Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է սկսվի մեծ փաստաթղթի մշակում՝ «Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը» պայմանական անունով. Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 25,2022 13:04

Սկիզբը՝ այստեղ:

Հայկական օրակարգ. հինգ քայլ՝ իրավիճակը փոխելու համար

Մաս երրորդ

Ունենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն և բազմաթիվ գրագետ ու պարկեշտ մարդկանցից  կազմված, բայց` սպառված ձևաչափերով ընդդիմություն։ Հետևաբար, ՄԵԿ հոգին հաղթում է։

Սա բացառիկ ռիսկային վիճակ է, որը ստեղծում է համատարած անորոշության և հուսալքության մթնոլորտ ու նոր աղետի նախաշեմ։

Խորհրդարանական կառավարման պայմաններում ցանկացած ընդդիմության օրակարգում է արտահերթ ընտրությունը։ Արտահերթ ընտրության «սպառնալիքը» իշխանության զսպաշապիկն է, ամենազսպող գործիքն է իշխանության գլխին։

Այսօր Հայաստանում ընդդիմության ձևաչափերը ոչ միայն պատրաստ չեն արտահերթ ընտրությունների, այլև՝ ակնհայտորեն չեն ուզում, խուսափում են։ Սա անոմալիա է։

Նման վիճակը է´լ ավելի անբռնազբոս է դարձնում ՄԵԿ հոգուն, որը շատ լավ է հասկանում այս նրբությունը։ Ընդդիմադիր ձևաչափերը հոգեբանական նախաձեռնությունը տվել են ՄԵԿ հոգուն։

Եթե այսքանից հետո, տարբեր փուլերով պայքարից հետո ընդդիմադիր ձևաչափերը պատրաստ չեն ընտրություններին, ավելին՝ խուսափում են դրանից, ապա դա ուղիղ ազդակ է, որ առկա են էական սխալներ, և այս ձևաչափերն այլևս կենսունակ չեն։

Նոր ընդդիմադիր ձևաչափեր, և իհարկե՝ դիմադրություն

Ընդդիմության մարդկային, որակական, մասնագիտական ռեսուրսը շատ մեծ է։ Շատ ավելի մեծ է պոտենցիալը՝ նոր դեմքերով ու նոր հանրային շրջանակներով ուժեղանալու և վճռորոշ միավոր դառնալու համար։

Բայց առանց նոր ձևաչափերի՝ ժողովրդին արթնացնելու խնդիրը չի լուծվելու։

Ընդդիմության ընկալումը պետք է փոխվի. բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ կանգնած ենք նոր աղետի շեմին և պետականության կորստի շեմին, նրանք բոլորն ընդդիմություն են։

Այսօր չկա այդ ահռելի ռեսուրսի ինտեգրված աշխատանքի մեխանիզմը։ Այսօրվա ձևաչափերը քաղաքական ռուդիմենտներ են՝ ստեղծված այլ իրավիճակում, այլ նպատակներով։

Ընդդիմադիր դաշտի վերափոխումներով պետք է լուծվեն մի քանի հստակ խնդիրներ։

Խնդիր առաջին.

Բացել դռները լայն շերտերի համար, կարող անհատների, մտահոգ մարդկանց, ակտիվ շրջանակների ու համակիրների առաջ։ Ընդդիմության այսօրվա «հոմոֆոբ» փակ ձևաչափերն են իշխանության լկտիության պատճառը։

Խնդիր երկրորդ.

Ընդդիմադիր նոր ձևաչափերը պետք է շատ արագ լուծեն արտահերթ ընտրություններին պատրաստ լինելու խնդիրը։ Մի քանի ամսում թե´ իշխանության, թե´ բոլոր այլ էլիտաների համար պետք է պարզ դառնա, որ ընդդիմությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների, չի վախենում, չի խուսափում դրանցից։

Սա դեռ չի նշանակում, որ արտահերթ ընտրություններ կլինեն, բայց սա էապես կփոխի մթնոլորտը երկրում։ Սա կհանգեցնի նրան, որ իշխանության որակը տեսանելիորեն կփոխվի՝ կդառնա ավելի զգուշավոր, ավելի զուսպ։ Իշխանությունը հենց զգաց արտահերթ ընտրությունների ռիսկը, կդառնա ավելի կաշկանդված՝ թե´  բանակցություններում, թե´ ներքին կյանում։ Ավելի երկար կմտածի՝ «անոնսով» քրեական գործեր հարուցելիս, պատգամավորներին մանդատից զրկելու՝ անոնսվող սպառնալիքներից, պատվերով քրեական գործեր հարուցելիս, և ընդհանրապես՝ ավել-պակաս խոսելուց առաջ։

Խնդիր երրորդ.

Պետք է սկսվի մեծ փաստաթղթի մշակում՝ «Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը» պայմանական անունով։ Այն պետք է ներառի բոլոր հարցերը՝ ասել է թե՝ ընդդիմությունը սկսում է աշխատել, ոչ թե «Մեր» օրակարգով, այլ՝ քաղաքացու։ Անվտանգություն, Արցախ, արտաքին քաղաքականություն, ներքին բարեփոխումներ, տնտեսություն, սփյուռք, մարզերի զարգացում, բիզնես և այլն, և այլն։ Քաղաքացուն հուզող և պետության համար կարևոր բոլոր հարցերը պետք է ներառված լինեն։

Խնդիր չորրորդ.

Փաստաթղթի մշակումն ինքը հենց քաղաքական-հանրային պրոցես է, որում պետք է ներգրավվեն բազմաթիվ ոլորտային մասնագետներ՝ իրենց շրջանակներում, երկրի սահմաններում և երկրից դուրս  հեղինակություն վայելող մարդիկ։ Փաստաթղթի մշակումը պետք է ուղեկցվի փակ և հրապարակային քննարկումներով, որոնց մասնակից պետք է դառնան հանրային տարբեր շերտեր, և ի վերջո՝ ողջ հասարակությունը։ Լայն մասնակցային պրոցեսը և միասնական ապագայի քննարկումները, բանավեճը ամենահուժկու քաղաքական պրոցեսն է, միջընտրազանգվածային երկխոսությունը, որի դեմ իշխանությունը լինելու է անուժ։

Խնդիր հինգերորդ.

Միասնական տեղեկատվական կենտրոն. 100 խելոք անհատի հնչեցրած մտքերը կաթիլ են, եթե դրանք մնում են անհատական կարծիքի մակարդակում։ Միասնական միավորի անունից և   միասնական գործունեության շրջանակներում հնչեցված՝ 100 խելոք անհատի մտքերն արդեն 9-րդ ալիք է, որը կփոխի առկա տրամադրությունները, անօգնական հոտային վիճակում գտնվող հասարակությունից կսարքի մոտիվացված, պայքարող հասարակություն։

 Կարվի՞ արդյոք այս ամենը

 Հինգ քայլ՝ գրագետ տեխնոլոգիական լուծումներով, և կունենանք լրիվ այլ վիճակ։ Կունենանք նոր տրամադրություններ մեր երկրում՝ նոր լուծումների հնարավորություններով։ Մենք պետք է դուրս գանք այսօրվա մանր, բամբասանքային, «մանդատա-օրակարգային» պատկերացումներից։ Կգնա՞նք այս ճանապարհով, դժվար է ասել, որովհետև լինելու է մեծ դիմադրություն։ Ընդ որում իշխանությունն այդտեղ ոչ մի կապ չունի։

Մեծ հաշվով, կա երկու ճանապարհ. կա´մ գնալ էական փոփոխությունների, կա´մ ազգովի սպասել նոր աղետի։ Վերջինը հենց այն է, ինչ այսօր անում ենք։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930