«Փակ քննարկումների ժամանակ առաջինը մենք ենք հարց տալիս, թե որքանով ենք սրան պատրաստ։ Անկանխիկ գործառնությունների մասին օրենքը մեր համար փորձ է, որ մի բան անելուց առաջ պետք է համոզված լինենք, որ պատրաստ ենք դրան։ Այս դեպքում նաեւ դրանով է պայմանավորված, որ համակարգը միանգամից բոլորի համար չենք ներդնում, այլ մեկ տարվա ընթացքում՝ սահմանափակ թվով մարդկանց համար»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կայացած՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Հիշեցնենք, որ կառավարության մշակած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ երեք փուլերով։
«Շատ ավելի լավ կլիներ օրենքում կանխատեսելիություն ապահովելու համար ամեն ինչ ամրագրել, բայց այս դեպքում համաձայնել ենք, որ կառավարությունը որոշ ժամանակ անց եղած փորձի վրա ամրագրի անելիքը։ Մեր եւ հասարակության համար ուզում եմ հավաստիացնել՝ չի լինելու այնպես, որ օրենքը հիմա ընդունենք, իսկ մի տարի հետո ինչ-որ բան խստացնենք, բարդացնենք, ինչ-որ դրույքաչափ կամ հարկատեսակ ավելացնենք։ Ինչ-որ նախատեսում ենք, այդ մասին հիմա ենք հայտարարում։ Եթե կշեղվենք, ես սիրով կլսեմ մեղադրանքները»,-հավելեց Բաբկեն Թունյանը։
Կարդացեք նաև
Քննարկմանը ներկա «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ նախագահ Փայլակ Թադեւոսյանը նկատեց՝ 20 տարի է, որ նման բան ենք լսում։ «Ես առաջին անգամ եմ նման բան ասում»,-ժպտալով արձագանքեց Բաբկեն Թունյանը։
Հավելենք, որ մինչեւ տարեվերջ այս նախագիծը կընդգրկվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ