«Ինչի՞ համար եք այս բարեփոխումները անում։ Հարկային համակարգից դուրս գտնվող եւ ոչ պակաս կարեւոր լուծումներ կան։ Սա նույնն է, որ շինարարական սարքավորումը վերցնենք ու ուզենք նկարել։ Նկարելու համար կան վրձիններ։ Շինարարական սարքով ինչո՞ւ եք ուզում նկարել»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կայացած՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Արման Պողոսյանը պատասխանեց պատմական ակնարկով․ «Չորս-հինգ տարի առաջ քննարկվում էր եկամուտների հարկման մոդելի գաղափարը։ Դեռ այդ ժամանակ էինք խոսում հայտարարագրման համակարգ ունենալու մասին, որպեսզի անձին վերաբերող եկամուտները մեկտեղվեն։ Հիմա, սակայն, հայտարարել ենք, որ տեսանելի ապագայում մտադիր ենք պրոգրեսիվ հարկման մոդելին անցնել։ Հայտարարված է համահարթ հարկման մոդել՝ 2023թ․-ի եւ հետագա տարիների համար։ Կան նաեւ հարկման այլ օբյեկտներ, որոնց մինչեւ օրս չենք կարողացել հարկման տեսադաշտում պահել, եւ սա լավ առիթ է՝ այդ բացը լրացնելու համար։ Նախագծում գրված է, որ համակարգը պետք է նպաստի իրավական առումով հարկման ենթակա, բայց գործնականում չհարկվող եկամուտների հարկմանը»։
Արման Պողոսյանը նաեւ նշեց․ «Նպատակ ենք դրել ստեղծել միջավայր, որում մարդիկ քիչ ժամանակ ծախսելով՝ կկարողանան կատարել հարկային պարտավորությունները։ Շատերն այսօր հարկ չեն վճարում, որովհետեւ կարծում են, որ արդար չէ կամ անհարմարություններով է ուղեկցվում հարկը հայտարարագրելու եւ վճարելու գործընթացը»։
Կարդացեք նաև
Գործարար Սամսոն Գրիգորյանն էլ նկատեց՝ երբ ներդրվեց անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, պետությունը չկարողացավ ապահովել դրա կատարումը, քանի որ բանկերը չեն հասցնում բոլոր տնտեսվարողներին ապահովել ՀԴՄ սարքերով․ «Մեկ տարի է, որ 60 000 ՀԴՄ սարքեր չեն կարողանում տրամադրել։ Հիմա այս նոր օրենքի շահառուները միլիոնավոր մարդիկ են լինելու։ Պետությունը որքանո՞վ է պատրաստ, որ այս համակարգն աշխատի։ Ինչո՞ւ ենք շտապում, որ առանց պատրաստ լինելու՝ նոր խնդիրներ ստեղծե՞նք»։
Արման Պողոսյանը պատասխանեց, որ խնդիրներից խուսափելու համար են ընտրել փուլային տարբերակը․ «Տվյալների անվտանգության ապահովման ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու։ Այդ նպատակով է առաջարկվում օրենքը կիրառել ընդունումից մեկ տարի անց։ Մի պահ պատկերացրեք, որ բոլորը հայտարարագիր են ներկայացնելու վերջին օրերին։ Սա լուրջ մարտահրավեր է լինելու, ուստի պետք է պատրաստված լինենք։ Համարեք, որ խնդիրն անտարբերության չի մատնվելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ