Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան․ «Մեր երկրում ամեն 5-րդ երեխան չի ծնվում, մեծամասնությունը՝ սեռով պայմանավորված»

Նոյեմբեր 25,2022 18:10

Վերջին տարիներին կանայք ավելի ակտիվ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը, նախկինում այն ոլորտները, որոնք ավանդաբար եղել են տղամարդկանց ոլորտներ, հիմա ավելի ու ավելի են հարստանում կանանցով։ Այս մասին այսօր ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակին նվիրված համաժողովում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Անդրադառնալով համաժողովում ՄԻՊ-ի՝ ընտանեկան բռնության դեպքերի մասին ցուցանիշներին, Ավինյանն ասաց՝ կարծում է՝ ոչ թե դեպքերն են ավելացել, այլ ինչ-որ մարմիններ ավելի լավ են աշխատում կամ ավելի լավ իրազեկում։

Այդուհանդերձ, Ավինյանի կարծիքով՝ թվերը մտահոգիչ են․ «Պետությունը պարտավորություն ունի այս հարցում, եւ կարծում եմ, որ շատ դեպքերում պետք է կամք դրսեւորի՝ օրենսդրական դաշտում, օրենքների կիրառման դաշտում, որպեսզի այս խնդիրներն արագ տեմպերով լուծվեն։ Բայց պետք է նշել, որ շատ հարցեր պարփակված են հասարակության ներսում, քողարկված ավանդապաշտությամբ, կեղծ օրակարգերով, որոնք թույլ չեն տալիս այս խնդիրների մասին խոսել։ Մեր ավանդույթների մեջ երբեք չի եղել կնոջ նկատմամբ բռնությունը, դա մտացածին է»։

Ավինյանը, որպես նախկինում կանանց խորհրդի նախագահ, եւ որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի ղեկավար, իր ներկայացմամբ, բազմիցս է առնչվել կանանց դեմ բռնության խնդրին, մասնավորապես՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման․ «Ես երեք աղջիկների հայր եմ, վստահ եմ՝ որեւէ խոչընդոտ չի կարող լինել նրանց զարգացման, ինքնաիրացման եւ իրենց նպատակներին հասնելու հարցում, բացի այն, որ մենք չկարողանանք այնպիսի հասարակություն ձեւավորել, որը կանանց նույն աչքով կնայի, ինչ տղամարդկանց։ Հենց այս առաքելությունը պետք է ստանձնենք, մնացած խնդիրներն ածանցյալ կլինեն»։

Նա նշեց, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստերում ամենասուր հարցերից մեկն այն է, որ մեր երկրում ամեն 5-րդ երեխան չի ծնվում, մեծամասնությունը՝ սեռով պայմանավորված․ «Մենք զարհուրելի ցուցանիշներ ունենք այլ երկրների համեմատ։ Այստեղ մեծ աշխատանք ունենք անելու եւ քաղաքապետարանն իր ամբողջ ներուժով պատրաստ է աջակցել այս օրակարգին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930