդվել ազգային շահով։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930