Տավուշի մարզի Դիտավան գյուղի թիվ 1 խնդիրը 1975 թ.-ին կառուցված կենտրոնական ճանապարհն է: Այն դժվարանցանելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Վերջին անգամ ճանապարհը նորոգվել է 1985 թվականին: Արդեն մեկ շաբաթ է, ինչ այդ ճանապարհին մեկնարկել են շինարարական աշխատանքներ: Դիտավան բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանը նշեց, որ աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության միջոցներով:
«Տարիներ շարունակ բոլոր գյուղապետերի ղեկավարման ժամանակ այդ ճանապարհի խնդիրը եղել է ամենագլխավորը: Հիմա վերջապես աշխատանքները մեկնարկել են: Մոտ 460.000.000 դրամ է հատկացվել ճանապարհի հիմնանորոգման համար: Գյուղում այս պահին ընթանում են նաև ջրագծի կառուցման աշխատանքները, ինչը ևս ոչ պակաս կարևոր խնդիր է: Կցանկանայի նաև կարևորել մարզպետ Ղալումյանի անմիջական ջանքերը` ճանապարհի հիմնանորոգումը նախաձեռնելու գործում»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սարիբեկյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ