Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա որևէ այլ ուժ, որը մեր փոխարեն գալու է ու խնդիրը լուծի. Թևան Պողոսյան. «Փաստ»

Նոյեմբեր 26,2022 10:08

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ակտիվությունը դեռ ոչինչ չի նշանակում, բացի նրանից, թե կողմերի իրական ցանկությունները որ կետում են, կամ ինչ են իրենք նշում կարմիր գծերի մասով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով խաղաղության փաստաթղթի ստորագրման շուրջ այս փուլում առկա իրողություններին:

«Ալիևն ասում է՝ մեզ պետք է միջանցք տալ, Հայաստանի իշխանություններն ասում են՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր: Նախ՝ հիմա ո՞վ է լինելու այն ուժը, որը գալու է ու ադրբեջանական զորքերին դուրս հանի և նոր 29 հազար 800 ձևավորի, որ ինչ-որ բան ստորագրեն, երկրորդ՝ հայկական կողմը տալո՞ւ է միջանցքը: Եթե այս ամենը չկա, ի՞նչ տարբերություն, օրը 25 անգամ, թե մեկ անգամ են հանդիպում: Այսօր ինտենսիվության խնդիրն աշխարհում առկա որոշ փոփոխությունների շրջանակներից է գալիս: Ու թեպետ թվում է, թե գործընթացներն ինտենսիվ են, բայց նույն Ալիևը հենց երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին պետք է հանդիպում լիներ, որը, իր պատկերացմամբ, չի կայանալու, որովհետև հայկական կողմն ասել է, որ Ֆրանսիայի նախագահն էլ պետք է մասնակցի: Այսօրվա դրությամբ կողմերն ամեն անգամ ասում են՝ մի հոգի էլ պետք մասնակցի՝ միջնորդի, լսողի կամ վկայի կարգավիճակով: Այս անվստահության պայմաններում ի՞նչ ստորագրման մասին է խոսքը: Սա՝ գործընթացի մասին»,ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իրական ցանկություններին ու վարքագծին, հիշեցնելով Փաշինյանի այն հայտարարությունները, թե երբ հայկական կողմը մի բանի համաձայնել է, Ադրբեջանը մերժել է, Թևան Պողոսյանը շեշտեց, որ այսօր ո՛չ Փաշինյանն է փոխվել, ո՛չ Ալիևը. «Հիմա էլ եթե Փաշինյանն ասի՝ լավ, համաձայն եմ, Ալիևը նույն վայրկյանին նոր պայման է դնելու, որովհետև իր երազանքը նկարագրել է. ասում է՝ «ամբողջովին Զանգեզուրն էլ, Սևանն էլ եմ վերցնելու, Երևան էլ եմ գալու»:

Այդ դեպքում ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել, որը մեկ համաձայնագիր էր, հետո դարձավ շրջանակային համաձայնագիր, հետո էլ ասացին՝ ռուսական մոտեցումներին են համաձայնություն տվել, թեպետ մինչ այդ մեղադրում էին Ռուսաստանին»: Կրկին ընդգծելով, որ Ալիևը չի փոխվել, նա հավելեց. «Գուցե վաղը մի տարբերակ լինի, որը հայկական կողմը շատ կցանկանա ստորագրել, բայց եթե Ալիևին պետք չլինի, չի ստորագրի: Նա որևէ պատճառ կգտնի ու կձգձգի գործընթացները: Ինքն արդեն այսօր է հայտարարում, որ Հայաստանն ուզի, թե ոչ, միջանցք է տալու, հայկական կողմն էլ ասել է՝ միջանցք չի տալու: Եթե այդ կետը հիմա որոշված չէ, ո՞վ է այն ուժը, որն Ադրբեջանին ծեծելով՝ ստիպելու է համաձայնել, որովհետև եթե Ադրբեջանին այսօր չծեծես, ոչնչի էլ չի համաձայնելու: Ես աշխարհում նման միայն մեկ ուժ գիտեմ. դա հայկական բանակն է և հայ ազգի՝ նշվածն իրականացնելու միասնական ցանկությունն ու երազանքը: Եթե նշվածն իրականացնելու պոտենցիալը չկա, դա այսօր չի կատարվելու: Չկա որևէ այլ ուժ, որը մեր փոխարեն գալու է ու այդ խնդիրը լուծի:

Միակ բանը, որի վրա հույսներս պետք է դնենք, մեր բանակի հզորացումն է, ազգային միասնությունը վերականգնելն է»:

Թևան Պողոսյանը նշեց, որ վերոնշյալին հասնելու համար պետք է ժամանակ շահել. «Իսկ ժամանակ շահելու լավագույն ցուցիչը կլինի բանակցող փոխելը, բայց գիտակցված, ինքնակամ գործողություններ պետք է անել, ինչը հայկական նոր մոտեցման ձևավորումը կլինի: Գիտակցված ու ինքնակամ պետք է գործել, որ կարողանանք մեր մեջ ձևավորված սև գծերը, պառակտվածությունները հաղթահարել»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրականում մենք մեր կարմիր գծերը դեռ վաղուց ենք ձևակերպել:

«Մենք Արցախը կորցնելու իրավունք չունենք: Սա կարմիր գիծ է, որի մասին մենք գիտենք, բայց աշխարհին էլ պետք է ասել: Իշխանությունների մոտ չի ստացվի, քանի որ բանավոր շատ այլ բաներ են ասել: Հիմա եթե անգամ շուռ գան ու ասեն՝ չէ, գիտեք, Արցախը կարևոր է, բոլորն ասելու են՝ լռեք: Նաև սա է պատճառը, որ պետք է գիտակցված ու ինքնակամ ասեն, որ հեռանում են, և պետք է գտնել մեկին, որը կարողանալու է նոր մոտեցումների ձևակերպում բերել, չի ունենալու հին պարտավորությունները: Մինչդեռ պարտված իշխանությունը կարող է նոր պարտություններ բերել. մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել: Չեք ուզում մի «X-յանը» լինի, ուրիշ «Y-յանի» գիտեք, արեք դա: Դա ամենակարևորն է: Այո, բոլորս գիտենք կարմիր գծերը, բայց մի կարևոր բան կա. առանց մեր հաղթանակի խաղաղություն չի լինելու: Եթե պետք է խաղաղություն լինի, այն պետք է լինի պարտադրված հաղթանակով, ինչը բխում է մեր թշնամու վարքագծից: Դարերի պատմությունն է ցույց տալիս, որ երբ ջարդել ենք, կարողացել ենք խաղաղ ապրել»,-նշեց Թ. Պողոսյանը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930