Հաշվի առնելով զուտ միայն այն հանգամանքը, որ Բերձորով անցնող միջանցքի փոխարեն Ադրբեջանը բոլորովին նոր՝ շատ ավելի նեղլիկ ճանապարհ է հրամցրել, բացի այդ՝ թեեւ ծածուկ ու անզեն աչքի համար աննկատ, բայց ադրբեջանական կողմը խախտում է 5 կմ երկայնքով բուֆերային գոտի պահպանելու նորմն ու իր զորամիավորումները տեղադրում, ապա ենթադրել կարելի է, որ Լաչինի միջանցքը փակելու գաղափարն Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարող է եւ իրագործել: Հավանական ու ողբերագական ելքեր ենթադրող այս սցենարը նաեւ Արցախում չեն բացառում: Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանն առհասարակ չի էլ թաքցնում իր ծավալապաշտական նկատառումները, իսկ վերջերս սկսել է շատ ավելի շահարկել Հայաստանն Արցախին միացնող միջանցքի հարցը:
«Անընդհատ սուտ լուրեր է տարածում, իբրեւ թե Լաչինի միջանցքով զենք զինամթերք է գալիս, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Հետեւաբար, ի դեմս Ադրբեջանի, մենք հարեւան ունենք, որն իսկապես ատելությամբ է լցված հայ ժողովրդի, Ացախի ու Հայաստանի նկատմամբ: Նա, իհարկե, տարբեր բաներ կարող է ձեռնարկել, բայց մենք էլ, բնականաբար, պետք է համապատասխան աշխատանք տանենք՝ նրանց ահաբեկչական բնույթի քայլերն ու նպատակները չեզոքացնելու: Իսկ այդ աշխատանքները, առաջին հերթին, պետք է ռուս խաղաղապահների, Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների՝ ԱՄՆի ու Ֆրանսիայի հետ տանենք»,- ընդգծեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։