Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Իրանագետ. «Հիմա Իսրայելը, Սաուդյան Արաբիան Ամերիկայի գլխավորությամբ փորձում են, մանավանդ քրդերի միջոցով, զենք ներկրել Իրան»

Նոյեմբեր 25,2022 15:32

Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը «Հայելի» ակումբում, խոսելով Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ասաց. «Վերջին շրջանում Իրանի  քաղաքներում ցույցերի մեղմացում է նկատվում: Բայց դրա փոխարեն ծայրամասերում, մասնավորապես, քրդաբնակ շրջաններում եւ հարավ-արեւելյան սահմանում, որտեղ մաքսանենգ միջոցներով զենք է ներմուծվել Իրանի տարածք, ավելի սրվել է զինյալ պայքարը: Անջատողականները դիմել են զինյալ պայքարի, եւ մենք տեսանք, որ որոշ քաղաքներում լուրջ մարտեր էին ընթանում: Անգամ Իրանի կորպուսն իր տանկային դիվիզիան էր քաղաքներից մեկը մտցրել: Դա շատ նման էր սիրիականացման իրավիճակին: Հիմա հիմնականում ցույցերը վերածվել են հակապետական, Իրանի մասնատմանը միտված քայլերի եւ այս պահին այնքան էլ ակտուալ չէ հասարակական բողոքը, որն սկսվեց գլխաշորի թեմայով քաղաքացիական պահանջներից:

Հիմա Իրանի մրցակիցները, մասնավորապես, Իսրայելը, Սաուդյան Արաբիան Ամերիկայի գլխավորությամբ փորձում են, մանավանդ քրդերի միջոցով, զենք ներկրել երկիր: Բայց այնպես չէ, որ քրդաբնակ քաղաքները կարող են դիմել անջատողական վերջնական քայլին: Պարզապես, Իրանի միջազգային իմիջն է հարթակներում ընկնում, Իրանը ներկայացվում է տոտալիտար այնպիսի երկիր, որն իր բանակն է հանել ժողովրդի դեմ: Եվ չի խոսվում այն մասին, որ քաղաքացիներն արդեն զենք են կիրառում իշխանության դեմ»:

Անդրադառնալով Իրանի ներքին հարցերում Ադրբեջանի ունեցած դերակատարությանը՝ Հարութ Արթին Առաքելյանը ասաց. «Ադրբեջանն Իրանի ներքին հարցերում այնքան էլ ընդգրկվածություն չունի: Նման բան չկա: Իրանը վաղուց ցեղական վիճակից անցել է ավելի կոշտ պետական համակարգի, դրա համար էլ անունը փոխվեց եւ դարձավ Իրան: Ազերիները Իրանում բնակվում են համեմատաբար բարեկեցիկ քաղաքներում եւ զբաղվում են առեւտրով, շուկաներում շատ մեծ ներգրավվածություն ունեն: Եվ ցանկացած տնտեսվարողի համար այնքան էլ ցանկալի չէ, որ իրավիճակը անկայուն լինի եւ ինքը չկարողանա աշխատել: Պանթյուրքական նկրտումներ ունեցող կամ պանթյուրքական քարոզի տակ մոտ 2000-2500 ազերի է հաշվվում Իրանում ու դրանք էլ ազերիաբնակ ավելի աղքատ գյուղերի ժողովուրդն են»:

Իրանագետը նշեց նաեւ, որ Ադրբեջանին հիմա օգտագործում են նաեւ որպես Իրանի դեմ քարոզչության միջոց: Օրինակ, երբ Իրանի խորհրդարանի պատգամավորներն ասում են, որ Ադրբեջանը պետք է միանա Իրանին, սա ոչ կոռեկտ դիվանագիտական հայտարարություն է, որն էլ միջազգային հարթակում խաթարում է Իրանի դիվանագիտական իմիջը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930