ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ
Հարգելի գործընկերներ,
Անվտանգության և տնտեսության միջև կապն այս տարի նոր կարևորություն է ձեռք բերել ողջ աշխարհի և այս խորհրդարանական վեհաժողովի համար։
Ես ցանկանում եմ խոսել Հարավային Կովկասի մասին: Հայաստանը մի երկիր է, որն արդեն երեք տասնամյակ է, ինչ գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման մեջ։
Կարդացեք նաև
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ավարտվեց 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, հատուկ կետ ունի՝ նվիրված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Այդ կետը հույս է ներշնչում, որ Ադրբեջանն իսկապես կշրջի հակամարտության էջը, ինչպես հաճախ պնդում է և կսկսի համագործակցության դարաշրջան Հարավային Կովկասում։
Ադրբեջանը մինչ այժմ դանդաղեցրել է բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը և պահանջում է Հայաստանի տարածքով հատուկ կապ` հատուկ միջանցք, ինչպես իրենք են այն անվանում` առանց Հայաստանի անվտանգային և մաքսային վերահսկողության:
Այդ պահանջն արդարացնելու համար Ադրբեջանը վկայակոչում է նույն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հիշատակված Լաչինի միջանցքը. այն միջանցքը, որը Հայաստանն օգտագործում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ և մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Լաչինի միջանցքն, իրապես, ոչ թե ճանապարհ է, այլև հատուկ մարդասիրական միջանցք։ Այն ունի 5 կմ լայնություն և ձգվում է մինչև Լեռնային Ղարաբաղ, ուրիշ ոչ մի այլ տեղ: Այն փակ միջանցք է։
Լաչինի միջանցքն օգտագործվում է բացառապես Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ և մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղի հայերը շրջապատված են սեփական պաշտպանական ուժերով և ռուս խաղաղապահներով։ Վերջին երկուսն այնտեղ են միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում հայերը ադրբեջանական բանակի կողմից գտնվում են շրջափակման մեջ: Հետևաբար, Լաչինի միջանցքը ոչ թե տնտեսական նախագիծ է, այլև մարդասիրական միջանցք է Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:
Հիմա վերադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը` կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է բացել իր բոլոր ճանապարհները, ընդգծում եմ` բոլոր ճանապարհները և ապահովել դրանց օգտագործումն Ադրբեջանի կողմից։
Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են վախենալ Հայաստանի ճանապարհներով անցնելուց և Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ շփումից։
Թեև մենք դեմ չենք սահմանային ու մաքսային ծառայության տրամադրումը արտապատվիրակելուն մեկ այլ` երրորդ կողմի, մենք համարում ենք, որ ճիշտ կլինի, եթե ադրբեջանցի ծառայողները վերահսկեն Ադրբեջանի սահմանը, իսկ հայ ծառայողները` Հայաստանի սահմանը: Եվ ամենակարևորը` բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու և համագործակցություն սկսելու ոգով և ոչ թե մեկուսացման ոգով:
Շնորհակալ եմ: