Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնթեն մեզ սովորեցնում է հաղթել, իսկ այսօր մենք հակված ենք այլ գաղափարների ենթարկվելու». Կարին Տոնոյան

Նոյեմբեր 25,2022 13:19

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը «տեղեկատվական զնդանի մեջ է հայտնվել» համացանցում, մասնավորաբար, Ֆեյսբուք սոցիալական հարթակում, արգելափակվում են բոլոր այն էջերը, որտեղ Մոնթեի նկարն է տեղադրվում կամ նրա անվան հիշատակումներ են լինում: «Հանուն Մոնթեի՝ մոնթեաբար», երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր՝ Մոնթեի ծննդյան 65 ամյակի օրը, այդ առիթով դիմեցին ՀՀ կառավարությանը՝ Մոնթե Մելքոնյանին թվային արգելափակումից ազատելու պետական միջամտության պահանջով: Նպատակը՝ ինչպես ներկայացրեց նախաձեռնության անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Գուրգեն Դանիելյանը Մոնթեին համացանցում «ազատագրելն» է:

Գուրգեն Դանիելյան

«Տարածված կարծիք կա, որ Մոնթե Մելքոնյանը համարվում էր ԱՍԱԼԱ-ի անդամ, իսկ ԱՍԱԼԱ-ն, ամերիկյան հաղորդագրություններում համարվում է միջազգային ահաբեկչական կառույց ու այդ է պատճառը, որ Ֆեյսբուքում արգելափակում են Մոնթեի հետ կապված ամեն ինչ: Բայց տրամաբանական կապ այստեղ չկա, որովհետեւ, նույն հաջողությամբ, կառույցի այլ անդամների վերաբերյալ գրառումները չեն փակվում»,- ասաց Գուրգեն Դանիելյանը՝ հավելելով, որ իրենք զրուցել են փորձագետների հետ, վերջիններս կասկածներ ունեն, որ ադրբեջանական հակաքարոզչության եւ բողոքի արդյունք է Մոնթեի արգելափակումը՝ այդպիսով կանխելով արցախյան թեմաներով տարբեր քննարկումներ: «Փորձագետների հետ զրուցել ենք ու պարզ է դարձել, որ պետական մակարդակով միջամտության արդյունքում կարող է հարցը լուծվել»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ պատրաստ են այս հարցում կառավարությանն աջակցել՝ ինչով որ կկարողանան:

Հիշեցնենք, արցախյան առաջին պատերազմում Քարվաճառն ազատագրելու օպերացիան գլխավոր էլ Մոնթե Մելքոնյանը, 44-օրյա պատերազմից հետո Քարվաճառը Ադրբեջանին հանձնվեց Մոնթեի ծննդյան օրը:

«Հանուն Մոնթեի՝ մոնթեաբար» նախաձեռնության անդամները Ազատության հրապարակից Հյուսիսային պողոտայով երթով գնացին դեպի Հանրապետության հրապարակ, ապա պահանջագիրը հանձնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմին, որից հետո, քայլերթով շարժվեցին դեպի Եռաբլուր պանթեոն: Այնտեղ՝ Մոնթե Մելքոնյանի շիրիմին հարգանքի տուրք կմատուցեն, «Քո պատգամն ու մեր խոստումը, Մոնթե» խորագրով միջոցառում կլինի:

Կառավարության ներկայացուցչի հետ հանդիպում-զրույցից Գուրգեն Դանիելյանը գոհ է, տպավորություն ունի, որ պատրաստակամություն կա հարցով զբաղվելու: Համենայնդեպս, խոստացել են հնարավորինս արագ արձագանքել դիմումին: Գուրգեն Դանիելյանը կարծում է, որ այս հարցի կարգավորումը նաեւ կառավարության իմիջի հարց է, բայց, ամենից զատ, նաեւ հասարակությունը պետք է հետեւողական լինի ու աղմուկ բարձրացնի այս առիթով:

Երթին մասնակցում էին նաեւ «5165» շարժման անդամները, «Հայ ասպետ» դպրոցի աշակերտներ, նաեւ դպրոցի տնօրեն, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

Կարին Տոնոյան

Լրագրողների հետ զրույցում Կարին Տոնոյանն ասաց, որ նախաձեռնությանը մասնակցում է նախ, որովհետեւ Մոնթեի առջեւ բոլորս պարտք ունենք, ապա նախաձեռնության հեղինակը «Հայ ասպետի» սան է եղել ու նրան՝ իր գաղափարի հետ մենակ թողնել չէին կարող, քանի որ այդ դաստիարակությունը «Հայ ասպետն» է նաեւ տվել: «Ամոթ է, որ Մոնթեի 65-ամյակն այսպես թողնեինք, որ անցներ»,- ասաց նա՝ հիշելով, որ Մոնթեի ծնունդը նախկինում ազգային տոնի էր վերածվում, իսկ այսօր, իր գնահատմամբ, անկում կա ու դա արժեհամակարգի, ազգային գիտակցության անկում է, մշակութային եւ տեղեկատվական համակարգում պարտություն:

«Մոնթեն մեզ սովորեցնում է հաղթել, իսկ այսօր մենք հակված ենք այլ գաղափարների ենթարկվելու՝ թույլ ենք, պարտված ենք, պետք է հաշտվենք մեզ սպանողների, ամեն օր մեր տարածքները գրավողների հետ: Երեւի սրանում է հակադրությունը: Ու քանի որ Մոնթեն ազգային հերոս է, Սփյուռքի եւ հայրենիքի կապի խորհրդանիշն է, նաեւ մեր ապագա հաղթանակների խորհրդանիշն է, մենք որոշել ենք պայքարել Մոնթեի ազատագրման համար, նրա ջահ-կերպարը մեր ձեռքին՝ շարունակենք հայրենիքի յուրաքանչյուր անկյան ազատագրման համար պայքարը»,- ասաց Կարին Տոնոյանը՝ հավելելով, որ ովքեր էլ լինեն իշխանության, պարտական են ազգային հերոսներին եւ պարտավոր են նման հարցերում անել ամեն ինչ:

Կարին Տոնոյանը նաեւ հիշեցնում է, որ Մոնթե Մելքոնյանը դատապարտվել է կեղծ անձնագրի համար եւ չի ճանաչվել միջազգային ահաբեկիչ: Իր դիտարկմամբ, նրա հիշատակի հետ ադրբեջանական պետությունը կռիվ է տալիս այն պարագայում, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանած Ռամիլ Սաֆարովը հերոսացվել է եւ ազատորեն գործում է՝ բոլոր հարթակներում: Սրա պատճառը Կարին Տոնոյանը համարում է մեկը՝ չունենք պետական աջակցություն, մեր հերոսի նկատմամբ հարգանք պարտադրելու եւ հարգելու նրա կերպարը: Ինքը կցանկանար, որ կառավարությունը վերցներ այդ պայքարն իր վրա եւ առաջ տաներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930