Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող այլևս մասնակցություն ունենալ Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում, և այս իրավիճակի համար մեղավոր է ինքը՝ Փարիզը: Այս մասին Ալիևը հայտարարել է «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» խորագրով միջազգային համաժողովում:
«Պրահայի հանդիպումից (հոկտեմբերի 6) ավելի քիչ, քան մեկ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր հարցազրույցում քննադատեց Ադրբեջանին և մեզ մեղադրեց մի բանում, որը մենք չենք արել: Դրան հաջորդեց բոլորին հայտնի Ֆրանսիայի Սենատի բանաձևը (նոյեմբերի 15), որը միանգամայն անընդունելի և վիրավորական է: Հետո եղավ Ֆրանսիայի Ազգային ժողովի ևս մեկ հակաադրբեջանական բանաձև, իսկ հետո Ֆրանսիայի փորձը՝ հարձակվել մեզ վրա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով: Դա անընդունելի է, քանի որ Ֆրանկոֆոնիան մարդասիրական կազմակերպություն է»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի տրամադրության տակ կա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևի նախնական տեքստը, որը կազմվել է «Ֆրանսիա-Հայաստան տանդեմի կողմից», և որը «լի է մեղադրանքներով և զրպարտություններով»:
«Բայց մենք բարեկամներ ունենք ոչ միայն Չմիացածների շարժման մեջ, այլև Եվրոպայում: Այդպիսով, այդ հակաադրբեջանական բանաձևը որևէ պաշտոնական բան չէ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Ըստ Ալիևի, դա հաշվի առնելով, հասկանալի է, որ Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին»: «Դա ոչ թե մեր մեղքն է, այլ նրանց մեղքը, քանի որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը երբեք պաշտոնական մակարդակում որևէ մեկի կողմը չեն բռնել: Դա նշանակում է, որ դեկտեմբերի 7-ի հանդիպումը տեղի չի ունենա: Եվ մենք կդիտարկենք այլ այլընտրանքներ: Տեսնենք, թե ով կկատարի միջնորդի դերը և ինչ հարթակում»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ