Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք էլ ունենք գորգեր և գորգագործություն». գորգագետ Աստղիկ Ամիրբեկյան

Նոյեմբեր 25,2022 15:18

Հայաստանում գորգագործության տարածվածության, հայկական գորգերին բնորոշ գույների ու զարդանախշերի, հայկականը աշխարհին ներկայացնելու վերաբերյալ զրուցել ենք գորգագետ Աստղիկ Ամիրբեկյանի հետ։

-Ներկայումս ի՞նչ մակարդակի վրա է գտնվում գորգագործությունը Հայաստանում։ Արդյոք շատերն են հետաքրքրված գորգագործությամբ, և զբաղվում են դրանով։

-Վերջին տարիներին հնարավորիս շատ է խոսվում գորգերի մասին, և շատ է մեծացել մարդկանց հետաքրքրությունը։ Դրա վառ ապացույցն այն է, որ իրենց հագուստի կամ զարդերի մեջ մարդիկ օգտագործում են գորգային զարդանախշեր։ Մարդկանց տների ինտերիերում նաև շատ մեծ տեղ է զբաղեցնում հայկական գորգը, որովհետև մարդիկ սկսել են կարևորել գորգն իր ամբողջությամբ։ 2014 թվականից սկսեցի դասավանդել, և այսօր արդեն ունենք 300-500 աշակերտներ, որոնցից որոշները արդեն իրենք են սկսել դասավանդել։ Դրա վառ օրինակն են Արագած գյուղի, Նոյեմբերյանի շրջանի գյուղերի, Ուջանի և մի շարք այլ գորգագործական կենտրոնները, որոնք արդեն 2-րդ, 3-րդ սերունդն են կրթում։

 

«Խնձորեսկ» տեսակի գորգ

 

 

-Կնշե՞ք, թե որ գույները, նախշերն և դետալներն են ավելի շատ օգտագործվում հայկական գորգերում։ Ի՞նչն է ավելի շատ դրանց մեջ կարևորվում։

-Հայկական գորգի յուրահատկությունը գույնն է, որովհետև մեր հարևանները 20-րդ դարի կեսերից վերցրել են հայկական գորգերը, փոխել են գույները և զարգացրել իրենց գորգագործական կենտրոնները։ Իսկ մեզ շատ հոգեհարազատ են Խնձորեսկի օձագորգը կամ վիշապագորգը, Արցախի շրջանների տարբեր գորգատեսակներ։ Իսկ գունային դաշտում գերակշռում է կարմիր գորգադաշտը, սպիտակ կամ կաթնային երանգներով եզրագծերը։ Եվ մյուս ամենատարածված գույնը, որը գորգագործության մեջ հանդիպում է՝ դարչնագույնն է։ Այսինքն՝ բոլոր մաքուր գույները, որոնք օգտագործվել են նախկինում։

-Ի՞նչ նոր տարրեր և զարդանախշեր են ավելացվում գորգերի վրա։ Նաև ինչպիսի՞ նորամուծություններ կարող ենք տեսնել գորգերում։

-Մենք հայ շատ լավ արվեստագետ ունենք՝ Արաքս Սահակյանը, որը շատ հետաքրքիր գորգեր է պատրաստում։ Մյուս պարագայում հիմնականում հին գորգանախշեր են վերցվում և նորի հետ համադրվում, ինչը չէի ասի, որ նոր խոսք է գորգագործության մեջ։ Իսկ Արաքս Սահակյանի գորգերը արդեն նոր երանգով ու նախշերով են ներկայացված։

Աստղիկ Ամիրբեկյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

-Վերջերս Թունիսում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում դուք ներկայացրել եք Հայաստանը, ինչպե՞ս իրականացրիք այսդ ամենը։

-Մենք Հայաստանը Ֆրանկոֆոնիայի ժամանակ ներկայացրել ենք 2 ուղղությամբ. IT և ձեռագործություն։ IT բնագավառի կարկառուն ներկայացուցիչն էր Armath-ը իր ողջ լաբորատորիայով, 3D տպագրիչով և լազեր մեքենայով։ 3D տպագրող մեքենայով տպում էինք Շառլ Ազնավուրի քանդակը, եկեղեցիներ, իսկ լազերով տպող սարքի միջոցով հայկական զարդանախշեր էինք տպում և բաժանում տեղացիներին, այդպես ներկայացնելով հայկական մշակույթը։ Ներկայացնում էինք նաև գեղարվեստի թանգարանը, որի ներկայացուցիչն էր տնօրեն Լուսինե Թորոյանը և ես։ Հնարավորինս մատչելի, հնարավորինս արտահայտիչ ներկայացրել ենք Հայաստանը։ Այնտեղ գործեցինք «Tunesia 22» գորգը, որը շուտով կուղարկենք Ֆրանսիա, Ֆրանկոֆոնիայի գրասենյակ։

-Կարևոր դրվագներ կարո՞ղ եք նշել Ֆրանկոֆոնիայի այդ համաժողովից։

-Մենք ունեինք մոտ 12000 բացիկ, որոնց վրա տպում էինք հայերեն անվանումներ, և կարող եմ ասել, որ դրանցից ոչ մեկը հետ չենք բերել, այսինքն՝ այցելուները շատ էին։ Օրական տրամադրում էինք 100-200 բացիկ։ Հետո, որ այցելուների թիվը ավելացավ, սկսեցինք բացիկների վրա գրել միայն նրանց անունների առաջին տառերը։ Մեր տաղավարի մոտ հսկայական հերթ էր առաջացել։ Մարդիկ ցանկանում էին իրենց անվան առաջին տառը հայերեն ունենալ, և դրանից շատ էին ուրախանում։

-Հաճախ են թուրքերը կամ ադրբեջանցիները ասում, որ հայկական գորգերը իրականում թուրքական են և այլն։ Ինչպե՞ս եք նայում դրան, և արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են ապացուցելու համար, որ գորգերը իսկապես հայկական են։

-Գորգագործությունը, կարպետագործությունը, ջուլհակությունը շատ երկրների է բնորոշ։ Իսկ ինչը վերաբերում է մեր հարևան երկրներին, ապա կասեմ, որ նրանք եղել են տարբեր մշակույթներում գորգագործության տարածողը։ Տարբեր թանգարաններում կարող եք հանդիպել գորգերի, որոնք նշված են, որ Օտտոմանյան կայսրության տակ են գործվել, բայց հստակ չի նշվում, թե որ ազգին են դրանք պատկանում։ Մարդիկ տեսնելով դա, շատ չեն խորանում, և այդպես աշխարհի մոտ ներկայացվում է այնպես, որ այդ գորգերը թուրքերինն են։ Ես ինքս եղել եմ աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և հասկացել եմ, որ աշխարհին ցույց տալու համար, որ մենք էլ ունենք գորգեր, պետք է պարզապես գորգագործությունը կենդանի պահենք։ Պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք հին ազգ ենք և մենք էլ ունենք գորգեր ու գորգագործություն։

 

«Ջրաբերդ» տեսակի գորգ

 

-44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին անցած տարածքների գորգերը և արվեստի գործերը արդյոք փրկվե՞լ են, բերվել Հայաստան, և ինչպե՞ս։

-44-օրյա պատերազմից հետո բերվել է Շուշիի գորգերի հավաքածուն, որը ժամանակի ընթացքում տեղ կգտնի մեր թանգարաններից մեկում և արժանապատիվ կներկայացվի հասարակությանը։ Իսկ ընդհանուր մակարդակով՝ այս պահին Հադրութի մանկապատանեկան դպրոցի գործունեությունն է շարունակվում Երևանում, կոնկրետ Զեյթունում։ Նրանք այդպես փորձում են շարունակել անել այն ամենը, ինչը որ արել են Արցախում։

Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930