Ազգային ժողովի պատգամավոր Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ
Պարոն նախագահ,
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված չարդարացված և չհրահրված ռազմական ագրեսիան հանգեցրել է Հայաստանի արևելյան սահմանի մոտ բնակվող խաղաղ բնակչության համար լուրջ մարդասիրական հետևանքների ՝ 36 քաղաքների և գյուղերի գնդակոծում, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ 1500 երեխաների տեղահանում, հարյուրավոր բնակելի տների, հյուրանոցների, դպրոցների, բժշկական հաստատությունների, լրատվամիջոցների աշխատակիցների թիրախավորում և 211 հայերի, այդ թվում ՝ քաղաքացիական անձանց սպանություն։
Այս ագրեսիայից մի քանի օր անց ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվեցին սարսափելի տեսանյութեր, որոնք ցուցադրում էին անզեն հայ զինվորների արտադատական մահապատիժները։ Զոհված հայ կին զինծառայողների մարմինները խոշտանգվել են, ապա դաժանաբար տեսանկարահանվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։
Կարդացեք նաև
Մի քանի շաբաթ առաջ ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից երկու տարի անց, Ադրբեջանի նախագահը հանդես եկավ ատելությամբ բորբոքված ելույթով, որում փառաբանում էր այդ հանցագործությունները և արդարացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան։ Այս ելույթում Ալիևը պարծենում է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են առանցքային ռազմավարական բարձունքներում՝ թվարկելով Հայաստանում իր հնարավոր նոր թիրախների աշխարհագրական տեղանքների անունները: «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում… Այս ամենը պետք է դաս լինի Հայաստանի համար»,- ասաց նա:
Այդ վայրերը Հայաստանի քաղաքներն ու գյուղերն են, որտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում, և Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն սպառնում է այդ մարդկանց։ Իր ելույթում նա նաև ուղերձ ուներ միջազգային հանրության համար, ասելով՝ «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, մենք երբեք չէինք սկսի ղարաբաղյան երկրորդ պատերազմը»:
Հարգելի՛ գործընկերներ,
ԵԱՀԿ-ի հիմնադիր փաստաթղթում ընդունված առաջնորդող սկզբունքներից մեկը ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալն է։ Հելսինկյան եզրափակիչ ակտը հստակ սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը ենթադրում է ուժի սպառնալիք կամ ուժի ուղղակի կամ անուղղակի կիրառում մասնակից այլ պետության դեմ: Այս վեհաժողովը պետք է շատ ամուր լինի այդ սկզբունքի պաշտպանության հարցում և պետք է շատ հստակ դատապարտի այդ սկզբունքի խախտումները։