ՀՀ կառավարության որոշմամբ` գյուղացիներն առաջին անգամ օգտվում են աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրից, որի համար հատկացվել է 2,5 միլիարդ դրամ: Ըստ աջակցության ծրագրի՝ կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին կփոխհատուցի 120 հազար, իսկ ոչ հավաստագրված սերմերով ցանքս կատարողներին` 70 հազար դրամի չափով:
Տավուշի մարզի Դիտավան բնակավայրում այս պահին կատարվել է 24 հա աշնանացան ցորենի ցանքս: Դիտավանի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանի խոսքով՝ ծրագիրը դրական կողմերից բացի, ունի նաև որոշ «թերություններ»: «Ընդհանուր առմամբ շատ լավ ծրագիր է, գյուղացին գնում ցանք է կատարում` համոզված լինելով, որ վերջում կստանա իր գումարը: Համայնքն էլ վերջում մոնիտորինգ է կատարում և փոխհատուցումը տրամադրում: Դրական կողմերից է նաև այն, որ համայնքին նույնպես որոշակի գումար է տրամադրվում` հավելյալ գործառույթներ կատարելու համար: Ափսոսանքը կամ թերությունը միայն այն է, որ կան գյուղացիներ, որոնք այդ նախնական գումարը չունեն ցանքս կատարելու համար: Իհարկե, նաև հասկանում եմ, որ պետության համար գուցե ռիսկային է գյուղացուն գումարը նախապես տրամադրելը: Ամեն դեպքում, լավ կլիներ, եթե նման խնդիր ունեցող գյուղացիների համար լուծում գտնվեր»,- հավելեց Սարիբեկլյանը:
Իջևանի համայնքապետարանից տեղեկացանք, որ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի աջակցության ծրագրից օգտվում է խոշորացված համայնքի 533 շահառու: Այս պահին 479.698 հա ցորենի ցանքս է կատարվել, ժամկետի ավարտին նախատեսվում է այն հասցնել 615.882 հեկտարի:
Հավելենք, որ նախորդ տարիների համեմատ` այս թվերը 50% -ով բարձր են:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ