Այսօր մենք նշում ենք գործընկերության հինգ տարին, որի արդյունքում կերտվել է նորարարական ծրագրեր իրականացնելու տպավորիչ փորձառություն։ Այն նշանավորվել է բազմաթիվ պետական գործընկերների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, և ամենակարևորը, հանգեցրել է զարգացող երկրի միջավայրում նորարարության կիրառման արդյունքում ստացված ուսումնառության ու գիտելիքի զարգացմանը։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին «Նորարարությունը՝ գործնականում. մարդիկ՝ կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության ֆորումին: Այն անցկացվում էր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ԿԶՆ նորարարական կենտրոնի՝ ՄԱԿ-ի և Հայաստանի կառավարության համատեղ նախաձեռնությամբ ։ Ֆորումի նպատակն էր գնահատել հանրային ոլորտում նորարարների ջանքերն ու ձեռքբերումները, քննարկել ոլորտի հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներն ու նախաձեռնել փոփոխություններ։ Նրա խոսքով, այդ ամենը Հայաստանում հնարավոր է դարձել միայն կառավարության գործընկերների հետևողական աջակցության շնորհիվ։
«Դեռևս տարեսկզբին ՀՀ ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ դրեց Հայաստանի կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որի առանցքում մարդկային կապիտալի զարգացումն ու իրացումն է գիտելիքի ու ստեղծարարության խթանման միջոցով։ Այս ուղենշումը պատահական չէ․ տարիների ընթացքում նախարարության կողմից իրականացված ծրագրերի և միջամտությունների արդյունքում մեր հենման կետը հենց անհատի կարողությունն ու նրա զարգացումն է՝ շարունակական կրթության միջոցով»,- նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Բանախոսների խոսքով, աննախադեպ արագությամբ փոփոխվող աշխարհում հանրային քաղաքականությունը և ծառայությունները բախվում են խոչընդոտների բյուրոկրատական համակարգում առկա կարծրացած գործելաոճերի պատճառով, որը մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար։ Այս խնդիրը հաղթահարելու ճանապարհներից մեկը հանրային ծառայողների մտածելակերպի փոփոխությունը և ստանդարտ մոտեցումների վերանայումն է՝ առօրյա աշխատանքում հարատև կրթության, նորարարական տեխնոլոգիաների, մոտեցումների և գործելակերպի ինտեգրմամբ։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ ՄԱԶԾ-ի ԿԶՆ նորարարական կենտրոնը ստեղծվել է հինգ տարի առաջ՝ հանրային ոլորտի նորարարությունն առաջնորդելու առաքելությամբ: ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանն անդրադառնալով կենտրոնի անցած ճանապարհին՝ ընդգծեց նորարարների ցանցի ստեղծման և ընդլայնման կարևորությունը՝ բացահայտելու նորարարության ողջ ներուժը հանուն հանրային բարօրության:
Ֆորումին առցանց միացավ նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային ոլորտի նորարարությունների թիմի ղեկավար Մարկո Դալիոն՝ ընդգծելով նորարարության ինստիտուցիոնալացման կարևորությունը և ՏՀԶԿ-ի պատրաստակամությունը՝ առանցքային դեր խաղալու Հայաստանի հանրային համակարգերում նորարարության ներդրման ջանքերում:
«2021-2025 թվականների թվայնացման ռազմավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջատար դերը թվային փոխակերպման գործում՝ նպատակ ունենալով խթանել տվյալահենք, արդյունավետ և թափանցիկ կառավարումը։ Նորարարությունն այլընտրանք չունի, և բոլոր ոլորտներում դրա տարածումն այսօրվա հրամայականն է»,- նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Հանրային ոլորտի նորարարության միտումների և մարտահրավերների թեման ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով տեղի ունեցավ պանելային քննարկում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի և ՄԱԶԾ նորարարության և ԿԶՆ ֆինանսների պորտֆելի ղեկավար Տաթևիկ Քոլոյանի մասնակցությամբ:
Ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ