Հայկական կողմի՝ ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցրած քննադատությունը, իհարկե, լուրջ հիմքեր ունի. այդ կառույցն անընդհատ պատճառներ է գտնում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունից հեռանալու համար:
Ադրբեջանի հարձակմանը ենթարկված Հայաստանը շատ բան չէր ուզում ՀԱՊԿ-ից: Ինչպես բացատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դաշինքի անդամները պարտավոր են ուժեղացնել դիվանագիտական ճնշումը Բաքվի վրա՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար: Եթե դա չստացվի, ապա ՀԱՊԿ-ն Հայաստանին օգնության «ճանապարհային քարտեզ» պետք է ստեղծի՝ ընդհուպ մինչեւ հայկական տարածքների ազատագրման ուժային տարբերակը:
Զարմացնում է այն համառությունը, որով Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն անընդհատ փորձում են խուսափել հայկական շահերի վերաբերյալ գնահատականների հնչեցումից, չնայած որ կառույցն արձանագրել է՝ Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ-ի ինքնիշխան անդամի՝ Հայաստանի տարածք: Այսօր չի ստացվում սեփական պատկերացումները պարտադրել, դա լուծելու եւ Հայաստանի դիտարկումները լսելու փոխարեն մեկ այլ տեսանկյուն են որդեգրում, մյուս անգամ՝ էլի նույնը: Ու միշտ գործում են հայկական շահերը շրջանցելու ձգտումով: Հիմա էլ ՀՀ-ն չստորագրեց հայտարարությունը: Ու էլի «լրացուցիչ աշխատանքի» անհրաժեշտություն առաջացավ այնտեղ, որտեղ անորոշության պահպանումը ոչ թե ելք է, այլ ինքնասպանություն: Ժամանակը սուղ է, եւ Հայաստանը պետք է շտապի եզրակացությունների հարցում:
Հաջորդ խնդիրը, որին բախվում ենք, հետեւյալն է. թվում է՝ ՌԴ-ն ձգտում էր միանալ Իրան-Հայաստան-Հնդկաստան ձեւավորվող դաշինքին. այս շղթայում Երեւանը կարեւորագույն օղակ է: Ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում նույնիսկ տեսակետներ են հնչել, որ Մոսկվա-Բաքու-Անկարա շղթան ուտոպիական է եւ ոչինչ չի կարող տալ Ռուսաստանին, խնդիրներից բացի: Սակայն Հայաստանի հարցում մոսկովյան դիրքորոշումը ակնհայտորեն ցուցադրում է, թե որտեղ է նա իրեն պատկերացնում:
Կարդացեք նաև
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Մոսկվան, հանուն ինչ-ինչ էներգետիկ շահերի, կհակադրվի ինչպես Իրանին, այնպես էլ Հնդկաստանին…
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: