Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներից միայն 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանին էր հաջողվել հասնել եզրափակիչ փուլ եւ պայքարել ոսկե մեդալի համար: Վճռորոշ մենամարտում մեր բռնցքամարտիկի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Գոչա Գորդուլավան էր:
Բռնցքամարտիկները հենց առաջին ռաունդից առանց ավելորդ զգուշավորության սկսեցին ակտիվ գործողությունները: Մեկնարկային երեք րոպեներից հետո Էրիկը մի փոքր առավելություն ուներ: Հանգստից հետո պատկերը չփոխվեց, սակայն ռինգի մրցավարը ռաունդի միջնամասում նոկդաուն արձանագրեց մեր բռնցքամարտիկին: Նման դեպքերում հաճախ է լինում, որ բռնցքամարտիկը մի տեսակ թեւաթափ է լինում: Սակայն Էրիկ Իսրայելյանը կարողացավ հավաքվել: Նրան հաջողվեց ամբողջ ունակությունները կենտրոնացնել եւ վերադարձնել «պարտքը»: Ու դա մեր մարզիկը երրորդ ռաունդում վրացուն պատասխանեց երկու նոկդաունով ու արժանիորեն նվաճեց հաղթողի կոչումը` բարձրանալով պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ