Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խնդրում եմ բոլորդ ոտքի կանգնեք, նախագահն է գալիս». ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցը՝ նորարական ֆորումի մասնակիցներին

Նոյեմբեր 25,2022 17:43

Նորարարությունները ստեղծել են մասնավոր համակարգում, երկրների մեծ մասում պետական գնումների ընդամենը 45 տոկոսն է իրականացվում էլեկտրոնային ճանապարհով, նորարական քաղաքականությունը յուրաքանչյուրի մոտ տարբեր կերպ է ընկալվում, ինչ է նշանակում նորարարության քաղաքականությունը պետության համար…, միտքը չկարողացավ ավարտել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասին:

«Խնդրում եմ բոլորդ ոտքի կանգնեք»,-տարածվող խոսակցությունների ու խառնաշփոթի միջից լսվեց մի երիտասարդի ձայն,- «նախագահն է գալիս»: Մարիյասին, որը Հայաստան էր ժամանել հատուկ այսօր, «Նորարարությունը՝ գործնականում. մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության ֆորումին մասնակցելու համար, ոչ միայն ստիպված եղավ ընդհատել զեկույցը, այլ նույնիսկ ամբիոնը զիջել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

Խաչատուրյանը կարևորեց հանրային ոլորտում ԿԶՆ նորարարական կենտրոնի հնգամյա գործունեությունը և ոլորտի նորարարությունն առաջնորդելու կարողությունը: Նրա խոսքով, իրենք հաճախ որոշումներ են կայացնում ՝ չուսումնասիրելով տվյալ ոլորտի խնդիրները, երբեմն նույնիսկ հաշվի չառնելով վիճակագրական տվյալները: Այդ առումով, ՀՀ նախագահը բարձր գնահատեց այս կենտրոնի վերլուծական, հետազոտական բաղադրիչը՝ տեղեկացնելով, որ ընդամենը 5 տարվա ընթացքում կենտրոնը 13 բնագավառում 20 ուսումնասիրություն է կատարել: «Մեր զարգացման ապագան թվայնացման մեջ է»,-ամփոփեց ՀՀ նախագահը:

Իսկ ընդհատված զեկույցը շարունակող ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալն էլ հայտարարեց, թե այլևս ազգ-պետությունների ժամանակը չէ, այդպիսիք հերթով խարխլվում են, կարևորը ցանցերն են և կառավարությունները պետք է աշխատեն ցանցերի հետ: Բացի այդ, նա նշեց. «ԿԶՆ նորարարական կենտրոնի մոդելը ոգեշնչել է կայուն զարգացման մարտահրավերների հետ աշխատող աշխարհի ամենամեծ և ամենաարագ ցանցին՝ ՄԱԶԾ աքսելերատոր կենտրոններին, ինչպես նաև հիմք է դրել Հայաստանի հանրային կառավարման ոլորտում նորարարությունների տարածմանը՝ ունենալով հավակնոտ նպատակ կառուցել լայնախոհ և ստեղծագործ հանրային ծառայողների համայնք, որը փոխակերպում է որոշումների կայացման գործընթացը պետական հատվածում»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930