Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողելու բանալին համազգային նպատակի արձանագրումն է. Արտակ Ապիտոնյան. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 26,2022 11:34

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Դեմ առ դեմ» խորագրի հյուրն է «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը։

Սփյուռքը շատ բազմաշերտ է, արդյոք բավարա՞ր են Ձեր նշած նմանությունները, որպեսզի խնդիրների ընդհանրությունն առաջնային պլան դուրս գա։ Ինչպե՞ս է տեղի ունենալու որոշումների ընդունումը, եթե մոտեցումներում ի հայտ գան խորքային տարբերություններ։

-Մենք խնդիրը դիտարկում ենք ոչ թե անպայմանորեն կոնսենսուսի գալու մեջ, այլ առավելապես միմյանց հետ խոսելու։ Առաջին հերթին պետք է ձեւավորել խոսելու, որոշումներ ընդունելու մշակույթը, որոշումների համար պատասխանատվություն կրելու մշակույթը, եւ այդ առումով խնդիրն ամենեւին հեշտ չէ։ Մեր որդեգրած մոտեցումը եռաստիճան համակարգ է։ Առաջին աստիճանում մեր փորձագիտական քննարկումներն են՝ երեք հանձնախմբերը, որոնք ձեւավորվել են «Ապագա հայկականը» 15 նպատակների հիման վրա, դրանք ռազմավարական եւ մարտավարական ուղղությունները հստակեցնելու համար են։ Դրանցում աշխատում են հայտնի փորձագետներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքի գրեթե բոլոր համայնքներից։ Փորձում ենք հնարավորությունների ընդհանուր դաշտ ձեւավորել, մշակել զարգացումների հնարավոր սցենարներ, եւ դրանց պարագայում ինչպիսին պետք է լինի մեր աշխատանքը։ Առաջարկները ոչ թե պոպուլիստական պետք է լինեն, այլ ունենան բավարար հիմնավորում։ Երբ կունենանք այդ բոլոր սցենարները, արդեն կանցնենք երկրորդ փուլին, որը համաժողովն է։ Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` գրանցվել եւ մասնակցել համաժողովին։ Առկա ձեւաչափով մասնակցելու են միայն 200 անձինք, որոնք ընտրվելու են բաց վիճակահանությամբ՝ հաշվի առնելով մի շարք բաղադրիչներ։ Մյուսները կարող են համաժողովին մասնակցել առցանց ձեւաչափով։ Այս ձեւաչափը կոչվում է «քաղաքացիական ասամբլեա» եւ կիրառվել է բազմաթիվ զարգացած երկրներում։ Ձեւաչափի գրավչությունը նրանում է, որ բոլոր այն երկրներում, որտեղ կիրառվել է, առկա է եղել այս կամ այն չափի քաղաքական ճգնաժամ։ Բազմաթիվ երկրներ են ունենում ճգնաժամեր, եւ նման պարագայում, երբ խորհրդարանը չի կարողանում գտնել պատասխաններ, քաղաքական կուսակցությունները տարբեր պատճառներով չեն կարողանում առաջ մղել այդ գաղափարները, ապա կազմակերպվում է «քաղաքացիական ասամբլեա»։ Մեր կողմից 2023 թ. մարտի 10-12-ը կազմակերպվող համաժողովը հենց այդ նպատակն ունի՝ քննարկել փորձագետների կողմից մշակված սցենարները եւ տալ համապատասխան եզրակացություններ։

Համաժողովը նվիրված է լինելու նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «ՀայաստանՍփյուռք միասնականություն» եւ «Բնակչության աճ»: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու համաժողովից հետո։ Կան արդյո՞ք սպասելիքներ եւ անելիքների ծրագիր, թե՞ դրանք դեռ մշակման փուլում են։

-Համաժողովի թեմաները մենք չենք ընտրել, ունենք կայքում գրանցված 110 հազար աջակից հարյուրից ավելի երկրներից, եւ նրանց շրջանում անցկացրած հարցման արդյունքով են ընտրվել այդ երեքը որպես ամենահրատապ։ Իհարկե, շատ կարեւոր հարց է, թե ինչ է լինելու հետո, քանի որ եթե այն չկա, այդ դեպքում ո՞րն է իմաստը ինչ-որ բան նախաձեռնելու։ Դա արդեն մոտեցնում է մեզ երրորդ բաղադրիչին։ Հիշեցնեմ, որ առաջինը փորձագիտականն էր, երկրորդը՝ հանրայինը, եւ ի վերջո երրորդը՝ իրագործման մակարդակը։ Այս երրորդում մենք պետք է փորձենք հնարավորինս լայն գործընկերային ցանց ձեւավորել բոլոր այն կազմակերպությունների, անհատների, ինստիտուտների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում ու սփյուռքում, որոնք պատրաստ են այդ առաջարկությունները կյանքի կոչել։ Այսօր արդեն սկսել ենք այդ աշխատանքը, որոշ կազմակերպությունների հետ համագործակցության արձանագրություններ են ստորագրվում։ Նպատակ ունենք շատ ավելի մեծ ցանց ընդգրկել։ Հաճախ ենք քննադատություններ լսում, որ այս երեսուն տարիների ընթացքում ոչինչ չի արվել, մինչդեռ դա այդպես չէ։ Նման զգացողությունը թերեւս պայմանավորված է նրանով, որ հայերս չունենք ձեւակերպված ընդհանուր նպատակ, որպեսզի հասկանանք՝ այդ նպատակի ուղղությամբ ենք աշխատում, թե ոչ։ Այդ նպատակի ձեւավորումը հանրային հարթակում շատ կարեւոր է, ինչպես նաեւ այդ նպատակի շուրջ բոլոր կազմակերպությունների միավորումը։

Ինչո՞վ եք պայմանավորում այս երեք նպատակների ընտրությունը։

-Դրանցից «Հայաստան-սփյուռք միասնականությունը» հենքն է մեր աշխատանքների, այսինքն՝ եթե չենք կարողանում միասնական դաշտ ապահովել, հասկանալ, թե ինչպես պետք է միմյանց հետ աշխատենք եւ ինչի՞ շուրջ կարող ենք իրար հետ աշխատել, ովքե՞ր պետք է աշխատեն, ապա չենք կարող մնացած խնդիրները քննարկել։ Երկրորդը՝ պատմական պատասխանատվությունը, տալիս է այն փիլիսփայական-բարոյական հենքը, որի վրա պետք է աշխատենք. արդյոք ունե՞նք միմյանց նկատմամբ, պատմության եւ գալիք սերունդների հանդեպ պատասխանատվություն։ Որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում ամեն մի սերնդի պատասխանատվությունը։ Այդ առումով շատ կարեւոր ուղերձ կարող է հնչել համաժողովի կողմից, որպեսզի մեր պատմական ժառանգությունն ամեն սերունդ փորձի փոխանցել հաջորդ սերնդին, եթե որեւէ բան չավելացնելով, ապա գոնե չպակասեցնելով։ Բնակչության աճն էլ շատ կարեւոր է այն առումով, որ ե՛ւ տնտեսության, ե՛ւ ուժեղ բանակ ունենալու, ե՛ւ անվտանգության հիմքն է։

Շատ կարեւոր հարցի անդրադարձաք՝ գաղափարի ամբողջացումը։ Այսօր տեսնում ենք, որ աշխարհում եւս գաղափարի ճգնաժամ կա։ Ներկայումս բազմաթիվ են ոչ միայն հայության, այլեւ ամբողջ մարդկության առջեւ ծառացած մարտահրավերները։ Որո՞նք են, ըստ Ձեզ, այն հիմնասյուները, որոնք անհրաժեշտ են նոր ժամանակներում նոր մարտահրավերներին արձագանքելու եւ կենսունակ մնալու համար։

-Այս հարցին կպատասխանեմ որպես անհատ, ոչ որպես նախաձեռնության ներկայացուցիչ, քանի որ կցանկանայի, որ այդ հարցերին պատասխանի հանրությունը, եւ իմ պատասխանը որեւէ կերպ չընկալվեր ուղղորդող։ Մեր խնդիրներից մեկը մշտապես «փրկչի» որոնումների մեջ լինելն է, մարդիկ դրանով խնդիրն իրենցից հեռացնում են։ Հույսը մեզ վրա պետք է դնենք, եւ ամենակարեւոր ուղերձը կարող է լինել համազգային գաղափարի, համահայկականության շուրջ միասնականությունը, որովհետեւ ունենք բամադարյան պատմություն, ունենք պատասխանատվություն մեր նախնիների առջեւ, բայցեւ ունենք պատասխանատվություն գալիք սերունդների առջեւ։ Եթե մեր սերունդը չկարողանա այդ պատասխանատվությունը ստանձնել եւ լիարժեք իրականացնել, մեզ բարի խոսքերով չեն հիշի։ Հիմա շփոթմունք կա թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, բայց դա նույնպես գալիս է միասնական, համազգային նպատակ չունենալուց։ Նպատակի շուրջ պետք է ձեւավորել գաղափարախոսություն, դրա շուրջ արժեքային հենք եւ կրթել սերունդներին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930