Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ցավն արտացոլվում է նաև ի՛մ սրտում». Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի՝ հաջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների

Նոյեմբեր 25,2022 13:40

Հայաստան այցից առաջ աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սպիվակովը ողջույնի խոսք է հղել իր հայ հանդիսատեսին. «Թանկագին ընկերներ, Հայաստանը վաղուց ինձ համար դարձել է հարազատ տուն: Ես բազմիցս եկել եմ որպես մենակատար և դիրիժոր՝ «Մոսկվայի Վիրտուոզների» և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Իմ ընտանիքը միշտ եղել է ձեզ հետ՝ և՛ տխրության, և՛ ուրախության պահերին: Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Ձեր ցավն արտացոլվում է նաև ի՛մ սրտում, այդ իսկ պատճառով ինձ համար կարևոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Մենք հանդես կգանք երեք համերգով. Երկուսը՝ Երևանում և մեկը՝ ինձ համար շատ նշանակալի քաղաքում՝ Գյումրիում: Այս երեք համերգներից առաջինը «Զինվորի տանը» բուժվող և կյանք վերադարձող վիրավոր զինվորների համար է։

Այն տղաները, ովքեր ի վիճակի կլինեն գալ համերգի, կդառնան համերգի ունկնդիրներ, որի ծրագիրը կազմված է հատուկ իրենց համար, իսկ դահլիճի մնացած տեղերը կվաճառվեն: Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Զինվորի տուն:

Կան ուղեկիցներ և կան ընկերներ: Մենք ընկերներ ենք: Այդպես եղել է և այդպես կլինի միշտ: Ձեր Վլադիմիր Սպիվակով»:

Վլադիմիր Սպիվակովի համերգով, նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Զինվորի տան» նոր՝ «Armenia 301» նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։ «Armenia 301» նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար:

ԵՊԲՀ ռեկտոր և «Զինվորի տան» համահիմնադիր Արմեն Մուրադյանն իր երախտիքի խոսքն է հայտնում հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին՝ կրկին հայ ժողովրդի և այս անգամ՝ «Զինվորի տան» կողքին կանգնելու համար:

« «Զինվորի տան», բոլոր զինվորների, անձամբ իմ և Հայկուհի Մինասյանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Սպիվակովին՝ մարդասիրական նման գեղեցիկ քայլի համար: Կանգնել հայ զինվորի կողքին, սատար լինել նման աստվածահաճո գործի, նշանակում է՝ ոչ միայն հայ ժողովրդի մեծ բարեկամը լինել, այլև իսկապես՝ մեծ հումանիստ: Պատահական չէ, որ հենց այս բարեգործական համերգով ենք տալիս «Զինվորի տան» «Armenia 301» ծրագրի մեկնարկը: Սա մի ծրագիր է, որ նպատակ ունի «Զինվորի տան» շուրջ, այսինքն ի նպաստ զինվորի առողջության և բարօրության կատարվող գործի շուրջ համախմբել համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին: Ուրեմն, ի գործ՝ ի նպաստ հայրենիքի պաշտպանների»,-ասում է Արմեն Մուրադյանը:

«Զինվորի տանը» նվիրված բարեգործական համերգի էքսկլյուզիվ հովանավորն է Արդշինբանկը: Բանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը, հիշատակելով «Զինվորի տան» հետ արդեն մի քանի տարվա վաղեմության ծրագրերը, կարևորում է գործակցության շարունակությունը: «Սա մեծ սոցիալական ծրագիր է, որին մենք շարունակաբար աջակցում ենք։ Այսօրվա միջոցառումը բանկի ևս մեկ ներդրումն է վերականգնողական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում: Մեր մեծ երախտագիտությունն ենք հայտնում մաեստրո Սպիվակովին, ով իր գործունեությամբ արդեն երկար տարիներ սատարում է հայ ժողովրդին»,-նշում է Արտակ Անանյանը։

Զինվորի տունն առաջարկում է համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել Սարյանի կտավի շուրջ, միասնաբար «ստեղծել» կտավի կրկնօրինակը՝ այդպիսով մասնակից դառնալով հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագայի կառուցման գործին:

Այս համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի,

Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն ռուս կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Պ. Չայկովսկու Թիվ 5 սիմֆոնիան, մենակատար` միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Կլյուչկո (դաշնամուր): Այս ստեղծագործությունները համաշխարհային երաժշտարվեստի ամենատպավորիչ գործերից են:

Ռուզաննա Գրիգորյանը

ԳեոՊրոՄայնինգի արտաքին քաղաքականության և սոցիալական ռազմավարության բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, այս նախագիծը իր մեջ ունի մեծ գթասրտության սիմվոլ․ «Մեզ համար մեծ պատիվ է դառնալ մշակութային ծրագրի գործընկեր, որն ունի խորը հումանիտար և սոցիալական նշանակություն: Մշակույթն անհնար է առանց գթասրտության, քանզի գթասրտությունը մշակույթի մաս է:  Հնչում է Չայկովսկի, Ռախմանինով՝ երաժշտության և մշակույթի միջազգային լեզուն։ Մենք հաճախ ենք ասում, որ մշակույթը մեր ամենամրցունակ ոլորտն է, որը կարող է մեզ հասցնել համաշխարհային մակարդակի։ Հենց նման հանդիպումներն են ծառայում երկրի պատվին, կամուրջ են դառնում դեպի համաշխարհային մեծ խաչմերուկ՝ այնտեղ, որտեղ կա փոխազդեցություն և որ ամենակարևորն է՝ փոխըմբռնում։ Ընդհանրապես դասական երաժշտության մասսայականացմանը նպաստելը մեծ ու կարևոր ներդրում է ազգի քաղաքակրթական կոդի զարգացման գործում»։

 

Վլադիմիր Սպիվակովի այցը Հայաստան առանց Գյումրի այցելելու դարձել է արդեն անհնար: Չէ՞ որ դեռ հեռավոր 1989թ. գալով Գյումրի (այն ժամանակ դեռ Լենինական), նա խոստացավ, որ կվերադառնա և պահում է իր խոստումը մինչ օրս: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, նոյեմբերի 29-ին կայանալիք համերգին կհնչեն հատվածներ Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից , «Կարապի լիճը» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետներից, Արամ Խաչատրյանի Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից սյուիտը:

Այս երաժշտական հրավառությունը հնարավոր դարձավ «Արվեստ23»-ի և ՌԱՖՆ բարեգործական հիմնադրամի ջանքերով: Իսկ Գյումրու համերգի կազմակերպիչն է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Tomsarkgh.am-ի միջոցով և Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում:

«Արվեստ23» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930