Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում մեկնարկած բարեփոխումների այս գործընթացը պետության մեջքը շտկելուն ուղղված անխուսափելի քայլ է. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 26,2022 12:35
Arcax

Ակնհայտ է, որ արմատական փոփոխություններ կատարելու համար Սահմանադրությամբ նախատեսված կառավարման համակարգի որոշ կարգավորումներ պետք է արվեն, եւ եթե Արցախի մայր օրենքը մնա նույնը, հանրաքվե անցկացնելն անխուսափելի կլինի, ինչն այս պահին օբյեկտիվ խոչընդոտներ ունի: Այստեղ կարող է լուծում լինել ոչ թե 162-րդ հոդվածով նախատեսված բոլոր դրույթները հանրաքվեով փոփոխելու իմպերատիվ պայմանի տակից հանելը, այլ դրանցից միայն ամենաառաջնայինները՝ չխախտելով արցախցու՝ հանրաքվեներով պետականաշինությանը մասնակցելու իրավունքը: Ամենայն հավանականությամբ, այս նպատակն ունի նախագիծը լրամշակելու համար ԱԺ-ից այն հետ կանչելու` Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը:

Վերջինս նաեւ հայտարարել էր, որ Սահմանադրության նախատեսված փոփոխությամբ կրճատվելու էին ԱՀ նախագահի լիազորությունները, բայց դրանց մի մասն արդեն իր կողմից փոխանցվել են երկրի պետնախարարին: Այդ պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանն օրերս ներկայացրեց Արցախի Հանրապետության կառավարման համակարգի բարեփոխման իր տեսլականը: Նա ընդգծել էր, որ Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են երկիրը եւ Արցախի ժողովուրդը։

«Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա: Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ կարող են լինել ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը: Շատ կարեւոր է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ներգրավվել իր ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը: Հանրաքվեների միջոցով կամարտահայտման մեխանիզմի ներդրումը թույլ կտա քաղաքացուն մասնակից դառնալ իր, իր երեխաների ապագայի ու իր երկրին վերաբերող կոնկրետ որոշումների կայացմանը, տեղեկացված լինել ու ինչ-որ չափով նաեւ պատասխանատվություն կրել կայացված որոշումների համար»,-սոցիալական ցանցի իր էջում գրել էր Արցախի Հանրապետության պետնախարարը:

Նա շեշտել է, որ բարեփոխումների իրականացումն անխուսափելի է, ինչը ենթադրում է նոր մոտեցում, որն ավելի շատ նախագծերի կառավարում է լինելու, քան ընթացիկ վարչական աշխատանք։ Արցախում մեկնարկած բարեփոխումների այս գործընթացը պետության մեջքը շտկելուն ուղղված անխուսափելի քայլ է, եւ դրա արդյունավետ իրականացումից է մեծապես կախված Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացումը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930