Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ դուք մի օր չգաք ԱԺ նիստի, եւ ձեր եկամտահարկը հետ ուզեն, ձեր դուրը կգա՞»․ Փայլակ Թադեւոսյանը՝ պատգամավորին

Նոյեմբեր 25,2022 17:55

«Բոլոր ժամանակների կառավարությունները, երբ ուզում են մի բան արած լինեն, միջազգային փորձն են մեջբերում, բայց, որպես կանոն՝ կիսատ։ Մի բան էն չի լինում, ասում են՝ միջազգային փորձն էր։ Հայտարարագրման այս համակարգն աշխարհում ներդրված է, բայց ունի կոնկրետ նպատակներ ու արդյունքներ։ Այս հայտարարագրման համակարգն ընդհանուր մոտեցման հետ ընդհանրապես կապ չունի։ Որ ասում եք միջազգային փորձ, դա կապ չունի սրա հետ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կայացած՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց «Հարկ վճարողների պաշտպանություն» հ/կ նախագահ Փայլակ Թադեւոսյանը։

«Բացի այդ, հայտարարագիր ներկայացնողների շրջանակն ո՞վ է որոշել։ Ի՞նչ նպատակ եք հետապնդում։ Մյուսը կապված է փողերի լվացման հետ։ Որեւէ մեկդ կարդացե՞լ եք, թե փողերի լվացման օրենքով ովքեր են հանդիսանում դրա իրական շահառուները։ Մեկդ կարո՞ղ է բացատրել։ Ռիսկը թողնում եք իմ վրա, որ ես որոշեմ՝ հայտարարագիր տա՞մ, թե՞ չէ։ Շարքային քաղաքացին չի հասկանում՝ ինքն ընկնո՞ւմ է փողերի լվացման տակ, թե՞ չէ։ Հիմա ինչո՞ւ եք այդ ռիսկը թողել իմ կամ քաղաքացու վրա»,-իր օրինակով հարցադրում արեց Փայլակ Թադեւոսյանը։

Հիշեցնենք, որ կառավարության մշակած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ երեք փուլով։

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձագանքեց, որ համակարգի առաջին փուլով հայտարարագիր են ներկայացնելու միայն պաշտոնատար անձինք, որոնք արդեն իսկ հայտարարագիր են ներկայացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին․ «Թող սա մեր վրա աշխատի, սխալները թող մեր վրա ի հայտ գան։ Եթե զուգահեռ որեւէ մեկը ուզենա կամավոր ներկայացնել հայտարարագիր, թող լինի այդպես»։

Փայլակ Թադեւոսյանին պատասխանը չգոհացրեց․ «Պատկերացրեք, որ դուք մի օր չգաք ԱԺ նիստի, եւ ձեր եկամտահարկը հետ ուզեն, ձեր դուրը կգա՞։ Չէ՞ որ այստեղ գրել եք, որ ով հայտարարագիր չի տվել, եկամտահարկը հետ եք վերցնելու։ Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։ Ինչո՞ւ եք քաղաքացուն այդպես պատժում»։

Հավելենք, որ մինչեւ տարեվերջ այս նախագիծը կընդգրկվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930