Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգավան համայնքի նախկին ղեկավար Վ. Հ.-ն, որը պաշտոնավարել է 2013 թվականից մինչեւ 2021 թվականը, չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ համայնքի բյուջեից հափշտակելով իրեն վստահված գույքը:
Կատարված ստուգողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Վ. Հ.-ն հանդիսանալով Այգավան համայնքի ղեկավար, 2021 թվականի դեկտեմբերին՝ ամանորի տոներին ընդառաջ, խնջույք կազմակերպելու նպատակով, «Նարինե Ավետիսյան» Ա/Ձ-ից ձեռք է բերել 1.198.450 դրամ արժողության սննդամթերք, սակայն որեւէ միջոցառում չի կազմակերպել:
Բացի այդ, ըստ այլ տեղեկությունների Վ. Հ.-ն համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող իր ծառայողական «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան վերանորոգման նպատակով 2021թվականի ընթացքում «Պարգեւ Եփրեմյան» Ա/Ձ-ից եւ «Վառվահ» ՍՊԸ-ից գնել է ընդհանուր 4.268.700 դրամի պահեստամասեր, սակայն «Արտ կապիտալ» ՍՊԸ-ի կողմից նշված ավտոմեքենան 2021թ. հունիսի 10-ի դրությամբ գնահատվել է 1.600.000 դրամ:
Մեկ այլ տեղեկությունների համաձայն՝ Վ. Հ.-ն 2020-2021թթ-ի ընթացքում «ՎԻԳ ՀԱՍ» ՍՊԸ-ից գնել է 3.220.000 դրամի սեղմված գազ, իսկ «ՎԱՆ ՕԻԼ» ՍՊԸ-ից ձեռք է բերել ընդհանուր 6.300.000 դրամի դիզվառելիք եւ բենզին, որից 1.400.000 դրամի բենզինը գնել է իր ծառայողական ավտոմեքենայի համար, այն դեպքում, երբ նշված ավտոմեքենան տվյալ ժամանակահատվածում շահագործվել է բնական գազով:
Կարդացեք նաև
Պարզվել է նաեւ, որ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին Վ. Հ.-ի լիազորությունները որպես համայնքապետ դադարած համարվելուց հետո է նշված ապրանքների որոշ մասը մատակարարվել:
Իսկ աշխատակազմի քարտուղար Մ. Դ.-ն ոչ պաշտոնապես իր վրա դրված պարտականությունները չի կատարել, որն, ըստ էության պարտավոր էր տնօրինել նշված ապրանքների օգտագործումը:
Լուսանկարը՝ Այգավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում