Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԹՄԵԿ-ը նոր բացահայտումներ է հրապարակել Արեւելյան գործընկերության երկրների թմրամիջոցների շուկայի վերաբերյալ

Նոյեմբեր 25,2022 18:42

Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնը (ԹԹՄԵԿ) հրապարակել է նոր զեկույց՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր ուղիների ի հայտ գալուն, առցանց շուկաների ընդլայնմանը և նյութերի ավելի լայն սպեկտրի հասանելիությանը։

Գործակալության տվյալներով՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանը ապօրինի թմրամիջոցների տարանցման նշանակալի տարածք է, քանի որ այնտեղով են անցնում ապօրինի շրջանառության մի քանի հիմնական ուղիներ: Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան սահմանակից են ԵՄ-ին և գտնվում են Եվրոպա մաքսանենգ ճանապարհով հերոինի ներկրման հյուսիսային երթուղու վրա։ Միևնույն ժամանակ, հարավկովկասյան երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը գտնվում են ափիոնի և հերոինի արտադրության համաշխարհային կենտրոն Աֆղանստանին մոտ, որը նաև մետամֆետամինի արտադրության վերջերս ձևավորվող տարածք է: Տարածաշրջանը գտնվում է Աֆղանստանից հերոինի տարանցման երկու հիմնական ուղիների (Բալկանյան և Հյուսիսային) ազդեցության ներքո։

ԹԹՄԵԿ-ի զեկույցում նշվում է, որ կան հաղորդումներ ԵՀՔ Արևելյան տարածաշրջանում հերոինի օգտագործման նվազման մասին, ինչպես նաև սինթետիկ օփիոիդների (օրինակ՝ «փողոցային» մեթադոնի) օգտագործման աճի մասին, հատկապես՝ Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում: Բացի այդ, տարածաշրջանում, կարծես թե, մեծ չեն կոկաինի օգտագործման և առգրավման ծավալները։

«Տարածաշրջանում արձանագրված առանցքային զարգացումը, թերևս, թմրամիջոցների առցանց շուկաների ընդլայնումն է: Այս շուկաներն այժմ ավելի կարևոր դեր են խաղում թմրամիջոցների առքուվաճառքի գործում Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և մինչև վերջերս Ուկրաինայում»,- նշում է գործակալությունը։

Զեկույցի մեկ այլ եզրակացությունն այն է, որ տարածաշրջանի որոշ երկրներում սինթետիկ թմրանյութերի արտադրության մեջ դերակատարություն ունեն կազմակերպված հանցավոր ցանցերը: Սա ներառում է Ադրբեջանը, որտեղ, 2018 թվականից կարծես մեծացել է մետամֆետամինի արտադրությունը։

Արդյունքները հիմնված են 2019-2022 թվականներին ԹԹՄԵԿ-ի կողմից ֆինանսավորված ուսումնասիրությունների վրա՝ ներառյալ երկու տարածաշրջաններում շահագրգիռ կողմերի հետ իրականացված ավելի քան 100 որակական հարցազրույցները: Դրանք անցկացվել են մաքսային և անվտանգության մարմինների աշխատակիցների, առողջապահական ծառայություններ մատուցողների, հետազոտողների, հասարակական կազմակերպությունների, պետական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930