Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյանի ընդհանրացումը՝ հեռացված դերասանուհուց մինչեւ Արցախի կորուստ

Նոյեմբեր 25,2022 22:10

«Բավականին ցավալի դեպք է, եւ առաջին դեպքը չէ: Թատրոնից հեռացվել է նաեւ Գուժ Մանուկյանը, որը մեր բեմի աստղերից է եղել: Իհարկե, կարելի վրդովվել, բայց պետք է նաեւ այս ամենի հիմքերը նայել, տեսնել, թե ինչից է ստեղծվել այս իրավիճակը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին կամայականորեն աշխատանքից ազատելուն:

«Իմ կարծիքով, այս իրավիճակի հետ կապված մի քանի հարց կա: Առաջինն  այն է, որ հայ ժողովուրդը, մեր հասարակությունը կոլեգիալ ինստիտուտներ չունի, նկատի ունեմ, առաջին հերթին տվյալ դեպքում՝ արհմիություններ: Բոլոր ոլորտներում մարդիկ անպաշտպան են՝ ուսուցիչ, գիտնական, դերասան… չկան ճյուղային արհմիություններ, խոսքը ձեւական լինելու մասին չէ (կոնֆեդերացիան կա), որոնք պետք է պաշտպանեն իրենց համայնքի անդամների շահերը: Եթե հիմա թատերական գործիչների արհմիություն  լիներ, մեծ աղմուկ կբարձրացներ, կպաշտպաներ տիկնոջ ու Գուժ Մանուկյանի շահերն ու իրավունքները: Բայց, ցավոք սրտի, այդ մշակույթը չունենք, էլ չխոսենք իրավական համակարգի մասին, որը բացարձակապես անկախ չէ:

Երկրորդը՝ գոյություն ունի Թատերական գործիչների միություն, ո՞ւր է այդ միությունը՝ տվյալ դեպքում: Հավանաբար, մյուս միությունների նման, այստեղ էլ ղեկավարը անմահ իր պաշտոնին է, միության տարածքն էլ վարձով է տվել, եւ դրանով  բոլոր հարցերը փակվել են:

Երրորդը՝  թատրոնների միավորում եղավ, եւ դեռ հարց է՝ շարունակություն կլինի՞, որոշ թատրոններ կրկին կմիավորվե՞ն…Իսկ ինչի համար, որպեսզի պետական ծախսերը քիչ լինեն: Նույնը վերաբերվում է բուհերին, գիշերօթիկներին, գիտական միավորումներին եւ  այլն»,-հավելեց իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանը մի դերասանուհու օրինակով նման ընդհանրացում արեց. «Օրինակ, Բրյուսովի անվան համալսարանը ցույց արեց՝ ընդդեմ միավորման, մյուս բուհերին եւս նույն ճակատագիրն է սպասվում, իրենց էլ են հասնելու: Իմ կարծիքով, Բրյուսովի համալսարանի բողոքի ցույցին պետք է միանային բոլորը, այդ թվում՝ դրամատիկական թատրոնի դերասաններն ու դերասանուհիները, բայց ցավոք, մենք չունենք քաղաքացիական դիրքորոշում: Դրա համար էլ մեր այդ թուլությունը ամենամեծ զենքն է իշխանության ձեռքին՝ մեր հասարակության դեմ: Նույնը վերաբերում է նաեւ ազգային հարցերին: Կորցնում ենք Արցախ, կորցնում ենք տարածքներ, բայց չկա բոլորի ցավը… Ինչպես Բրյուսովի համալսարանի համար չեն ցավում Ֆիզկուլտ ինստիտուտի կամ մանկավարժականի ու պետական համալսարանի դասախոսական եւ ուսանողական կազմերը, նույն ձեւով Արցախի եւ Սյունիքի համար ցավ չունեն երեւանցիները, լոռեցիները, կոտայքցիները: Սա ազգային ողբերգություն է…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եթե փորձենք ավելի ընդհանրացնել, ապա այդ ամենի պատճառը հայերիս չափից ավելի եսակենտրոն լինելն է։ Այդպիսին ենք եղել դարեր առաջ, սյդպիսին ենք եղել 1915թ, այդպիսին ենք այսօր։ Դրա հետևանքով էլ, միշտ մեր այդ սխալ պահվածքի դառը պտուղներն ենք կերել։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930