Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Հայ նյարդաբանների բժշկական ասոցիացիայի, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի եւ հիվանդների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից ստացել էր գրություն՝ Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության վերահսկման վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար:
Դեղերի պատշաճ պահպանման եւ տեղափոխման խնդիրներն ու դրանց վերահսկողությունը, օրենսդրական խոչընդոտներն ու առկա բացերին վերաբերող հարցերը մշտապես օրենսդիրի ուշադրության կենտրոնում են: Այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Քննարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին, որին մասնակցել են ներկայացուցիչներ Առողջապահության նախարարությունից, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, պատգամավորներ եւ փորձագետներ:
Բժշկական ասոցիացիաների ղեկավարներն իրենց մտահոգությունն են հայտնել տարբեր ճանապարհներով դեղորայքների ներկրման վերաբերյալ: Կարեւորվել է համապատասխան օրենսդրական դաշտի առկայությունը, ինչը հնարավորություն կընձեռի վերահսկողություն իրականացնել դեղերի շուկայի նկատմամբ՝ հնարավորինս բացահայտելով անորակ, կեղծ ժամկետանց դեղերի շրջանառությունը: Քննարկվել են նաեւ դեղորայքային շուկան վերահսկող արդյունավետ մեխանիզմներ մշակելուն վերաբերող հարցեր, կարեւորվել է քաղաքացիների իրազեկումը:
Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ ամենօրյա իրականացվող աշխատանքների, օրենսդրական փոփոխությունների, կանոնակարգումների արդյունքում պետք է հասնել նրան, որ դեղերը ՀՀ-ում լինեն մատչելի, հասանելի եւ որակյալ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ