«Թուղթ, մկրատ, գույն»՝ հայ եւ արտասահմանցի արվեստագետների մասին պատմող, ուսուցողական, ինչպես նաեւ ստեղծագործական ունակությունները զարգացնող գիրքն արդեն հասանելի է բոլոր գրախանութներում։ Այս ձեռնարկը կդառնա ձեր ուղեկիցը ճանապարհին, տանը, դպրոցում եւ ամենուր։
Սա հեղինակ Դավիթ Ավանեսյանի երկրորդ գիրքն է. անցած տարի հրատարակել էր «Արծվազարդ երկինք» հուշագրություն-վավերագրությունը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված՝ ծառայակից ընկերների հիշատակին։
«Երեւի պատերազմի հուշագրությունից հետո, ճիշտ ժամանակն էր ինձ՝ գույներ ստեղծելու հնարավորություն տալու»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Ավանեսյանը։
Երիտասարդ հեղինակը պատմում է, որ այս ձեռնարկի ստեղծման գաղափարն առաջացավ, երբ նա փնտրում էր նման գիրք։ Գրախանութներով շրջելուց հասկացավ՝ սրտի ուզածը չի գտնում ու մտածեց, ինչու չստեղծի սեփականը: «Մայիս ամսին սկսեցի ուսումնասիրել արտասահմանյան շուկայում առկա նմանատիպ գրքերը՝ գաղափարիս զարգացման ու հղկման համար։ Հինգ ամսում սեւագիրը մաքրագիր դարձավ, ու այսօր արդեն շոշափելի է արդյունքը»,- գրքի խորագիրն է՝ «Արվեստ բոլորի համար»։
Ավանեսյանն ընդգծում է՝ գիրքն էլ խորագրի նման, բոլորի համար է։ Ծնողներն ու ընկերներն էլ անմասն չեն մնա. կան առաջադրանքներ, որոնք խմբային մասնակցություն են պահանջում: Հետագա նախագծերի մասին Դավիթը չմանրամասնեց, փոխարենն ընդգծեց, որ շատ նոր գաղափարներ ունի ու անհամբեր է՝ երբ է դրանք իրականացնելու։ «Վերջին ամիսներին աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էի. տեղի բարքերն ու նիստուկացը ինձ ոգեշնչեցին. սիրում եմ մշակութային բացահայտումներ։ Ի դեպ, արդեն սկսել եմ նոր նովելի նախարտադրական պրոցեսը։ Հետաքրքիր է լինելու»։
Անահիտ ԱՎԵՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.11.2022