Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնատար անձը միաժամանակ հայտարարագիր չի ներկայացնի եւ ՊԵԿ-ին, եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»․ փոխնախարար

Նոյեմբեր 25,2022 14:32

«2023թ․-ը թվականը կլինի հայտարարագրման առաջին տարին։ Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ։ Հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից, եւ հայտարարատուն կարող է այն խմբագրել, լրացնել, ճշգրտել եւ ներկայացնել հարկային մարմնին»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում կայացած՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Հիշեցնենք, որ կառավարության մշակած օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ երեք փուլերով։

Արման Պողոսյանը նշեց, որ փուլային տարանջատման հիմքում հստակ տրամաբանություն են դրել․ «Առաջինը հայտարարագրելու են այն անձինք, որոնք արդեն իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնում են հայտարարագրեր։ Նախատեսում ենք ունենալ հայտարարագրերի ռեեստրի փոխճանաչման սկզբունք՝ հասնելու համար այն նպատակին, որ պաշտոնատար անձը միաժամանակ հայտարարագիր չներկայացնի եւ ՊԵԿ-ին, եւ հանձնաժողովին։ Պետք է ներկայացնի մեկ ամփոփ հայտարարագիր։ Դեռ որոշված չէ, թե որտեղ, բայց ՊԵԿ-ը կկարողանա կարդալ ԿԿՀ-ին ներկայացրած հայտարարագիրը եւ հակառակը»։

Երկրորդ խումբը, Արման Պողոսյանի խոսքով, ձեռնարկատիրական միավորների հետ փոխկապակցված անձինք են՝ որպես ուշադրության արժանի խումբ, որովհետեւ այդ անձանց եկամուտների ճշգրիտ հաշվարկման ճանապարհին ռիսկեր են առաջանում։ Այս փուլով, ինչպես փոխնախարարը հայտնեց, հայտարարագրեր կներկայացնեն նաեւ այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայություններ են մատուցում եւ նրանք, ովքեր վարձու աշխատողներ են․ «Իսկ երրորդ տարում կմիանան մնացած քաղաքացիները։ Սա կառավարության վերջնական առաջարկը չէ, որովհետեւ դեռ պետք է քննարկվի անչափահասների՝ հայտարարատու լինելու հարցը։ Գուցե որոշվի, որ այս երեք տարում անչափահասները հայտարարագիր չեն ներկայացնելու»։

Ըստ Արման Պողոսյանի՝ նախատեսվում է ներդնել նաեւ սոցիալական ծախսերի մոտիվացման բաղադրիչ, այսինքն՝ կրթության եւ առողջապահության գծերով կատարվելիք փաստաթղթավորված ծախսերը հնարավոր է լինելու նվազեցնել եկամտային հարկի գումարից․ «Երբ այդ ծախսերը լիարժեք փաստաթղթավորվեն, մենք կկարողանանք այդ ծառայությունները մատուցողներին ավելի շատ պահել ուշադրության կենտրոնում»։

Փոխնախարարի խոսքով՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի ստեղծման նպատակներից է ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի ստեղծումը․ «Առ այսօր մենք չունենք տվյալների անձնավորված հաշվառման ռեեստր, ինչը կարեւոր է ոլորտային քաղաքականություններ մշակելիս։ Չկարողանալով ճանաչել քաղաքացիների առանձին խմբերին՝ չենք կարողանում աջակցության այս կամ այն ծրագիրը լավ հասցեավորել։ Այդպես արդյունավետության ոչ ցանկալի մակարդակ է լինում։ Իսկ մյուս նպատակը հարկերի վճարման մշակույթի ձեւավորումն է»։

Հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար, ինչպես Արման Պողոսյանը տեղեկացրեց, պատասխանատվություն է նախատեսված։

Հավելենք, որ մինչեւ տարեվերջ այս նախագիծը կընդգրկվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930