ՌԴ պետդումայի պատգամավորը դիլետա՞նտ է, թե՝ խավիարակեր
2022թ. նոյեմբերի 23-ին ՌԴ Պետական դումայի կառավարող «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ, մասնավորապես, հայտարարել է հետևյալը. «Հայաստանը ԽՍՀՄ-ից օրենքո՞վ է դուրս եկել՝ ոչ: Նշանակում է այն անօրինական պետական կազմավորում է»:
Որքան էլ զավեշտալի հնչեն նման հայտարարությունները, այդուհանդերձ, ի պատասխան այս անպատասխանատու, դիլետանտ, իսկ գուցե նաև միտումնավոր հայտարարությունների` հարկ է նշել հետևյալը.
Հայաստանն իր անկախությունը հռչակել է հիմք ընդունելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներն ու միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը և ղեկավարվելով ժամանակի իրավական ակտերով, մասնավորապես՝ ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ հոդվածով և «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի դրույթներով:
Կարդացեք նաև
Համաձայն նշված օրենքի 2-րդ հոդվածի՝ ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու մասին որոշումն ընդունվում է միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամարտահայտությամբ հանրաքվեի միջոցով: Հանրաքվե անցկացնելու մասին որոշումը կայացնում է միութենական հանրապետության Գերագույն խորհուրդը սեփական նախաձեռնությամբ կամ հանրապետությունում մշտապես բնակվող և ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրելու իրավունք ունեցող ԽՍՀՄ քաղաքացիների մեկ տասներորդի ստորագրությամբ։
Նշված իրավական ակտերի պահանջների պահպանմամբ Հայաստանն իրականացրել է հետևյալը քայլերը՝
• 1990թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը:
• 1991թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին» որոշում:
• 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե: Ընտրելու իրավունք ունեցող 2.163.967 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել է 2.056.758 քաղաքացի` 95,4 %։ «Այո» քվեարկած քվեաթերթիկների թիվը կազմել է 2.042.262 (ընտրելու իրավունք ունեցողների 94,39 %)։ «Ոչ» քվեարկած քվեաթերթիկների թիվը` 10.002 (ընտրելու իրավունք ունեցողների 0,46 %)։ Անվավեր է ճանաչվել 4129 (0,19 %) քվեաթերթիկ։ Հանրաքվեի ընթացքին հետևել են 117 դիտորդ` 25 երկրներից:
• 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա և հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, ընդունել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման մասին» որոշում:
Այսպիսով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման նպատակով իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ։
Հարցի պարզաբանման տեսանկյունից անհրաժեշտ է նշել նաև, որ 1992թ. մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի անդամ:
Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք առաջ քաշել հետևյալ ողջամիտ ենթադրությունները. իր հայտարարությամբ ՌԴ Պետական դումայի կառավարող խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆեոդորովը՝
• կամ ի ցույց է դրել էլեմենտար գիտելիքների իր չիմացությունը, ինչը քաղաքական-պետական գործչի պարագայում և՛ անթույլատրելի է և՛ զավեշտալի,
• կամ վճարովի հիմունքներով, գուցե նաև խավիարի դիմաց կատարում է Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված, հարևանի Իրանի հյուսիսարևելքում գտնվող Ադրբեջան անունով նահանգի անվանումը յուրացրած և սեփական «պետության» անվանում դարձրած, օկուպանտ Ադրբեջան անունով կեղծ կազմավորման սուլթան Իլհամ Ալիևի պատվերը:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ