Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բրյուսելյան ձեւաչափը» սպառվե՞լ է

Նոյեմբեր 26,2022 10:00

Ալիեւի ոչ մի խոսքի ես, բնականաբար, չեմ հավատում: Երբ նա ասում է, թե Փաշինյանը պայման է դրել, որ Բրյուսելում կհանդիպի իր հետ միայն այն դեպքում, եթե այդ բանակցություններին մասնակցի նաեւ Մակրոնը, դա, կարծում եմ, փաստերի որոշակի խեղաթյուրում է: Ադրբեջանի նախագահի համար կարեւոր է ընդգծել իր «նեղացածությունը» Ֆրանսիայից. նա այնքան է «նեղացել» Ֆրանսիայի Սենատի բանաձեւից եւ Մակրոնի հարցազրույցից, որ վերջինիս երեսն անգամ չի ուզում տեսնել: Մյուս կողմից հարց է առաջանում՝ արդյո՞ք Պրահայում հստակ պայմանավորվածություն կար հաջորդ անգամ պարտադիր հանդիպել քառակողմ ձեւաչափով, ինչպես որ դա ներկայացնում է Հայաստանի ԱԳ նախարարությունը, թե՞ կար հնարավորություն հանդիպել բացառապես ԵՄ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ: Եթե կար նման հնարավորություն, ապա դրանից, կարծում եմ, պետք էր օգտվել: Ուրիշ հարց, որ, ինչպես արդեն ասել եմ, ԵՄ հարթակում ձեռք բերված կամ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների մասին պետք է մանրամասն տեղյակ պահել Մոսկվային եւ հակառակը:

Բայց այստեղ, ինձ թվում է, մեկ այլ խնդիր կա:  Շատ հնարավոր է, որ Հայաստանն այս պահին առանձնապես հակված չէ «բրյուսելյան ձեւաչափին», քանի որ Երեւանում Պուտինն իր մեքենայում կամ որեւէ այլ փակ քննարկման ժամանակ «միանձնյա միջնորդ» դառնալու ցանկություն է հայտնել, ու բացառված չէ նաեւ՝ Փաշինյանին որոշակի առաջարկներ է արել, որոնք  վերջինս ձեռնտու է համարել:

Այդ վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ Ալիեւը թե՛ երեկվա միջազգային համաժողովում, եւ թե՛ դրանից առաջ փաստացի բողոքում էր Ռուսաստանից՝ այդ բողոքները «փաթեթավորելով»՝ որպես Հայաստանի հասցեին վիրավորանքներ: Գումարած դրան՝ հարեւան երկրի պաշտոնական ներկայացուցիչներն են դժգոհել ռուս խաղաղապահներից, թե իբր նրանք թույլ են տալիս, որ Լաչինի միջանցքով զենք տեղափոխվի, ինչպես նաեւ կիրառում են արցախյան տեղանունների հայկական տարբերակները: Ռուսաստանի, մեղմ ասած, անհաջողություններն Ուկրաինայում ակնհայտորեն ոգեւորում են Ալիեւին, եւ չեմ բացառում, որ նա Արցախում եւ, մասնավորապես, Լաչինի միջանցքում սադրանքների դիմի՝ հաշվի չառնելով խաղաղապահների ներկայությունը:

Հայաստանի համար, իհարկե, ցանկալի կլիներ պահպանել մի քանի ձեւաչափ ու փորձել ամեն մեկից կորզել առավելագույնը: Բայց նման նուրբ խաղը պահանջում է մտավոր որոշակի մակարդակ, պրոֆեսիոնալիզմ, ինչպես նաեւ աշխատանք, որի նպատակը ոչ թե սազանդարների եւ երկրպագուների հրճվանքն է («կեցցե՛ մեր դուխով վարչապետը» սերիայից) , այլ՝ որոշ շոշափելի արդյունքը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հին աշխարհակարգը փլուզվում է իր հին օրենքներով հանդերձ, հիմա խուժան կռիվ է գնում՝ ով ուժեղ է, նա էլ տեր է: Հին օրենքները կորցրել են իրենց ուժն ու նյութական ապահովվածությունը եւ մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ Օրենքը սիրուն, քաղաքակիրթ, արդար լինի, եթե Օրենքն իր թիկունքում չունի իրեն պաշտպան Ուժն ու նյութական Հարստությունը, նման Օրենքն ապագա չունի: Աշխարհակարգերը նման են սողունների մաշկին՝ հինը փոխարինվում է նորով եւ եթե ժողովուրդները կառչած մնան հին աշխարհակարգից, մեծ ցավերով նոր աշխարհակարգ կմտնեն կամ ընդհանրապես չեն մտնի եւ կմնան անցյալում: Մեծ կայսրությունները հենց իրենց հին մաշկից չհրաժարվելու պատճառով են վերացել:
    Մենք անկախություն ստացանք աշխարհակարգերի փոփոխման ժամանակ, սա պատերազմների շրջանն է. խաղաղության ժամանակները, երբ պետք է պատրաստվեինք այսօրվա աշխարհով մեկ պատերազմանական ժամանակներին, մեր անհեռատես իշխանություններն ու ընդդիմությունները ցոփ ու շվայտ վատնեցին, այդպես էլ չհասկացան նուշն ինչ է:
    Ի՞նչ անենք այսօր: Պաշտպանենք մեր հարստությունը՝ մարդուն իր հողի վրա, հողն ու ջուրը, օդն ու օգտակար հանածոները: Դրա համար հին աշխարհակարգի ֆինանսատնտեսական խունտան պետք է փոխարինվի քաղաքացիական եւ ոչ թե ռազմական գենշտաբով, նման բան մեր այսօրվա օրինական կառավարության մեջ չի նախատեսվում, դրա համար միայն քաղաքական եւ հասարակական ուժերի համախմբմամբ եւ նրանց արարչագործ գործունեությամբ է, որ կարող ենք էս խուժան կռվում հաղթենք: Ինչքան էլ մեր հինգերորդ շարասյունը ծախված լինի սրան նրան, բայց եթե մեջները մի կաթիլ հայ կա, ուրեմն իրենք էլ պետք է աջակցեն հայի հաղթանակին:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930