Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արվեստը պետք է դրական մտքեր ու լիցքեր փոխանցի դիտողին»․ Միսակ Հարթենյան

Նոյեմբեր 25,2022 18:38

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում բացվեց նկարիչ Միսակ Հարթենյանի անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված էին նկարչի շուրջ չորս տասնյակ աշխատանքները, որոնք ստեղծվել էին վերջին տարիների ընթացքում ։

Ցուցադրությանը, ի թիվս այլոց, ներկա էին Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը, գրաֆիկայի ամբիոնի վարիչ Աբրահամ Սահակյանը, արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ Քնարիկ Ավետիսյանը։
Էդիկ Վարդանյանը նախ շնորհավորեց Միսակ Հարթենյանին ցուցադրության կապակցությամբ՝ ցանկանալով ավելի մեծ ցուցասրահներ, ապա նշեց․ «Նկարչի համար առաջնայինը մտածելակերպն է․կատարումը ինքնըստինքյան գալու է, մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց երբ մարդն ունի ասելիք՝ դա արդեն կտավում երևում է»։

Գրաֆիկայի ամբիոնի վարիչի խոսքով՝ Հարթենյանը կիրթ մարդ է, ինչը երևում է նաեւ իր աշխատանքներից ։

Քնարիկ Ավետիսյանն էլ նշեց․ «Միսակը դեռ փոքրուց մեծացել է նկարչի տանը, քանի որ նրա հայրը ևս նկարիչ է եղել։ Փոքրուց էլ մասնակցել է տարբեր մրցույթների և միջոցառումների։ Իր հետաքրքրությունները միայն ստեղծագործական աշխարհով չեն սահմանափակվում, նա նաեւ ցանկություն հայտնեց զբաղվել տեսությամբ եւ շատ բարդ թեմա է վերցրել իր ատենախոսության համար, որի վրա արդեն մեկ տարի աշխատում է»։

Հավելենք, որ Միսակ Հարթենյանը սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 2015 թվականից առ այսօր սովորում Գեղարվեստի ակադեմիայում։

«Որպես նկարիչ՝ իմ կայացման մեջ մեծ դեր են խաղացել Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում սովորելու տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները, ստեղծագործական միջավայրը և, իհարկե, սերը դեպի արվեստը»,-ասաց նկարիչը։

«Կարծում եմ, որ արվեստը պետք է ունենա լավատեսական բնույթ՝ դրական մտքեր, լիցքեր ու հույզեր փոխանցի դիտողին և ուղղորդի նրան դեպի բարին, գեղեցիկն ու էսթետիկը»,-հավելեց նա։

Միսակ Հարթենյանն ընդգծեց, որ ցուցադրությունը յուրատեսակ հաշվետվություն է․ «Տարիներ առաջ, երբ առաջին կուրսում էի սովորում, այստեղ էլի անհատական ցուցահանդես ունեցա։ Դա կարծես ակադեմիա սովորելու մուտքն էր։ Սա էլ, չասեմ վերջն է, բայց ամփոփումն է» ։

 Լիանա ՓԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930