Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեւէ զուգընկեր ունեցած կանանց 19%-ը հղիության ընթացքում ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության․ մեկնարկել է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը

Նոյեմբեր 25,2022 17:27

Հայաստանում 45-53 տարեկան կանայք ավելի հաճախ են ենթարկվում ֆիզիկական բռնության, հատկապես՝ ֆիզիկական դաժան բռնության։ Այս ցուցանիշն արձանագրվել է նախորդ տարի իրականացված ընտանեկան բռնության վերաբերյալ քանակական եւ որակական հարցման արդյունքում։

Այսօր մեկնարկել է ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը, որին նվիրված համաժողովում` Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց հարցման որոշ ցուցանիշներ։

Ըստ այդմ՝ հարցվածների 18%-ը ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության, ընդ որում` 7%-ը նշել էր սեռական բռնության մասին, 32%-ը՝ հոգեբանական բռնության ենթարկվելու մասին։

Սեռական բռնության ենթարկված կանանց 42%-ը ենթարկվել էր նաեւ ֆիզիկական բռնության, ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 19%-ը ենթարկվել էր նաեւ սեռական բռնության։

Գրիգորյանի ներկայացմամբ՝ բռնարարների պրոֆիլի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանք չունեցող տղամարդիկ ավելի հաճախ էին իրենց կնոջը կամ զուգընկերուհուն ենթարկել ֆիզիկական կամ սեռական բռնության․ «Աշխատանքի կամ վաստակի առկայությունը էական հանգամանք էր, որը բնորոշում էր տուժողներին կամ զոհերին։ Երբեւէ զուգընկեր ունեցած կանանց 19%-ը հղիության ընթացքում ենթարկվել է ֆիզիկական կամ սեռական բռնության»։

Նա ասաց, որ ՄԻՊ գրասենյակը տարեցտարի հաստատում է ընտանիքում բռնության դեպքերի դինամիկայի աճ, եւ եթե 2016 թվականին դիմում-բողոքները տարեկան 50-ի շուրջ էր, ապա 2021 թվականին դիմումների թիվը հասել է 105-ի, որից 88 դեպքերում կինն է ենթարկվել բռնության ամուսնու, նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։

Պաշտպանի խոսքով՝ հարցումները ցույց են տալիս, որ ընտանեկան բռնությունը հավասարապես տարածված է ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում։

2020 թվականին, ինչպես ասաց Գրիգորյանը՝ համավարակի եւ մեկուսացման ճգնաժամային տարում ՄԻՊ գրասենյակ ներկայացրած բողոքների թիվը ռեկորդային է եղել՝ 127, իսկ այս տարվա տասը ամիսներին 72 բողոք է եղել։

«Կանայք հաճախ չեն դիմում ոստիկանություն, չեն բարձրաձայնում, քանի որ խուսափում են խարանի ու մեկուսացման ենթարկվելուց։ Շատ հաճախ բռնությունը շարունակվում է բռնության զոհի վախի կամ շրջապատի անտարբերության պատճառով։ Գենդերային բռնության ձեւերը ավելի ու ավելի են շատանում՝ տարբերակվելով ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական բռնությամբ, բայց նաեւ՝ կանանց ու աղջիկների թրաֆիքինգի կամ սեռով պայմանավորված հղիության ընդհատման, կամ միջազգային հակամարտությունների անհամաչափ, առավել դաժան ազդեցությունը կանանց եւ աղջիկների նկատմամբ»,-ասաց Գրիգորյանը։

Նա ասաց, որ դիմում բողոքների աճն ապացուցում է, որ որքան շատ է իրազեկում իրականացվում, այնքան ավելի շատ դիմումներ են ստանում։

Որակական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որքան բարձր է կանանց կրթական մակարդակը, այնքան ավելի քիչ է հավանականությունը, որ նրանք կենթարկվեն ֆիզիկական բռնության։

Գրիգորյանի խոսքով՝ գենդերային բռնության դեմ պայքարում կարեւոր են՝ կանխարգելումը, արձագանքելն ու հետեւողականորեն պատժելը։ Նա նշեց, որ տխուր է վիճակագրությունն այն դեպքերի, երբ ընտանեկան բռնության դեպքերով գործը հասնում է իրավապահներին՝ ոստիկանությունից մինչեւ դատական համակարգ․ «Այս առումով պետությունը շատ անելիք ունի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930