Այսօր առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրու միասնական սոցիալական ծառայությունում։
Բանն այն է, որ միայն Գյումրիից 479 ընտանիք զրկվել է նպաստից, քանի որ կառավարությունը 3000 դրամով ավելացրել է այս մարդկանց կենսաթոշակները, որի պատճառով էլ իջել են նրանց սոցիալական բալերը։
Առավոտյան ժամը 11․00-ի սահմաններում փոստային բաժանմունքներ գնալով ու տեսնելով, որ չկա նպաստը, քաղաքացիները դիմել են փոստային բաժանմունքների ղեկավարներին ու տեղեկացել, որ իրենց անունները չկան սոցիալական միասնական ծառայություններից ստացված ցուցակներում։
Քաղաքացիներին ուղղորդել են սոցիալական միասնական ծառայություն, որտեղ և սկսվել են պետի ու աշխատակիցների մոտ մտնելու հերթեր, վիճաբանություններ։
Կարդացեք նաև
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Գյումրու ավագանու անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Միրզոյանը, որն ականատես է եղել այս ամենին, քանի որ մեծ թվով քաղաքացիներ ահազանգել էին իրեն։ Նա ճշտումներ անելուց հետո ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հորդորելով լրատվամիջոցներին բարձրաձայնել հարցը։
Նարեկ Միրզոյանը գրել էր․
«Կառավարության «հանճարեղ» բարեփոխումների արդյունքում այսօր Գյումրիում շուրջ 479 ընտանիք զրկվել է նպաստից սոսկ այն պատճառով, որ կառավարությունը 3000 ՀՀ դրամով բարձրացել էր կենսաթոշակները։ Նպաստառուները փոստային բաժանմունքում անակնկալի են եկել այն փաստից, որ իրենց անունը բացակայում է նպաստառուների ցուցակից։ Բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են էլ ավելի ծայրահեղ վիճակում, 3000 դրամի բարձրացման պատճառով նպաստառու ընտանիքներին զրկել են առնվազն 18000 ՀՀ դրամից, որը ծայրահեղ աղքատության պայմաններում, ձմռան շեմին անելանելի դրության մեջ է դրել 100-ավոր անապահով ընտանիքների։
Հետաքրքիր է` ի՞նչ է մտածում գործող իշխանությունը, որի կործանարար գործունեության արդյունքում միայն Գյումրիում 100-ավոր ընտանիքներ զրկվել են նպաստներից։
Ակնկալում եմ լրատվամիջոցների ու պատկան մարմինների հրատապ արձագանքը` անչափ կարևոր այս խնդիրը բարձրաձայնելու և խնդրին լուծում տալու համար»։
Նարեկ Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ խայտառակ իրավիճակ է ստեղծվել։
«Իհարկե, կային նպաստառուներ, որոնք 24 հազար, 32 հազար դրամ նպաստ էին ստանում՝ կախված անչափահասների թվից։ Ովքեր անչափահաս երեխաներ ունեն տանը, նրանց միավորը մեխանիկորեն բարձրացվում է համակարգի կողմից, բավական բարդ բանաձև է գործում։
Կարողացա ճշտել, որ Գյումրի քաղաքում 479 ընտանիք կոնկրետ այսօր զրկվել է նպաստ ստանալու հնարավորությունից։ Օրվա ընթացքում կարողացա հստակեցնել Ախուրյանի թիվը, 81 հոգի էլ զրկվել են Ախուրյանում։
Ամասիայում, Աշոցքում, Անիում այս պահին տեղեկություններ չունեմ։ Միջին վիճակագրական տվյալներից ելնելով՝ կասեմ, որ առնվազն 80-100 հոգի էլ այնտեղ զրկված կլինեն։
Ձմռան շեմին սոցիալական նման ծանր իրավիճակում մարդիկ առնվազն զրկվում են 18 հազար դրամից, որը կոմունալ վճարումների, դեղորայքի ու մնացած առաջնային ծախսերի գումար էր։
Սա բավական լուրջ սոցիալական անհարմարություն է առաջացնելու ողջ երկրում, հատկապես Շիրակի մարզում։
Նպաստից զրկված 479 քաղաքացիների 80 տոկոսը «Հայփոստից» ուղղորդվել են սոցապ, այնտեղ հերթեր են գոյացել, փորձել են պարզաբանումներ ներկայացնել, իհարկե խոսքը կառավարության որոշման մասին է։ Սոցապի աշխատողները ներկայացրել են, որ իրենք մեղավոր չեն այն առումով, որ միավորն ավտոմատ համակարգի կողմից իջեցվել է, իրենք այս հարցում որևէ պատասխանատվություն չունեն։
Հերթեր, վիճաբանություններ, կռիվներ սոցապի միջանցքներում, քաղաքացիների խառնաշփոթ, պետի ու աշխատակիցների կողմից բազմաթիվ քաղաքացիների ընդունելություններ, անհարմարություններ, մեծ դժգոհություններ Գյումրիում»։
Նարեկ Միրզոյանն ասաց, որ սոցիալական ցանցում գրառում կատարելուց հետո տեղեկացել է, որ նույն իրավիճակն է հանրապետության մյուս մարզերում․ բազմաթիվ անձինք գրառում են կատարել, որ նույն վիճակն է Ալավերդիում, Աբովյանում, պատկերը համատարած բնույթ է կրում։
«Մի քանի քաղաքացիների ես էսօր անձամբ ընդունել եմ, լսել եմ նրանց վրդովմունքը, որևէ բացատրություն իրենց համար անհասկանալի էր, բոլորը միաբերան ասում էին՝ էս գնաճի պայմաններում 3 հազար դրամ թոշակ ավելացնելով, որը գնաճի հետ համարժեք էլ չէ, զրկվեցինք նպաստից, որը դեղորայք, կոմունալ վճարումներ իրականացնելու հնարավորություն էր, անելանելի իրավիճակում էին հայտնվել։
Եթե կառավարությունը լուրջ քայլեր չձեռնարկի և չփորձի վերանայել մարդկանց միավորները, սա իրոք սոցիալական բունտի թեմա կդառնա Շիրակի մարզի պես անապահով տեղանքում` մանավանդ ձմռան շեմին, երբ որ կոմունալ վճարումները՝ էլեկտրաէներգիայի, գազի ծախսերն ամռան ամիսների հետ համեմատ՝ բավական շատ են։
Չհաշված քաղաքացիներից շատերը բողոքում էին նաև դեղորայքի թանկացումից, ասում էին՝ 2400 դրամանոց դեղը դարձել է 3000 դրամ և թոշակի աննշան բարձրացումը 3000 դրամի չափով, որը հանգեցրել է 18 հազար դրամի կորստին, բացարձակ չի համապատասխանում այն իրավիճակին, որն այսօր գոյություն ունի»։
Գյումրու ավագանու անդամի հաշվարկներով՝ մարզում առնվազն 1000 հոգի զրկվել է նպաստից։ Ըստ նրա՝ գուցե 30-40 հոգին նպաստի արժանի չլինեին ու ապօրինի ստանային՝ պետական համակարգի բացթողման արդյունքում, բայց մյուսներն իրոք կարիքավորներ են, նրանց տեսքից անգամ երևում է։
«Այսօր ես տեսա 70 տարեկան տղամարդու, որը հեծկլտալով լացում էր, վարձով էին ապրում, դրանից հետո եմ կատարել գրառումս՝ լրատվամիջոցներին հորդորելով բարձրաձայնել խնդիրը»,- ասաց Նարեկ Միրզոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ