Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Զարուհի Բաթոյանն ու Սոնա Ղազարյանը նախաձեռնել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխությունները։
Այսօր ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակին նվիրված համաժողովում Սոնա Ղազարյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկում նախագծով։ Գործող օրենքում զուգընկեր տերմինը չկա, եւ ինչպես ասաց պատգամավորը, այս տերմինի բացակայությունը խնդիրներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում։
«Անդրադարձել ենք ընտանիքի անդամներին, որոնք համատեղ բնակության մեջ չեն գտնվում, որովհետեւ Հայաստանում իրականում ընտանիքում բռնության կանխարգելման մեխանիզմ չէ այն փաստը, որ նրանք համատեղ բնակության անձինք չեն։ Այս ձեւակերպման շուրջ ենք աշխատել։ Օրենքը նաեւ չի նախատեսել այն երեխաների պաշտպանությունը, որոնք բռնության ականատեսն են եղել։ Այն երեխաները, որոնք ընտանիքում բռնության զոհ են դարձել, նրանք պետք է ունենան պաշտպանական այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք օրենքով նախատեսված են բռնության ենթարկված անձի համար»,-ասաց Ղազարյանը։
Պատգամավորի ներկայացմամբ՝ օրենքով սահմանված նախազգուշացման մեխանիզմին եւս անդրադարձ է կատարվել, ասաց, որ այս մեխանիզմը 2,5 անգամ ավելի շատ է կիրառվել, քան անհետաձգելի միջամտության մեխանիզմը․«Սակայն Հայաստանում ունենք մի միջավայր, երբ կինը դիմում է ոստիկանությանը, երբ բռնությունը տեղի չի ունեցել առաջին անգամ, այսինքն, բազմիցս բռնության ենթարկվելուց հետո է դիմում այս մեխանիզմին։ Մենք կարծում ենք, որ նախազգուշացման ինստիտուտը՝ ֆիզիկական բռնության դեպքում, իհարկե կարող ենք քննարկել հոգեբանական, սեռական բռնության պարագաներում, այդքան էլ արդյունավետ չէ։ Փաստերը հուշում են, որ սպանության դեպքերը տեղի են ունենում հենց այս նախազգուշացման գործընթացում։ Այսինքն, մենք, հաշվի առնելով առանձնահատկությունը, պետք է համապատասխան մեխանիզմներ կիրառենք»։
Կարդացեք նաև
Օրենքի նախագծով նաեւ առաջարկվում է սահմանել մեխանիզմ բռնություն գործադրող անձին հետեւելու համար։ Պատգամավորն օրինակ բերեց զարգացող երկրներում կիրառվող մեխանիզմները․«Տարբեր մեխանիզմներ կան, որով կարող են հետեւել բռնություն կիրառող անձի շարժը, օրինակ՝ GPS համակարգով, որոնցով մենք առաջարկում ենք առաջնորդվեն իրավակիրառները։ Նախագծում դրան էլ ենք անդրադարձել»։
Պատգամավորներն առաջարկում են քրեական օրենսգրքում էլ փոփոխություններ կատարել, եւ որպես ծանրացնող հիմք դիտարկել նաեւ նախկին զուգընկերոջ կողմից կատարված բռնությունը։
Ըստ պատգամավորի, նախագծի վերաբերյալ գործադիրից դրական արձագանք է եղել։ Ղազարյանի կարծիքով՝ իրենց առաջարկներն էլ ավելի կլավացնեն օրենքը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ