ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ
Հարգելի գործընկերներ,
Իրականությունը, որին բախվում ենք մեր օրերում, ոչ միայն բարդ է, այլեւ սարսափելի։ Մեր երկրներից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել։
Ուկրաինայում շարունակվող պատերազմը հանգեցրել է Եվրոպայում անվտանգության ճգնաժամի, որը մեզ քիչ հնարավորություն է տալիս կենտրոնանալու այլ հակամարտությունների վրա: Այնուամենայնիվ, այս մոտեցումը սխալ է, քանի որ ճգնաժամերը միտում ունեն ոչ միայն սրվելու, այլեւ տարածվելու։ Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին վճռական եւ համարժեք արձագանքի բացակայությունը նախադեպ ստեղծեց ուժի կիրառմամբ հարցերը «լուծելու» եւ ստիպելու աշխարհին հաշտվել դրա հետեւանքների հետ:
Կարդացեք նաև
Եթե մեկ ավտորիտար պետություն կարող է ագրեսիա սանձազերծել, գործել պատերազմական հանցագործություններ եւ մնալ անպատիժ, ինչու որեւէ այլ ավտորիտար պետություն չպետք է մտածի, որ կարող է նույնպես փորձել եւ «հաջողել»:
Սակայն այսօր, փոխանակ պատասխանելու ադրբեջանական գործընկերների հայելային մեղադրանքներին, որը նրանց սովորական ռազմավարությունն է, ես ցանկանում եմ խոսել մեր արձագանքի մասին. ինչ պետք է անենք մենք:
Ի տարբերություն միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների եւ պետությունների ղեկավարների, ովքեր Ադրբեջանին հուժկու ուղերձ ուղղեցին այն մասին, որ ագրեսիան չի կարող հանդուրժվել, մեր Խորհրդարանական վեհաժողովը, ամոթալի կերպով չի անդրադարձել իրավիճակին հասցեական եւ հստակ հայտարարություններով։
Մեր պատասխանը ագրեսիային պետք է լինի շատ կոնկրետ. ժողովրդավար պետությունները պետք է աջակցեն ժողովրդավար պետություններին: Ավտորիտար երկրի կողմից հարձակման ենթարկված ժողովրդավարությանը չաջակցելը ուղղակի եւ ահռելի վնաս է ժողովրդավարությանը՝ վերջինիս մենակ թողնելով այն վտանգավոր գաղափարի դեմ, որ ժողովրդավարությունները չեն կարող պաշտպանել իրենց, եւ անվտանգությունն ավելի լավ է ապահովվում ոչ ժողովրդավարական միջոցներով, այսպես կոչված «ուժեղ ձեռքի» միջոցով: Այս ռիսկի իրականացման հետեւանքները չպետք է թերագնահատվեն ոչ միայն Հայաստանի կամ Կովկասյան տարածաշրջանի, այլեւ ԵԱՀԿ ավելի մեծ տարածաշրջանի համար։
Խոսելով գործնական քայլերի մասին՝ ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան է ուղարկել կարիքների գնահատման առաքելություն։ Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության զեկույցի հասանելիությունը բոլոր մասնակից պետությունների համար էական նշանակություն կունենա՝ ապահովելով ԵԱՀԿ-ի հետագա ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ առանցքային դեր կխաղա նոր հնարավոր ագրեսիան կանխելու եւ Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։